Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն ամեն գնով ջանում է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ՝ մատնանշելով տնտեսական հնարավորությունները, որ ունենալու է Հայաստանը սահմանները բացելուց հետո: Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել տնտեսագետ Սուրեն Պարսյանին:
– Պարո՛ն Պարսյան, հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումն ի՞նչ է տալու ՀՀ-ին: Մեր տնտեսությունն ունի՞ վաճառքի սեփական արտադրանք:
– Նախորդ 30 տարվա ընթացքում Հայաստանը Թուրքիայի հետ չի ուենցել դիվանագիտական հարաբերություններ, բայց առևտրային հարաբերություններ եղել և զարգացել են, մեծ քանակությամբ ապրանքներ են ներկրվել Հայաստան` Վրաստանի տարածքով: Սահմանի փակ լինելը խոչընդոտ չի եղել ապրանքների ներկրման համար: ՀՀ-ն տարեկան 1-1.5 մլն դոլարի ապրանք է կարողացել արտահանել իր փոքր հնարավորությամբ՝ չմշակված զարդեր, կաշի, և այլն: 2022 թ. իրավիճակն էականորեն փոխվել է: 2021 թ. հունվարի 1-ից ներդրվեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը, որը մնաց թղթի վրա, քանի որ այլ երկրների անվան տակ, միևնույն է, ներմուծում լինում էր: 2022 թ. այդ արգելքն էլ հանվեց և արդեն 260 մլն դոլարի սահմաններում ապրանք ներկրվեց Հայաստան, իսկ Հայաստանն էլ Թուրքիա արտահանեց 61 մլն դոլարի ապրանք, որի 97 տոկոսը ոսկու ձուլակտորներն են, Հայաստանն այստեղ գտնվել է վերավաճառողի դերում: Սա աննախադեպ արտահանում է: Գործող իշխանությունը մեծ հույսեր է կապում հայ-թուրքական սահմանի բացման հետ՝ կանխատեսելով տնտեսական աննախադեպ աճ: Իրականում, քաղաքական առումով, Թուրքիային հետաքրքիր չէ, որ հայկական տնտեսությունը վերելք ապրի, զարգանա և այլն: Նրան ավելի հարմար է, որ կախված լինենք այլ երկրներից: Չեմ կարծում, որ ցանկանում են մեծ նախագծեր իրականացնել Հայաստանում՝ նույնիսկ սահմանի բացման պարագայում: Բաց սահմանի դեպքում էլ ՀՀ-ից արտահանումը չի ավելանալու՝ մենք չունենք այնպիսի արտադրանք, որը թուրքական տնտեսության համար գայթակղիչ կլինի: Եթե Թուրքիական ապրանքների մեծ հոսք գա Հայաստան, հատկապես գյուղատնտեսական ապրանքներին է դա վերաբերում, ապա մեծ վնաս կհասցվի մեր գյուղատնտեսությանը: Չնայած կառավարությունը կարող է հայտարարել, թե գնում ենք հաշտեցման, սահմաններ ենք բացում, բայց, մարդկային մակարդակում, այդ թշնամանքը դեռ երկար կարող է պահպանվել: Սահմանի բացումը ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենալու: Այն մեզ պետք է միայն որպես այլընտրանքային ճանապարհ՝ օրինակ Եվրոպա արտահանում իրականացնելու համար: Արդեն գործարկվել է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը և այս առումով էլ Հայաստանը տարանցիկ լինել չի կարող:
– Ի՞նչ է տալու մեզ Անիի կամրջի վերագործարկումը, ինչը մատնանշում էր Արարատ Միրզոյանը:
– Սա ավելի շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: Այդ կամուրջով երկաթգծեր չեն կառուցվելու և բեռնատարներ չեն երթևեկելու: Օրինակ հայերը կկարողանան այցելել Անի, կլինեն տուրիստական հոսքեր: Թուրքիային այդ բացումը հետաքրքիր չէ, դրանով շահագրգռված է Հայսատանը և նրանք դա փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով, զիջումներ կորզելու համար, մասնավորապես՝ Սյունիքի միջանցքի հարցում:
– Ըստ մասնագետների՝ սահմանի բացմամբ վերականգնվում է, այսպես կոչված, Մետաքսի ճանապարհը և կապը Չինաստանի հետ: Սա հնարավո՞ր է:
– Մետաքսի ճանապարհը՝ չինական կողմի մշակմամբ այդ տեղով չի էլ անցնում: Այդ հայտարարություններն արվում են զուտ պատմական քարտեզներին նայելով: Անի կամուրջը չինական նախագծի մեջ չի մտնում:
– Եթե սահմանի բացումը տնտեսության մեջ էական փոփոխություն չի ապահովելու, կարո՞ղ ենք ենթադրել, որ նպատակը տնտեսական չէ:
– Անշուշտ, այստեղ կարևոր է քաղաքական և անվտանգային գործոնը: Այդ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել սպառնալիքները: Այդ տեսանկյունից բոլոր կառավարությունները քայլեր են իրականացրել, բայց դա էլ որպես այդպիսին երաշխիք չէ: Հունաստանն էլ Թուրքիայի հետ ուներ բաց սահման, սակայն դա չխանգարեց, որ Թուրքիան հարձակվի և Հյուսիսասյին Կիպրոսը գրավի: Նույնը եղավ նաև Սիրիայի պարագայում: Կարևոր է նաև, որ Թուրքիան ներկրվող ապրանքների նկատմամբ հատուկ սահմանափակումներ է կիրառում, ընդհուպ կարող է այս կամ այն ապրանքի նկատմամաբ 48 տոկոս մաքսատուրք սահմանել: Այդ տեսանկյունից բավականին պաշտպանված է: Էներգակիրներն էլ մոտ 10 անգամ ավելի մատչելի են, քան Հայաստանում: ՀՀ-ն տնտեսական առումով չի կարող մրցակցել Թուրքիայի հետ: ՀՀ-ն Թուրքիային հետաքրքիր է միայն միջանցքի առումով, որը կապահովի կապը թուրանական երկրների միջև: