կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 18:06
Առանց Կատեգորիա

Ովքե՞ր են գերթանկարժեք մեքենաների տերերը

Ովքե՞ր են գերթանկարժեք մեքենաների տերերը

Yerkir.am-ը ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2012 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ակցիզային հարկով հարկման ենթական 44 ավտոմեքենա, իսկ 2011 թվականի 11 ամիսներին` այդպիսի 259 ավտոմեքենա: Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին մեր օրենսդիրը «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ ընդունեց, որով 25.0 մլն դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4500 խոր. սմ եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաներ ներմուծելիս դրանք նույնպես ենթակա են ակցիզային հարկով հարկման`մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:

 

Այս օրինագիծը խոսակցական մակարդակում անվանվեց «շքեղության հարկ», սրանով նախատեսվում էր մեծացնել պետբյուջեի մուտքերը: Սակայն արդեն այս տարվա նոյեմբերի 6-ին ԱԺ-ում ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ 2012 թ. 6 ամիսների արդյունքներով շքեղության հարկից մուտքերը չեն արդարացրել ակնկալիքները: Նրա դիտարկմամբ՝ թանկարժեք մեքենաներ ներկրողները դիմում են խորամանկության` ներկրված մեքենան վերարտահանում են մինչև ռուս-վրացական սահման, հետո կրկին ներկրում:  Նա ասել էր նաեւ, որ Երևանը թանկարժեք մեքենաների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: «Այդ քանակի շքեղ մեքենաներ փոքր տարածքներով որևէ այլ երկրում չկա»,- նշել էր Ա. Ալավերդյանը:

 

Եվ, իրոք, փորձենք մի փոքրիկ հաշվարկ կատարել: Ընթացիկ եւ նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել ակցիզային հարկով հարկման ենթակա 303 մեքենա: Այդ մեքենաների ընդհանուր գումարը, եթե բոլորի գինը պայմանականորեն ընդունենք նվազագույնը 25 միլիոն դրամը, 7 միլիարդ 575 միլիոն դրամ կլինի: 

 

Այս թիվը համադրենք ՀՀ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակին. մեր երկրի ամեն երրորդ բնակիչը` 35.0%-ը,  աղքատ է: Աղքատներից ամեն հինգերորդը`19.9%-ը, շատ աղքատ, 3.7%-ը`ծայրահեղ աղքատ: 2009-2011թվականների ընթացքում, 2008թ.-ի համեմատ, մոտ 250 հազար մարդ դարձել է աղքատ` աղքատների թիվը 2011թ.-ին հասցնելով մոտ 1.1 մլն-ի: Նրանցից մոտ 240 հազար մարդ նույն ժամանակահատվածում դարձել են շատ աղքատ` հասցնելով շատ աղքատների թվաքանակը 650 հազարի: Միայն երեք տարիների ընթացքում մոտ 70 հազար մարդ դարձել է ծայրահեղ աղքատ` 2011թ.-ին ծայրահեղ աղքատների թվաքանակը հասցնելով մոտ 120 հազարի: Ծայրահեղ աղքատության գիծը`գումարով արտահայտված ամսական եկամուտների չափը, որին հավասար կամ դրանից քիչ է ստանում ծայրահեղ աղքատ մեկ մարդը, եղել է 19126 դրամը, իսկ աղքատության ընդհանուր գիծը` 33517 դրամը:

 

Այսինքն` 2011 և 2012 թվականներին Հայաստան ներմուծված 303 թանկարժեք մեքենաների ամբողջ գումարն այնքան է, որքան եկամուտ, ամբողջ տարվա կտրվածքով, կարող են ունենալ 18 800 աղքատներ` միասին վերցրած, եթե նրանց ամսական եկամուտը լինի աղքատության գծի չափով` 33,517 դրամ: Իսկ Հայաստանի բոլոր աղքատներին այս գումարը կբավականացնի` յուրաքանչյուրին 7000 դրամի չափով:

 

Եվ, կարծես, ոչ ոքի չի հետաքրքրում, թե մի երկրում, ուր օրական 1.1 միլիոն մարդ կիսաքաղցած կամ քաղցած է քնում (եթե ընդունենք անգամ ԱՎԾ թվերը), ովքե՞ր են այդ 303 գերթանկարժեք մեքենաների, եւ մնացած` հարեւան երկրներում գրանցված մեքենաների տերերը, եւ նրանց որտեղի՞ց նման մեքենաներ ձեռք բերելու գումարներ:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ