Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին գրում է.
«Հայ ժողովուրդը մի ասացվածք ունի, ըստ որի՝ եթե ուզում ես ընտանիքի գաղտնիքն իմանալ, ապա այդ մասին հարցրու կա՛մ ընտանիքի խելապակասին, կա՛մ մանկահասակին։
Քաղաքացիական պայամանգրի դեպքում խելապակասի դերում է գեներալ-նախրչի Գագիկ Մելքոնյանը։ Երեկ նա հարցազրույց է տվել լրատվականներից մեկին և, վստահաբար, անգիտորեն բացել է ԱՄՆ բոլոր պլանները, որոնց մասին, ըստ ամենայնի, իշխանության ղեկին գտնվողը նրանց պատմել է ՔՊ ժողովների ժամանակ։
Գեներալ-նախրչին բացել է բոլոր փակագծերը, հաստատել բոլոր այն վերլուծությունները, որոնք այս ընթացքում հրապարակվել են այդ թվում մեր կողմից։ Գագիկ Մելքոնյանի մտքերից առանձնացրել ենք չորս միտք (միտք բառն այստեղ վիրավորական իմաստով չի օգտագործվել), որով ակնհայտորեն երևում է, թե ինչ պլաններ ունեն ՔՊ-ական իշխանության արևմտյան տերերը և ինչ խնդիրներ են փորձում դրանով լուծել։
1․ Եթե իրենք (ԱՄՆ՝ խմբ․) այստեղ են, ուրեմն ունեն իրենց շահերը։ Իրենք առաջարկեցին միջանցք, որպեսզի միջինասիական երկրները Հայաստանով մտնեն Եվրոպա։ Սա իրենց համար հետաքրքրական է։
2․ Ամերիկան ցանկանում է այնպես անել, որպեսզի Ռուսաստանի ոտքը կտրվի այստեղից (տարածաշրջանից՝ խմբ.)։
3․ Հայաստանը պիտի ամբողջովին հրաժարվի ռուսական գազից, որ վերջապես լիարժեք կարողանա անկախ ապրել։
4․ Մենք տեսնում ենք՝ մեր հակառակորդ պետությունը ինչ ձևի քայլեր է կատարում աշխարհում։ Էս վերջերում ինքն արդեն Աստանայում Չինաստանի հետ ռազմատեխնիկական պայամնագիր կնքեց։ Ռուսաստանն իր դաշնակիցն է։ Թուրքիան լրիվ իր բարեկամն է։ Պետությունը (Ադրբեջան՝ խմբ.) իր բարեկամների ցանկն ավելացնում է օր օրի։
Սրանք քննարկման արժանի միակ մտքերն էին, որ հնչել են այդ հարցազրույցի ընթացքում։ Փորձենք առանձին–առանձին վերլուծել ասվածի իմաստը․
Զանգեզուրի միջանցքը պետք է ԱՄՆ-ին
Գագիկ Մելքոնյանն ասում է, որ ամերիկացիներն առաջարկել են միջանցք և որ դրանով Միջին Ասիայի երկրները կապելու են Եվրոպայի հետ։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում ենք տարիներ շարունակ։ Միջանցքը պետք էր ԱՄՆ-ին, և այդ ծրագիրը կար նաև պատերազմից առաջ։ Հենց միջանցքի մասով ամերիկյան պլաններն են ստիպել Ռուսաստանին նոյեմբերի 9-ի հայտարարությունում ներառել դրա նկատմամբ ռուսական հսկողության կետը։ Ռուսները լավ են հասկացել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Սյունիքով միջանցք տալ արևմտաթուրքական տանդեմին, ուստի փորձել են գոնե դրա նկատմամբ ունենալ վերահսկողություն։ Հետագայում նոյեմբերի 9-ի հայտարարությանը տորպեդահարումը, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների կողմից, ավելորդ անգամ ապացուցում են այդ ծրագրի Արևմտյան լինելու հանգամանքը։ Արևմուտքը՝ Փաշինյանի և Ալիևի ձեռամբ Արցախից դուրս հանելով հայերին, ըստ էության չեզոքացրեց այդ հայտարարությունը, որով ոչ թե վերանում էր միջանցքի գաղափարը, այլ դրա նկատմամբ ռուսական հսկողության հանգամանքը։
Միջանցքն ամերիկացիների անվան տակ թուրքերին տալու համար ռուսները պետք է հեռանան
Գագիկ Մելքոնյանը հենց այս մասին է խոսում հաջորդ դրվագում, երբ հայտարարում է, թե ամերիկացիները փորձում են ռուսների ոտքը կտրել Հայաստանից, իսկ մեծ իմաստով՝ տարածաշրջանից։ Միայն ռուսների բացակայությունը կարող է հնարավորություն ստեղծել բացել թուրքական միջանցքը։ Ամերիկացիների պատվերով ռուսների ոտքը կտրելու քաղաքականության շրջանակում է նաև ռուսական գազից հրաժարվելու մտքի ցրցամը տրվում։ Այո՛, հիմա փորձում են քարոզչական դաշտում ներկայացնել, թե ռուսական գազին փոխարինելու կարող է գալ իրանականը, բայց իրականությունն այն է, որ ռուսական գազին կարող է փոխարինել միմիայն ադրբեջանական գազը։ Իրանն ԱՄՆ-ի համար նույնքան անընդունելի խաղացող է, որքան Ռուսաստանը։ Իրանի անունն այստեղ զուտ օգտագործում են ելնելով այն հանգամանքից, ըստ որի Իրանի նկատմամբ Հայաստանում կա դրական տրամադրվածություն և մարդիկ ինչ–որ տեղ կարող են համակեպրվել ռուսականը իրանականով փոխարինելու մտքին։ Իսկ երբ արդեն ռուսական գազից հրաժարված լինեն, ապա կհայտարարեն, թե չստացվեց իրանականը, և հիմա «անկախ» լինելու համար պետք է Ադրբեջանից գազ ստանանք։
Ռուսների «ոտքը կտրելու» պլանի շրջանակում է նաև ՀԱԷԿ–ի փակման քննարկումները։ Ատոմակայանը ևս սպասարկվում է ռուսական ընկերությունների կողմից ու հիմա գերխնդիր է ազատվել դրանից, անգամ մթի ու ցրտի գնով։ «Նվագախմբի տղաները» ֆիլմի մոտիվներով եթե բացատրենք, ապա միտքը սա է․«Մեռնենք էլ, վնաս չկա, միայն թե ռսի ոտքը կտրենք Հայաստանից»։
ՔՊ-ի համար թշնամի է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Չինաստանը
2020 թվականին Հայաստանը միացավ հակաչինական ամերիկյան մի նախաձեռնության, որը Չինաստանի համար անսապասելի էր, քանի որ այդ երկիրն ավանդաբար բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ և մշտապես առաջարկություններ են եղել առառվել խորացնել հարաբերությունները և մշտապես Հայաստանն է, որ մեկնված ձեռքը չի սեղմել։
Հիմա, փաստորեն, Գագիկ Մելքոնյանը բացում է խաղաքարտերը։ Հայաստանի համար թշնամի են բոլոր այն երկրները, որոնց դեմ է ԱՄՆ-ն։ Կարճ ասած՝ Հայաստանն այս պահին ԱՄՆ արատքին քաղաքական հարճի դերն է ստանձնել, ու որպեսզի քողարկեն իրենց մտադրությունները, որպես փաստարկ օգտագործում են այն, որ Չինաստանը հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ։
Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն մեծ երկրներ են, և բնական է, որ տասնյակ տարբեր երկրների հետ ունեն հարաբերություններ, այդ թվում իրար թշնամաբար տրամադրված երկրների հետ։ Չինաստանը կամ մեկ այլ գլոբալ խաղացող չի կարող հարաբերություն չունենալ որևէ երկրի հետ, քանի որ այսպես է ցանկանում 8-րդ դասարանի ատեստատը կասկածելի ճանապարհով ստացած, նախրչու աշխարհայացք ունեցող, բայց պատահաբար գեներալի կոչում ստացած մեկը։ Այո՛, Չինաստանը փաստաթուղթ է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց ով կամ ինչն էր խանգարում, որ նման փաստաթուղթ ունենար նաև Հայաստանը։ Պատասխանը պարզ է՝ Հայաստանի հակաչինական կոալիցիայի գործընկերները։
Գեներալ-նախրչին դժգոհում է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց մոռանում է ասել, որ մինչ այդ ամուր հարաբերություններ ուներ Հայաստանի հետ ու այդ հարաբերություններն իրականում հիմա գոյություն չունեն միայն նրա համար, որ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը դարձել են «ռսի ոտքը տարածաշրջանից կտրելու» ամերիկյան ծրագրի դրոշակակիրներ։ Այլ տեսանելի պատճառ չկա։
Նույն տրամաբանությամբ Ռուսաստանի՝ տարածաշրջանից հեռանալուց հետո հիշելու են ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքն այն մասին, որ Իրանը բռնապետական երկիր է կամ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱՄՆ պաշտոնյա Բոլթոնի այցից հետո այն մասին, որ Իրանի հետ սահմանը կարող է փակենք, քանի որ աշխարհն է այդպես ուզում։ Հիշելու են և լիարժեքորեն միանալու են թուրք-ադրբեջանական տանդեմին, ու հանուն ժողովրդավարության՝ պատերազմ հայտարարեն մեզ բարեկամ Իրանին։ Այս սցենարը ևս հեռու ապագայի գործ չէ։
Կարճ ասած՝ գեներալ-նախրչին դիտմամբ, թե պատահաբար բացեց ամբողջ պլանը, ինչի կյանքի կոչելու համար իրենք շարունակում են պահվել իշխանության։
Գնդակը հայ ժողովրդի դաշտում է։ Պատրա՞ստ է մեր ժողովուրդը դառնալ «ռսի ոտքը տարածաշրջանից կտրելու» ամերիկյան ծրագրի գործիք, թե՞ գիտակցելով իր շահը՝ ազատվելու է գործակալների այս խմբից ու նախրչի-գեներալներից և արժանապատիվ հարաբերություններ է հաստատելու դաշնակցի՝ Ռուսաստանի, բարեկամ Իրանի, մյուս հարևանների և ինչու չէ նաև ԱՄՆ-ի հետ, որին ևս չպետք է դիտարկել որպես թշնամի»։