Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապահ մարմինները կարող են բացահայտել, թե ով և ինչպես է տարածել ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ-ական պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսված ձայնագրությունը: «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ նշելով, որ թեև դա հեշտ չէ, սակայն հնարավոր է իրականացնել: Նա ասել է, որ այդ մասին կարելի է իմանալ` նաև YouTube-ի գրասենյակին նամակ գրելով:
«Նման ընթացակարգ գոյություն ունի, եթե պետությունը համարում է, որ ինչ-որ տեղեկատվություն YouTube-ում խախտում է իր օրենքները, ապա կարելի է հեշտությամբ Google-ին դիմել և նշել, որ այս կայքը կամ այսինչ նյութը խախտում է ՀՀ օրենսդրությունը, և Google-ը Հայաստանից այդ կայքի նկատմամբ հասանելիությունը կփակի»,- ասել է Գ. Սաղյանը՝ ավելացնելով, սակայն, որ նման դիմում կարող է գրել միայն կառավարությունը, քանի որ քաղաքացին այդպիսի իրավասություն չունի:
«Կառավարությունը կարող է անել դա, քանի որ հենց կառավարությունն է ներկայացնում ժողովրդին, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ են ընտրությունները, որպեսզի ընտրված քաղաքական գործիչները ներկայացնեն ժողովրդին: Ես կարծում եմ՝ հաքերական մեթոդներով ինչ-որ բան, ըստ երևույթին, հնարավոր է պարզել, բայց հազիվ թե, ավելի հեշտ կլինի դա իմանալ սոցիալական ինժեներիայի միջոցով»,- նշել է Գ. Սաղյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ասել է, որ Google-ին կարելի է դիմել դատական որոշում լինելու դեպքում: «YouTube-ին կարելի է դիմել ու պահանջել տեղադրողի IP-ները միայն քրեական գործի շրջանակներում՝ այսինքն՝ եթե դատարանի համապատասխան որոշում լինի, հակառակ պարագայում, եթե պարզապես մարդը, օրինակ՝ տուժողը, դիմի, այդ տվյալները նրան պարզապես չեն տրամադրի, քանի որ դա կդիտվի՝ որպես անձնական տվյալների բացահայտում»,- նշել է նա: