Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ արտահերթ համագումարի հանդեպ հետաքրքրությունը մարեց առաջին իսկ տեղեկատվությունից, երբ պարզվեց, որ նույնիսկ խորհրդարանական գործընկեր կուսակցություններից համագումարին մասնակցելու հրավեր ստացել են ոչ բոլորը. անկասկած է` մեզանում ավանդույթ է դառնում քաղաքական դաշտում միմյանց հետ «համագումարներով» խոսելու երևույթը:
«Անհանդուրժողականության պատը քանդող» կուսակցության համագումարում, ուր վերստին հնչեցին նախագահի հավաստիացումներն այդ մասին («Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է»), ՀԱԿ-ի, «Ժառանգության» և մանավանդ ԲՀԿ-ի բացակայությունն ավելի քան խոսուն էր: (Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին դե յուրե դեռ համարում է կոալիցիայի անդամը, բայց իր կոալիցիոն գործընկերոջը համագումարի չի հրավիրում):
Համագումարը ոչ միայն անհետաքրքիր էր, այլև տխրեցնող: Տխրեցնում էր երկրի ղեկավարի ոչ ադեկվատ ուրախությունը, նրա այնպիսի լավատեսական գնահատականները մեր իրականությանը, որ իրավամբ շատերի զարմանքը հարուցեցին: Պարզապես անհավատալի էր նախագահի շուրթերից լսել, թե վերջին տարիներին Հայաստանից դուրս ապրած մարդը վերադարձին երկիրը կգտնի «անճանաչելիորեն փոխված»: Եվ ամենազարմանալիներից մեկը նախագահի այն համոզումն է, որ, ի թիվս բազում այլ ձեռքբերումների, մեր երկրում արդյունավետ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, և որ «կոռուպցիան քայլ առ քայլ լուսանցք է տեղափոխվում»:
Ի հեճուկս նախագահական լավատեսության` կոռուպցիան ամենուր է և հախուռն կերպով փթթում է կրթության, առողջապահության, ոստիկանության համակարգերում, իրավապահ մարմիններում` ամենուր, բացի, թերևս, մատնացույց արված «լուսանցքից»: Որոշ ոլորտներում կոռուպցիան ոչ միայն «լուսանցք չի տեղափոխվում», այլև շարունակում է մնալ այդ ոլորտները ներքին «կանոնակարգման» ենթարկող ամենագլխավոր պտուտակը: Մասնավորապես, իրավապահ ոլորտը, որի բարեփոխման վերաբերյալ զարմանալի լավատեսական հայտարարություններ է անում նախագահը, շարունակում է գոյատևել կոռուպցիոն «տրամաբանության» մեջ. այլ տրամաբանության պարագայում պարզապես այն փուլ կգա, որին կհաջորդի ոլորտի համարյա ամբողջական ամայացումը, դրանից հետո միայն թերևս հնարավոր կլինի խոսել նոր կադրերով, նոր մտածողությամբ ոլորտը վերաբեռնավորելու դժվարին գործընթացի մասին: Մինչդեռ այսպես` մեկ-երկու աննշան ձկնիկ բռնելով հայտարարել, թե կոռուպցիան «լուսանցք է տեղափոխվում»`նշանակում է չափազանց անպատեհ լավատեսությամբ շնորհ անել իրենՙ կոռուպցիային:
Առավել տխրեցնում է, երբ երկրիդ նախագահը կուսակցական ամբիոնն օգտագործում է քաղաքական մրցակիցների հետ հաշիվները մաքրելու համար: Նախագահի ելույթն ունկնդրողներից անշուշտ շատերը հասկացան, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու իշխանական համոզվածությունը ոչ այնքան իրականության համարժեք գնահատում-արձանագրում էր, որքան հակառակորդ քաղաքական ուժին «տեղը դնելու» մանրախնդիր քայլ, քանի որ «լուսանցք տեղափոխված կոռուպցիա» արտահայտությունն անմիջապես հիշեցնում էր դեռ մինչև վերջերս Ս. Սարգսյանի հիմնական մրցակից համարվող ԲՀԿ առաջնորդի խոսքերը` հնչած արտերկրում, առ այն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չէ, որովհետև անհնար է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոռուպցիոներն ինքը: Եվ հիմա ի լուր աշխարհի հայտարարել, թե կոռուպցիան քայլ առ քայլ լուսանցք է տեղափոխվում, ոչ ճշմարտացի է, ոչ էլ, առավել ևս, բարոյական: Դժվար է նույնիսկ ասել` որն է ավելի ոչ բարոյական, դրսում` օտարների առջև խոսել սեփական երկիրդ խժռող կոռուպցիայի՞ց, թե՞ սեփական երկրում օտարների ու քաղաքական մրցակիցների համար հայտարարել, թե «կոռուպցիան լուսանցք է տեղափոխվում»:
Լևոն Սարգսյան