կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 10:50
Առանց Կատեգորիա

Փչվում է "արդար ընտրությունների" փուչիկը

Փչվում է "արդար ընտրությունների" փուչիկը

Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի իշխանությունը պատրաստվում է 2012-ին անցկացնել 20-ամյա անկախ Հայաստանի պատմության ամենաարդար ու թափանցիկ ընտրությունները, ոչ միայն խիստ հավակնոտ է, այլև ռոմանտիկ ու անիրատեսական: Եվ պատճառն այն չէ, որ իշխանությունները նման ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չունեն:

 

Չի բացառվում, որ նման ցանկություն նրանց մոտ իսկապես կա, եթե հաշվի առնենք քաղաքական դաշտում ստեղծված այն ունիկալ իրավիճակը, երբ ընդդիմադիր դաշտից ուժեղ դիմակայության փաստացի բացակայության պայմաններում իշխանությունը կազմող կոալիցիոն ուժերից առնվազն երկուսը հնարավորություն են ստացել ներքին մրցակցության միջոցով գրավելու էլեկտորատի մեծամասնությանը: Արդար ընտրություններ անցկացնելն այս պահին անիրատեսական է թվում մի քանի այլ օբյեկտիվ պատճառներով:

 

Նախ` խորհրդարանական ընտրությունները իշխանությունների կողմից ընկալվում են ոչ թե որպես իշխանության թևերից մեկի` օրենսդիր մարմնի ձևավորման միջոց, առանձին գործընթաց, այլ ընդամենը որպես 2013 թ. նախագահական ընտրություններին նախապատրաստում գործող նախագահի վերընտրությունը երաշխավորող, նրա քաղաքական հենարանի ձևավորում: Այլ կերպ ասած` խնդիր է դրված այնպես անել, որ նախագահական ընտրություններին նա մասնակցի լեգիտիմության խնդիրը նախապես լուծած: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կկազմի խորհրդարանում: Եվ չնայած լեգիտիմության հարցն իրականում օրակարգից դուրս կարող է գալ միայն իրապես ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման և այդ ընտրություններում իրական հաղթանակ տանելու պարագայում, սակայն ողջ խնդիրն այն է, որ իշխանության մոտիվացիան ոչ թե նման ընտրությունների անցկացումն է, այլ հեգեմոն կուսակցության հաղթանակի պարտադիր ապահովումը:

 

Իսկ դա ոչ միայն խաղի համապատասխան կանոններ է ենթադրում, այլև այդ կանոնները թելադրողի առկայություն` ի դեմս ՀՀԿ-ի: Եվ կատարված կադրային փոփոխությունները մեծ հաշվով հենց թելադրողի կարգավիճակը ձեռք բերելու նպատակ էին հետապնդում: Մյուս կողմից՝ արդար ընտրությունների անցկացումը միայն որևէ առանձին վերցրած կուսակցության կամ անհատի ցանկության հարց չէ: Ու որքան էլ ՀՀԿ-ն ցանկանա, միայնակ այդ հարցը լուծել չի կարող:

 

Եթե իսկապես ՀՀԿ-ն ազատ, արդար ընտրություններ անցկացնելու խնդիր է հետապնդում, այլ ոչ թե միայն «նախագահի կուսակցության» հաղթանակի ապահովման, ապա նա ոչ թե պետք է Բրյուսելում եվրոպացիներին ինչ-որ խոստումներ տար, իսկ երկրի ներսում կանոններ թելադրողի դիրք բռներ, այլ մնացածների հետ, հավասարության սկզբունքով, այդ կանոնները մշակողի, առավելագույնը պրոցեսը նախաձեռողի կամ համակարգողի գործառույթ ստանձներ: Որպես իշխանական կուսակցություն` ՀՀԿ-ն պետք է արդար ընտրություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերեր, առաջին հերթին, սեփական երկրում այլ քաղաքական ուժերի հետ տվյալ դաշտում համագործակցության միջոցով, ինչի փորձն անգամ չարեց: Ավելին, ի սկզբանե այն խախտում է ազատ մրցակցության սկզբունքը իր ամենահիմնական պոտենցիալ մրցակիցների, փաստացի ստիպելով վերջինիս ընտրություններից կես տարի առաջ ընդունել պարտությունը, և կանխորոշել ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը:

 

Մյուս, ոչ պակաս կարևոր գործոնն այն է, որ արդար ընտրություններ անցկացնելու մտադրություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ մեր իրականությունում հոգեբանորեն պետք է պատրաստ լինի նաև հնարավոր պարտության: Մինչդեռ, իշխող հիմնական քաղաքական ուժը ոչ միայն դրան պատրաստ չէ, այլև խորապես համոզված է իր անվերապահ հաղթանակում: Եթե ՀՀԿ-ն իսկապես հասարակական լայն վստահություն վայելեր, ապա նման ամբիցիաները տրամաբանական կլինեին: Սակայն ներկա դրությամբ այդ աջակցությունը կոալիցիոն կուսակցություները չունեն և դժվար է ասել` ընտրությունները այս պահին կայանալու դեպքում նրանք կարող էին, արդյոք, ստանալ գոնե 2007թ. ընտրություններին ստացած քվեների կեսից ավելին: Այդ վստահության ռեսուրսի բացակայության կամ անբավարարության պայմաններում ամեն գնով հաղթելու խնդիրը կարող է լուծվել բացառապես ընտրախախտումների մեխանիզմները և ընտրակեղծարարների մարդկային ու ֆինանսական ռեսուրսները կիրառելու միջոցով:

 

Եթե դրանց, անգամ որպես պահեստային, ռեզերվային միջոցներ նախատեսելու հնարավորությունը չի բացառվում այս փուլում, երբ հանրությանը հստակ ազդակներ չեն հասնում, որ օլիգարխիան չի մասնակցելու ընտրություններին, միայն ընտրական քաղտեխնոլոգիաներից օգտվելու, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հավաստիացումները համարժեք են աչքակապոցու և շատ արագ կբացահայեն իրենց սնանկությունը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ