կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 11:45
Քաղաքական

Վստահելի և արդար ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Մնացականյան

Վստահելի և արդար ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Մնացականյան

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Նախարարական 25-րդ խորհրդի օրակարգի, Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ այդ առումով կարևորելով բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը: Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման օրակարգին:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի կողմից լայն մանդատով օժտված Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց այդ շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:

Հանդիպման օրակարգում  էին նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում ծավալված համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳՆ