կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-08 16:36
Առանց Կատեգորիա

Իրանի միջուկային ծրագիրն արդեն քաղաքական հիմնախնդիր է, այլ ոչ թե տեխնիկական կամ իրավական

Իրանի միջուկային ծրագիրն արդեն քաղաքական հիմնախնդիր է, այլ ոչ թե տեխնիկական կամ իրավական

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ազնվությունը, անաչառությունը եւ հեղինակությունը հարցականի տակ կդրվեն. այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

 

Նրա խոսքերով` Իրանի միջուկային ծրագիրն արդեն քաղաքական հիմնախնդիր է, այլ ոչ թե տեխնիկական կամ իրավական: «Մոտ 10 տարի Իրանը ենթարկվում է ճնշումների երկրի կողմից իրականացվող միջուկային ծրագրի պատճառով, ընդ որում` որեւէ համոզիչ փաստարկ չի ներկայացվում»,- հայտարարել է նա:

 

Սալեհին հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ գործակալությունը 6 հարց է առաջադրել Իրանին, որոնց պատասխանները ստացել է, եւ հիմնահարցը սկսել էր լուծվել: «Գիտակցելով, որ հարցը կարգավորվում է` Արեւմուտքը նոր առիթ գտավ եւ հայտարարեց, որ հրթիռների արտադրության մեր ծրագրերը, ի վերջո, հանգեցնելու են միջուկային մարտագլխիկների արտադրության: Դա նոր մեղադրանք էր»,- նշել է իրանցի դիվանագետը:

 

Նա ընդգծել է, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը միակ կառույցն է, որ իրավունք ունի կարծիք կազմել միջուկային ծրագրերի վերաբերյալ, սակայն նրա լիազորությունների շրջանակից դուրս են այլ հարցեր, օրինակ` հրթիռների արտադրությունը, եւ իրավունք չունի հայտարարելու, որ Իրանը, ի վերջո, միջուկային զենք է արտադրելու:

 

Սալեհին ընդգծել է, որ գործակալության, այսպես կոչված, փաստերը հիմնավորված չեն: Նա նաեւ հավելել է, որ Իրանը մշտապես համարել է, որ միջուկային ծրագիրը չի կարող կիրառվել ոչ խաղաղ նպատակներով, որ իրենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չեն հետապնդում: Իսկ եթե ցանկություն ունենային, դա չէին թաքցնի:

 

«Մեր փորձը ցույց է տալիս, որ միջուկային զենքը չի կարող դիտարկվել որպես կանխարգելիչ զենք այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է: Այդ պատճառով բոլոր փաստաթղթերը, որոնց մասին խոսում է գործակալությունը, մեր կարծիքով, օրինական չեն եւ ոչ մի կապ չունեն գործակալության գործունեության հետ: Այդ փաստաթղթերի հիմնական նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է»,- ասել է Իրանի արտգործնախարարը: