Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս տարի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման վիրուսային հեպատիտի կանխարգելումն է:
Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիրոզից և քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ Ց, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Հեպատիտ Բ-ի վիրուսը` որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար:
2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում:
Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2014-ին` 2.4, ինչը վկայում է, որ հեպատիտ Ա-ի դեպքերը նվազել են շուրջ 11 անգամ: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:
Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100 000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2014-ին` 1.8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա այն շարունակում է հիմնախնդիր մնալ:
ՀՀ առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապես՝ ստեղծվել են հեպատիտների կանխարգելման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմներ, ձևավորման փուլում է հեպատիտների կանխարգելման գիտամասնագիտական խորհուրդը: Իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:
Ծրագրի ամբողջական գործադրումը կնպաստի վիրուսային հեպատիտների, հատկապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման, վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման միջոցով նվազեցնել վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները ՀՀ-նում:
Այսօր հեպատիտների համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում հեպատիտների դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի հեպատիտների կանխարգելումը Հայաստանում:
2011-ից Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է հեպատիտների դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը։