Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ օրերս հայտնի կդառնա` Հայաստանը վարկ կստանա՞ ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամից, թե՞ ոչ: 400 միլիոն դոլար վարկի տրամադրման հարցն առաջիկա օրերին կքննարկի հիմնադրամի խորհուրդը:
Նախօրեին ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե ռուսական կողմն արդեն հաստատել է վարկի տրամադրումը, սակայն Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ հարցը դեռ վերջնականապես վճռված չէ: Հայաստանի կառավարությունն արդեն երկու տարի է` բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ տվյալ հարցի շուրջ:
Հայաստանը 400 մլն դոլար վարկի հայտ էր ներկայացրել գազաքիմիական ոլորտի, մասնավորապես` «Նաիրիտ» գործարանի արդիականացման նպատակով: Թեեւ վարկը տրամադրվելու է առավելագույն արտոնյալ պայմաններով և նվազագույն տոկոսադրույքով` տարեկան մինչև 5%, սակայն այն, այնուամենայնիվ, պետք է վերադարձվի, ինչպես բոլոր բազմամիլիոն վարկերը, որոնք հայկական կառավարությունը ստացել է ճգնաժամի հաղթահարման համար:
«Նաիրիտի» հասույթը 2010 թվականին կազմել է ընդամենը 11,5 մլն դոլար: Եվ ընդհանրապես, գործարանի համար լավագույն ժամանակները չեն. աշխատակիցների աշխատավարձը ժամանակ առ ժամանակ ուշացումով է տրվում, իսկ ընկերությունը ԱՊՀ Միջպետական բանկին պարտք է 100 մլն դոլար: Ի դեպ, հենց այդ պարտքի մարմանն էլ նախատեսվում է ուղղել ԵվրԱզԷՍ-ի վարկի առաջին չափաբաժինը: Երկրորդը նախատեսվում է հատկացնել աշխատավարձի պարտքերի մարմանը: Եվ միայն երրորդը` բուն արդիականացմանը: Գործարանի սեփականատերերի հետ կապված խնդիրներ էլ կան: Հենց դա է պատճառը, որ բանակցությունները ձգձգվում են շուրջ երկու տարի. ռուսական կողմը պահանջում է, որպեսզի Հայաստանի կառավարությունը վերահսկի բաժնետոմսերի 100 տոկոսը:
2006 թվականից ընկերության բաժնետոմսերի 90տոկոսը պատկանում էր բրիտանական Rhinоville PropertyLimited ընկերությանը: Այս տարի Հայաստանի կառավարությունը ընկերության նոր կառավարչի մրցույթ հայտարարեց, և միակ հայտը ստացվեց գերմանական Ս.Ա.Ս. ընկերությունից, որը դեռևս հաստատված չէ:
«Երկիր»-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ հայտը դեռևս քննարկման փուլում է, իսկ երբ վարկը տրմադրվի, այն միջնորդավորվելու է ՀՀ կառավարության միջոցով, քանի դեռ հայտնի չէ գործարանի սեփականատերը: Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները: Վերջնական որոշումը կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստում: Ընդ որում` նիստի օրը և ժամը ևս դեռ անհայտ են:
ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծվել է 2009 թվականին` մասնակից երկրներին ճգնաժամը հաղթահարելու համար աջակցություն տրամադրելու նպատակով: Պահուստային ֆոնդը 8,5 մլրդ դոլար է:
Շողիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ