կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 11:28
Առանց Կատեգորիա

168 Ժամ. Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

168 Ժամ. Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

Լավատեղյակ աղբյուրներից երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Որոշ ժամանակ անց քաղաքն այդ մասին էր խոսում:

 

Ըստ նույն աղբյուրների` այդ մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը միայն, քանի որ այս օրերին, Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ, Երեւանում է Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի պատվիրակությունը, որն այստեղ մասնակցում էր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովին: Ի պաշտոնե նրանց ընդունել է Կ. Կարապետյանը, եւ եթե երեկ հայտարարվեր նրա հրաժարականի մասին, կստացվեր, որ այդ պատվիրակության այցի գոնե մի մասն ընդունել է պաշտոնանկ արված քաղաքապետը:

 

Այս անակնկալ հրաժարականի պատճառների մասին երեկ մի քանի վարկածներ էին շրջանառվում: Ի դեպ, նշենք, որ նաեւ տեսակետներ կային, թե Կարեն Կարապետյանը վերջերս ինքն էր ցանկանում թողնել քաղաքապետի պաշտոնը: Ավելին` երեկ ասում էին նաեւ, թե ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը պատահական չէ, որ նախօրեին կուշտ ելույթ ունեցավ Կարեն Կարապետյանի դեմ, քանի որ նա արդեն տեղյակ էր նրա հնարավոր հրաժարականի մասին:

 

Ինչեւէ, այս հրաժարականի վարկածներից մեկն այն է, որ Կարեն Կարապետյանի այս քայլը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած պետական այցով եւ դրա շրջանակներում ՌԴ ղեկավարության հետ Հայաստանի ներքաղաքական զարգացումերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններով: Խոսքը վերաբերում է մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի եւ այդ համատեքստում ԲՀԿ-ի` իշխող կոալիցիայում մնալ-չմնալու հնարավորությանը:

 

Շատերն էին նկատել, որ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած պետական այցի ընթացքում Երեւանի քաղաքապետը պատվիրակության մեջ ընդգրկված չէր: Ի դեպ, դեռեւս անցած շաբաթ թերթը տեղեկացրել էր, որ իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն` ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն հետեւելու են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր համարվող մի քանի պաշտոնյաների հրաժարականներ: Այդ ցանկում էին հենց Երեւանի քաղաքապետի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունները:

 

Այսինքն` բացառված չէ նաեւ, որ Կարեն Կարապետյանի հրաժարականով տրվել է նշված սցենարի մեկնարկը: Ընդ որում, ոմանց կարծիքով` արդեն հնարավոր է, որ այս պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն դուրս չգա կոալիցիայից եւ հայտարարի 2013թ. ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին:

 

Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն` դա կապված է նրա կողմից հետեւողականորեն կատարված այն քայլերի հետ, որոնք առաջացրել են երեւանցիների դժգոհությունը (փողոցային առեւտրի արգելում, կրպակների ապամոնտաժում եւ այլն): Ըստ այդ վարկածի` թեեւ բոլոր այդ քայլերը կատարվում էին բարձրագույն իշխանության համաձայնությամբ, միաժամանակ իշխանական լրատվամիջոցներով ներկայացվում էր քաղաքացիների սուր դժգոհությունը` հարմար պահի նրան պաշտոնանկ անելու համար:

 

Իհարկե, այս վարկածն այնքան էլ հիմնավոր չէ` հաշվի առնելով իրադարձությունների զարգացման արագությունը. Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին` Մոսկվայից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց, երբ Երեւանում դեռեւս ընթանում էր վերը նշված վեհաժողովը, որի «ընդունողն» ինքը` Կարեն Կարապետյանն էր:

 

Առաջիկա օրերին պարզ կդառնան այս հրաժարականի իրական պատճառները: