Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոյեմբերին վերջին կայցելեն տարածաշրջան` ԼՂ հակամարտության կողմերի միջեւ նոր հանդիպումների համար հող նախապատրաստելու նպատակով. ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարության մեջ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված փաստաթղթում ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 21-24-ը այցելեցին Երեւան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու: Համանախագահները հանդիպեցին նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի, նաեւ ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ:
Համանախագահներն ընդգծեցին, որ կողմերը պետք է զգալիորեն բարելավեն բանակցությունների մթնոլորտը, բարձրացնեն վստահության մակարդակը եւ ուժեղացնեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչը կնպաստի տարբեր ոլորտներում հետագա առաջընթացի ձեռքբերմանը»:
Համանախագահները մի քանի առաջարկ են արել վստահության ամրապնդման միջոցառումների ընդունման համար: Կողմերը համաձայնել են առաջնային գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների նախագծի հետ, որը համանախագահները առաջարկել էին ապրիլին, եւ որը նախագահներ Ալիեւը, Սարգսյանը եւ Մեդվեդեւը պայմանավորվել էին իրականացնել իրենց` Սոչիում մարտին արված համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ հոկտեմբերի 22-ին համանախագահները ոտքով հատել են զինված ուժերի շփման գիծը` չորրորդ անգամ վերջին 14 ամիսների ընթացքում: Դրանով մեկ անգամ եւս ընդգծվել է, որ շփման գիծը երկու հարեւան ժողովուրդների միջեւ մշտական խոչընդոտ չէ, եւ ցուցադրվել է, որ ռազմական համակարգումը հնարավոր է, երբ կողմերը կամք ցուցաբերեն: