կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 18:41
Քաղաքական

Տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել:

Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մարտի 11-ին եղել են Բաքվում, իսկ մարտի 27-ին՝ Երևանում, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղում:

Ըստ հայտարարության, համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի նպատակն է ընդհանուր պատկերացում ունենալ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական, ռազմական իրավիճակի վերաբերյալ, քննարկել 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ կողմերի միջև ունեցած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների, ինչպես նաև Արցախի իշխանությունների հետ: Նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ:

Իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ համանախագահները արտահայտել են իրենց խորին մտահոգությունները շփման գծում վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով իրենց ելույթներում և գործողություններում զսպվածություն ցուցաբերել:

Համանախագահներն առաջարկել են, որ հատկապես Նովրուզի ու Զատիկի տոներին կողմերը խուսափեն էսկալացաիայից:

Նրանք հայտնել են նաև, որ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը՝ մինչև հիմնախնդրին խաղաղ ու քաղաքական լուծում կգտնվի:

Երկու երկրների իշխանությունների հետ հանդիպումներում, ըստ հայտարարության, համանախագահները ընդգծել են դեսպան Կասպշիկի առաքելությանն աջակցությունն ու դրա սկզբունքային նշանակությունը: Համանախագահները նաև պնդել են, որ զինադադարի նկատմամբ հարգանքը կարևոր է հետագա բանակցություններում կառուցողական ու փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: