կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 16:07
Սպորտ

Պատասխան Ադվոկատին

Պատասխան Ադվոկատին

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Cоветский спорт-ին տված հարցազրուցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ելույթներին։ Այն հարցին, թե արդյո՞ք նա կիսում է Վլադիմիր Վայսի (Սլովակիայի գլխավոր մարզիչ) և Ջովանի Տրապատոնիի (Իռլանդիայի գլխավոր մարզիչ)  կարծիքը, որ խմբում լավագույնը Հայաստանն էր, Ադվոկատը այնպիսի պատասխան է տվել, որ կարելի է կարծել` ո'չ նախընտրական փուլի հանդիպումներին է հետևել, ո'չ էլ Հայաստան-Ռուսաստան հակամարտությունների ժամանակ է տեխնիկական տեղամասում եղել:

 

«Իհարկե, ո'չ։ Լավագույնը Ռուսաստանի հավաքականն էր։ Տարօրինակ է նման կարծիք լսել մի մարզչից, ում թիմի նկատմամբ մենք առավելություն ունեինք ամբողջ 90 րոպե և թույլ չտվեցինք ոչ մի պահ ստեղծել։ Կարծում եմ՝ հայկական թիմին շատ են գովում այն պատճառով, որովհետև նրանցից սպասելիքները քիչ էին։ Սենսացիոն առումով Հայաստանի հավաքականին, իրոք, կարելի է առանձնացնել այս մրցաշարում։ Նրանք հիանալի արդյունք արձանագրեցին»,- ասել է Ադվոկատը։

 

Դե ինչ, հոլանդացի մասնագետը ստիպում է փաստերով խոսել և ասել այն, ինչի մասին մինչ այժմ համեստորեն լռում էր Վարդան Մինասյանը:

 

Նախ` խորհուրդ Ադվոկատին, որ մի քիչ զսպվածություն ցուցաբերի և օրինակ վերցնի Հայաստանի հավաքականի երիտասարդ մարզչից, ով անգամ «Պետրովսկիում» կայացած` մրցավարական սխալներով լի հանդիպումից հետո, լռեց` հարգելով միջազգային ֆուտբոլում չգրված օրենքը. «Ասել մրցակցի մասին լավը կամ ոչինչ չասել», իսկ այս մասին Ադվոկատը, կարծես,  չի հիշել:

 

Եվրո-2012-ի նախընտրական փուլի շրջանակներում 2010-ի սեպտեմբերի 7-ին Ռուսաստանը 1-0 հաշվով պարտվեց Սլովակիային, իսկ մեկ ամիս անց Հայաստանը 3-1 հաշվով հաղթանակ տոնեց սլովակների նկատմամբ:

 

2011-ի մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Ռուսաստան հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Սակայն Հայաստանը 3 անգամ է հարվածել Ակինֆեևի դարպասին, մինչդեռ  ռուսներն ընդամենը` 2: Ունենալով 13 անկյունային` ոչ մեկը չկարողացան նպատակին հասցնել, իսկ մենք ընդամենը 1 այդպիսի հնարավորություն ունեինք:

 

Հունիսի 4, Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտ: Ռուսաստան-Հայաստան 3-1: Սակայն չշտապենք եզրակացություն անել, այս խաղում հայերը 4 դեղին քարտ նվեր ստացան մրցավար Ստեֆան Լաննուայից, իսկ Ռուսաստանը` 2, չնայած, այն բանին, որ խաղադաշտում կատարվածը դժվար էր ֆուտբոլ անվանել. ռուսներն անցել էին ռեգբիի, մրցավարն էլ` նրանց հետ միասին: Հենրիխ Մխիթարյանի փայլուն գոլը եզրային մրցավարը չարձանագրեց` համարելով, իբր, թե խաղից դուրս վիճակ կար: Եվ 13 հոգով հաղթած ֆուտբոլը (11 խաղացող, երկպագու, մրցավար), Ադվոկատը համարում է հաղթանա՞կ:

 

Սեպտեմբերրի 6-ին Սլովակիայի հետ խաղում ճիշտ նույն սցենարն էր, սակայն հայերը նույնը չէին և Ռուսաստանի հետ ձեռք բերած իմունիտետի հաշվին կարողացան մեկ խաղակեսում 4 անգամ գրավել  մրցակցի դարպասը և Ժիլինայում 3 միավոր վաստակել: Ինչպես ասում են` մեր բախտը մեզ հետ է. մրցավարների հարցում անհաջողակ ենք:

 

Հոկտեմբերի 11-ին «Ավիվա» մարզադաշտում մեզ բաժին ընկավ Իտուրալդե Գոնսալեսը… Սակայն այս մեկի մասին ավելորդ է անգամ խոսելը, ամեն ինչ վերևներում որոշված էր: Այո, Հայաստանը չհայտնվեց Եվրո-ում,  փոխարենը` Ռուսաստանը և Իռլանդիան կխաղան: Սակայն, եթե, ներողությունից զատ, պետք է մի այլ բան ասեք, ապա ավելի լավ է լռեք:

 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ