կարևոր
751 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-20 09:43
Հասարակություն

Մարտունու ԲԿ-ն զբաղված է ոչ թե հիվանդներով, այլ նախարարի պաշտպանությամբ. «Ժողովուրդ»

Մարտունու ԲԿ-ն զբաղված է ոչ թե հիվանդներով, այլ նախարարի պաշտպանությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում արձագանքել Մարտունու բժշկական կենտրոնի տարածած պարզաբանմանը, որով առավել խայտառակ վիճակում են հայտնվել պաշտոնյաները:

Նախ արձանագրենք՝ երեկ հրապարակված մեր հոդվածում գրված էր, որ կիրակի օրվա հանդիպումը տեղի է ունեցել հենց Մարտունու բժշկական կենտրոնում։ ԲԿ-ն իր պարզաբանմամբ արդեն հաստատում է, որ նախարարի այցը եղել է հիվանդանոցում, եւ ներկա են եղել մեր նշած անձինք՝ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն, ՔՊ ավագանու անդամ Տարոն Արշակյանը։ Այսինքն՝ մենք որեւէ փաստ չենք խեղաթյուրել։

Հաջորդ՝ այցը տեղի է ունեցել կիրակի օրը։ Հարց է ծագում՝ եթե նախարարի այցն իսկապես կապված էր բացառապես աշխատանքային հարցերին, ինչո՞ւ այն պետք է կազմակերպվեր ոչ աշխատանքային օրով։ Այսինքն, նախարարին, որ ԲԿ տնօրենը կիրակի օրով հրավիրի, գնալո՞ւ է: Սա ինքնին վկայում է այն փաստի մասին, որ այդ այցը չէր կրում դասական աշխատանքային բնույթ։

Բացի դրանից, պարզաբանման մեջ նշվում է, թե քննարկվել են բժշկական քոլեջի շենքային պայմանները։ Մինչդեռ այդ ուսումնական հաստատությունը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է գտնվում եւ որեւէ առնչություն չունի առողջապահության նախարարության հետ։ Ինչու էր առողջապահության նախարարն այս հարցով զբաղվում՝ պարզ չէ։

Այս ամենը կրկին փաստում է, որ այցը ծառայել է ոչ թե մասնագիտական խնդիրների լուծմանը, այլ քաղաքական շահերին։ Ավելին՝ Մարտունու ԲԿ-ն իր պարզաբանմամբ, փաստորեն, ընդունում է, որ նախարարը շեղվել է առողջապահական օրակարգից եւ մտել կուսակցական քարոզչական դաշտ:

Արդյունքում ստացվում է, որ ոչ միայն մեր հրապարակած փաստերն են ճիշտ, այլեւ հենց ԲԿ-ն իր հայտարարությամբ հաստատում է դրանք։ Այս պարագայում անհասկանալի է մնում, թե ինչու է պետական բժշկական կենտրոնը հանդես գալիս նախարարի «պաշտպանական» հայտարարություններով։ Հիվանդանոցի պարտականությունը հիվանդներին սպասարկելն է, ոչ թե նախարարին արդարացնելը։

«Ժողովուրդ» օրաթերթը համոզված է՝ պետական առողջապահական հաստատությունների ղեկավարները պետք է ծառայեն հանրության առողջապահական շահերին, այլ ոչ թե վերածվեն նախարարի քաղաքական որոշումները պաշտպանող խոսափողի»։