Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-ին որոշել էր Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել 10 օր ժամկետով: Այս մասին հայտարարություն են տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները։
«Նշված որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որը սեպտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը: Դատավորը դատական ակտի կայացման օր էր սահմանել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ը:
Սեպտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաջորդ նիստը նշանակել էր սեպտեմբերի 15-ին, որը ամենայն հավանականությամբ պետք է լիներ վերջին նիստը:
Այսօր՝ 19.09.2025թ., ստացվել է դատավոր Ադրինե Ղուկասյանի 2025 թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ի որոշումը, որով վերաքննիչ դատարանը որոշել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպաների բողոքի քննության ժամկետը երկարաձգել ևս 9 օրով՝ դատական ակտի հրապարակման օր սահմանելով սեպտեմբերի 26-ը:
Վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված վերոնշյալ բողոքի քննության ժամկետը երկարացնելու իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով նախագահող դատավորի գերծանրաբեռնվածությունը և 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ դատավորների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրին մասնակցելը՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ1/2791/01/25 գործով դատական ակտի կայացման օրը պետք է երկարաձգել 9 օրով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2025 թվականի սեպտեմբերի 26-ը»:
Պաշտպանական կողմի համար նման որոշումը տարակուսելի է և առաջացնում է մի շարք հարցեր.
1) Նախ, արդեն իսկ որոշված սեպտեմբերի 17-ին ժամկետի երկարացման որոշման փոխարեն վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել բուն որոշումը բողոքի կապակցությամբ: Եթե դատարանը ժամանակ ուներ որոշում կայացնելու, այն գրելու և կողմերին ուղարկելու, ապա ինչո՞ւ բուն որոշումը չի կայացրել: Հատկապես երբ, որոշումը անմիջապես չեն գրում և ուղարկում, բավարարվում են հեռախոսով որոշման մասին հայտնելով, իսկ բուն որոշումը կողմերը ստանում են շատ ավելի ուշ:
2) Եթե վերապատրաստման մեջ գտնվելն այդքան լուրջ խոչընդոտ է, որը թույլ չի տալիս այդ ընթացքում աշխատել (թե առաջին ատյանի դատարանն է այդ հիմքով երկարացնում կալանքը, թե հիմա վերաքննիչ դատարանն է երկարացնում կալանքի դեմ բողոքի քննությունը, և ոչինչ, որ անձը շարունակում է գտնվել կալանքի տակ), ապա ինչպե՞ս է ստացվել, որ սեպտեմբերի 15-ից 19-ի այդ անձեռնմխելի միջակայքում, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանն աշխատում է և սեպտեմբերի 17-ին կայացնում է ժամկետի երկարացման մասին որոշում, այն գրում, ստորագրում, կնքում և ուղարկում է կողմերին:
3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ հոդվածով նախատեսված ժամկետները վերաքննիչ դատարանի ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են երկարաձգվել համապատասխանաբար ոչ ավելի, քան հինգ, տասը և քսան օրով:
Այստեղ հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստուգվում այդ հիմնավորված լինելու պահանջը, երբ այն ներառված չէ բողոքարկելի ակտերի ցանկում: Սակայն ակնհայտ է, որ վերապատրաստման մեջ գտնվելը չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ անձի ազատության իրավունքի վերաբերյալ բողոքը չքննելու և հետաձգելու համար:
4) Առաջին ատյանի վարույթում դատական նիստը նշանակված էր սեպտեմբերի 15-ին, երբ հավանական էր, որ գործի քննությունն ավարտվելու է: Այս առումով Վերաքննիչ դատարանի սկզբնական սահմանած սեպտեմբերի 17-ի ժամկետը կարծես այդքան էլ վտանգավոր չէր: Սակայն, երբ առաջին ատյանի դատարանում գործը չավարտվեց և հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, Վերաքննիչ դատարանը որոշեց հենց իր սահմանած օրը՝ սեպտեմբերի 17-ին երկարացնել կալանքի դեմ բերված բողոքի քննությունը:
Սա պաշտպանական կողմին թույլ է տալիս հիմնավոր հետևության հանգել, որ դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը:
Պաշտպանական կողմի համար սա ևս մեկ ազդակ է, որ դատական վերանայումը կրում է ձևական բնույթ, իսկ Վերաքննիչ դատարանն անթաքույց խուսափում է իր առաքելությունը կատարելուց»: