կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 16:36
Մշակույթ

Անսանձ կնոջ սանձահարումը

Անսանձ կնոջ սանձահարումը

Հոկտեմբերի 18-ին Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Պատանի հանդիսատեսի թատրոնում Ռուսաստանը ներկայացրեց Տուվայի «Մաքսիմ Մունզուկ» բարեգործական հիմնադրամի կողմից բեմադրված «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը` Գալինա Մունզուկի և Վսևոլոդ Չուբենկոյի դերակատարմամբ:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի խոսքերով` մոնոներկայացումները տարբերվում են անսամբլային ներկայացումներից և համարվում բարդ ժանր, քանի որ այստեղ դերասանը նաեւ հանդիսատես է:

 

«Բեմին փայլուն կերպարներ տեսա, ինչն էլ խոսում է դերասանի վարպետության մասին: Նրանք արդարացրին մեր սպասումները. կարողացան «պահել» հանդիսատեսին և կարճ ժամանակահատվածում հաղորդել իրենց զգացմունքները, հոգեվիճակը, փոխհարաբերությունները»,- ասաց Խանդիկյանը:

 

Հարցին, թե ինչպիսի՞ն կուզեր տեսնել փառատոնը մյուս տարի, նա պատասխանեց, թե ցանկալի կլիներ, որ հաջորդ տարի աշխարհագրությունն ընդլայնվեր. «Հնարավորություն ունենայինք ընդգրկել ավելի շատ մարդկանց, եւ փառատոնին մասնակցեին բազմաթիվ խմբեր` աշխարհի տարբեր ծայրերից»:

 

Հանդիսատես Արմինե Խաչատրյանին ներկայացումն այնքան էլ դուր չէր եկել: «Ինձ հատկապես դուր չեկավ այն, որ դերասանները տարիքով էին և խաղում էին այնքան, որքան կարող էին, ուստի ասել, թե ամեն ինչ գերազանց էր, սխալ կլինի»,- պարզաբանեց նա:

 

Մեկ այլ հանդիսատեսի` Էմմա Հարությունյանի խոսքերով` ներկայացումը ցնցող էր. «Իր տեսակի մեջ շատ յուրահատուկ էր, քանի որ բեմում ընդամենը 2 դերասան կար, որոնց հաջողվեց հանդիսատեսին պահել մեկ շնչի վրա»: