կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 10:52
Արցախ

Տուն լինի՝ ավելի շատ երեխաներ կունենանք

Տուն լինի՝ ավելի շատ երեխաներ կունենանք

Բագրատն ու Լիլիան այն երիտասարդ ընտանիքներից են, որ որոշել են սեփական ուժերով կառուցել իրենց տունը, սակայն մեծ դժվարությունների առաջ են կանգնել: Նրանք ապրում են Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում, որտեղ, ի տարբերություն հանրապետության շատ գյուղերի, պայմանները բավական լավ են: Համենայն դեպս, այստեղ չեն բողոքում տրանսպորտից, ջրի, կենցաղային ու կոմունալ այլ հարմարությունների բացակայությունից:

 

Բագրատը 30 տարեկան է, իսկ Լիլիան՝ 25, բայց արդեն հասցրել են 4 երեխա ունենալ: Երեխաներից մեծը՝ Արենը, երկրորդ դասարանում է սովորում, իսկ փոքրը դեռ 6 ամսական է: Երիտասարդ, բայց արդեն մեծ ընտանիքը մեկ տարուց ավելի ապրում է առանձին՝ գյուղի մի դատարկ տանը, որն ամեն պահի կարող են պահանջել, որ ազատեն: Բագրատը պատմում է, որ ծնողների հետ արդեն հնարավոր չէր ապրել, դրա համար որոշեցին առանձնանալ:

 

«Մի տան մեջ 4 ընտանիքով էինք, դե ո՞նց կտեղավորվենք: Դրա համար առանձնացանք: Հիմա այս երկու սենյականոց տանն ենք ժամանակավոր ապրում, մինչեւ որ տան հարցը լուծենք»,- ասում է նա: Իսկ հարցի լուծումը սեփական ուժերով տուն կառուցելն է, թեեւ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Մոտ 20 օր առաջ են տան հիմքը դրել, բայց, ինչպես ասում է Բագրատը, շարունակել առայժմ չեն կարող, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն:

 

«Հիմնական գործ չունենք, մոտ 45 հազար դրամ ենք ստանում պետությունից՝ որպես երեխաների նպաստ: Միակ կայուն եկամուտը դա է: Մի քանի հեկտար ցորենի արտ ենք անում, այն էլ կիսում ենք եղբայրներով, որ յոլա գնանք: Կողքից էլ շինարարությունում եմ աշխատում, կոմբայն կամ տրակտոր եմ քշում, բայց, միեւնույն է, չի հերիքում: Հազիվ ընտանիքիս ծախսերն եմ հոգում»,- պատմում է երիտասարդ հայրը, որի կարծիքով` սեփական ուժերով տան կառուցումը լավագույն դեպքում կտեւի 6-7 տարի:

 

«Եթե կառավարությունն ինչ-որ ձեւով օգնի, ապա տունն ավելի շուտ կկառուցենք: Ես չեմ ասում, որ ամբողջությամբ օգնի, բայց մեր նման երիտասարդ ընտանիքներին մի փոքր աջակցություն է պետք, ասենք` ցեմենտով, ինչ-որ շինանյութերով: Առանց դրա դժվար է, հատկապես, որ բազմազավակ ընտանիք ենք: Ու չի բացառվում, որ էլի կմեծանա ընտանիքը»,- ասում է նա, իսկ կինը կեսկատակ, կեսլուրջ շարունակում է, որ երեխաների մասին արդեն կմտածեն նոր տանը, որն այնքան էլ մեծ չեն ծրագրել՝ ընդամենը երկու սենյակ, մեծի հնարավորություն, ցավոք, չունեն:

 

«Այստեղից հեռանալու նպատակ չունենք: Այստեղ գոնե մի բան ես ցանում ու ուտում: Ուրիշ որտե՞ղ կա այդ հնարավորությունը: Քաղաք գնալու մտադրություն էլ չունենք, այնտեղ լավ աշխատավարձով աշխատանք է պետք, տնից բացի»,- ասում են նրանք, ովքեր միայն տնամերձ հողն են մշակում, անասուններ էլ չեն պահում, միայն, ինչպես կատակով ասում են՝ 4 հավ ունեն ու մեկ աքլոր: Լիլիան ասում է, որ լավ է. տան համար, որտեղ հիմա ապրում են, վարձ չեն տալիս, թե չէ ընդհանրապես չէին կարողանա գոյատեւել:

 

Ողջ տարվա ալյուրը չեն գնում, եթե, իհարկե, ցորենի բերքատվությունը նորմալ է լինում: «Էդ էլ է մեծ բան, որ ալյուր չենք գնում»,- ասում է նա:

 

«Միայն մի խնդիր ունենք՝ տան, մնացածը լուծվող է»,- ասում է Բագրատը, որի խոսքերով, եթե ամսական մոտ 100 հազար դրամի եկամուտ ունենար, ավելի հեշտ կլիներ: Երիտասարդ ընտանիքը հավատում է, որ գյուղում գնալով պայմաններն ավելի կլավանան, քանի որ արդեն բուժկետ է կառուցվելու, մանկապարտեզի կառուցման աշխատանքն էլ ավարտին է հասցվում: Մի խոսքով՝ այն, ինչ անհրաժեշտ է երիտասարդ ընտանիքին:

 

Նրանց ընտանիքը միակը չէ գյուղում, որ սեփական ուժերով տուն է կառուցում. մի քանիսն էլ կան,- ասում է Բագրատը ու հույս փայփայում, որ իրենց աջակցողներ կգտնվեն: Իսկ սեփական տան առկայությունը երիտասարդ ընտանիքներին գյուղին կապելու, ավելի շատ երեխաներ ունենալու հիմնական երաշխիքն է:

 

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ