|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, այսօր 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին, որը մոտ մեկ տարի առաջ դաժանաբար ծեծելով սպանել էր կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին:
Վկաների մեծ մասի խոսքերով` մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել Յանիս Սարկիսովի եւ նրա մոր կողմից, իսկ դեպքի օրը` 2010-ի սեպտեմբերի 30-ին նրան ծեծելով ցած են նետել աստիճաններից, ինչի հետեւանքով կինը «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի երկրորդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մեկ օր անց մահացել էր:
Յանիս Սարկիսովին ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով, իսկ նրա մորը ոչ միայն պատասխանատվության չէին ենթարկել, այլեւ Զարուհու փոքրիկ դստերը հանձնել էին տատի խնամակալությանը:
Սարկիսովը դատավարության ընթացքում չէր ընդունել իր մեղավորությունը, ավելին` սանձարձակ էր իրեն պահել դատարանի դահլիճում: