Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշնանացանի եւ գալիք գարնանացանի հարցերը:
Նախքան օրակարգին անդրադառնալը վարչապետը բարեհաջող գործունեություն է մաղթել Մարտակերտի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Լեւոն Չալյանին եւ շեշտել, որ շրջվարչակազմերի ղեկավարների աշխատանքն այսուհետ կգնահատվի, նախեւառաջ, հաշվի առնելով պետական ծրագրերի կատարման արդյունքները:
Հանրապետության դաշտերի մեծ մասում բավական դանդաղ են ընթանում աշնան հերկի աշխատանքները, մի փաստ, որը կարող է ձախողել նախատեսվող ցանքը. խորհրդակցության օրակարգային հարցերի քննարկման ժամանակ նշել է գյուղնախարարության ներկայացուցիչը: Վարչապետը հրահանգել է ակտիվացնել աշնանացանի ընթացքը եւ այն ավարտել սահմանված ժամկետներում, ինչպես նաեւ նախապատրաստվել գարնանացանին։
Հստակ խնդիր է դրվել գալիք տարի գարնան մշակաբույսերի ցանքատարածություններն ընդարձակել 1,5 անգամ` հասցնելով դրանք 20 հազար հեկտարի: Հատուկ ուշադրություն է սեւեռվել ցանքաշրջանառության մեծացման խնդրին` նորանոր մշակաբույսեր ընդգրկելով հողագործական ցանկում:
Վարչապետը շահագրգիռ մարմիններին հորդորել է ընդլայնել հատկապես եգիպտացորենի ցանքատարածությունները, ձեռնամուխ լինել արեւածաղկի, սոյայի, հնդկաձավարի, ոլոռի եւ գարնան այլ մշակաբույսերի ցանքին: Պետությունը կօգնի վարկերով եւ մասնագիտական մշտական խորհրդատվությամբ։ Պետական վարկավորում կտրվի սեփականաշնորհված հողատարածքների համար, իսկ վարձակալները կօգտվեն աջակցության այլ ծրագրերից:
Կառավարության ղեկավարը խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին հանրապետություն կներկրվի մեծ քանակությամբ գյուղատնտեսական նոր տեխնիկա, ընդհանրապես` գյուղտեխնիկայի խնդիրը կլուծվի մինչեւ 2013 թվականը: