կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 14:24
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսվարողներին աջակցելու պետական միջոցառումները դանդաղում են․ Թադևոս Ավետիսյան

Մեր երկրի տնտեսության զարգացմանը վտանգ կա երկու ուղղությունից` արտաքին ազդակներ, որոնց վրա ազդել հնարավոր չէ և ներքին անպատրաստ վիճակ, որն անթույլատրելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը մամուլի ասուլիսում։

Նա արտաքին՝ աշխարհաքաղաքական ռիսկերի թվին դասեց կորոնավիրուսի տարածումը, որը պատճառ է դառնում բազմաթիվ միջոցառումների հետաձգման և նավթի շուկայում տատանումները, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն համաշխարհային տնտեսության վրա։

«Արտաքին գործոնների վրա ազդելու շատ մեծ հնարավորություն չունենք, պետք է ռեսուրսները կենտրոնացնենք հետևանքները չեզոքացնելու վրա»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ մեր իշխանությունները դանդաղում են բավականաչափ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարողանանք դիմակայել այս բարդություններին։

«ՀՀ տնտեսական համակարգը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ունի կայուն խնդիրներ և այդ խնդիրներին այսօր արդեն ավելանում են ոչ պակաս կարևոր երկու խնդիր․ դրանցից մեկը մեր հիմնական գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ պահանջարկի հնարավոր կրճատումն է։ Իսկ չմոռանանք, որ մեր արտահանման 25 տոկոսը ուղղվում է ՌԴ։ Այս պարագայում, ռուսական ռուբլին արժեզրկման միտում  է դրսևորում։ Սա նշանակում է, որ գնողունակության անկում է լինելու այնտեղ և շուտով, Հայաստանից գյուղատնտեսական մթերքների սեզոնային արտահանման ժամանակահատվածում խնդիր ենք ունենալու»,-ասաց տնտեսագետը։

Նա հորդորեց, որ պետությունը միջոցներ ձեռնարկի հենց այս պահին, ոչ թե պոստֆակտում․ «Այսօր արդեն կառավարության քննարկման սեղանին պիտի լինեն հստակ ծրագրեր՝ ինչպե՞ս անել, որ չկրկնվեն նախորդ՝ ձախողված փորձերը, երբ սանկցիաների պատճառով ՌԴ տնտեսությունը փաստացի 2014 թ-ին ունեցավ անկում, իսկ դա ամբողջությամբ արտացոլվեց նաև մեր տնտեսական համակարգում»։

Նրա խոսքով՝ այստեղ է, որ պետության դերը կարևորվում է, որ դրսից եկող այդ վատ ազդակները տնտեսական համակարգի համար հնարավորինս չեզոքացվեն։

«Իսկ դրանք միայն բառերով չեն․ եթե ասում ենք՝ մեր տնտեսությունում ավելացել են 105 միլիարդ դրամ բյուջետային մուտքերը, ապա եթե իրական է այդ 105 միլիարդը, ուրեմն որտե՞ղ են այն ծրագրերը, որ պետությունը պիտի ձեռնարկի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ այսօր արդեն իսկ պետք է տեսնեինք հստակ գնահատականներ, հստակ հորդորներ և նաև տնտեսվարողների աջակցելու կոնկրետ ծրագրեր։

Ամեն անցնող օր այս երևույթները ավելի խորանում են, արձանագրեց տնտեսագետը, որովհետև դեռևս պայմանավորվածություններ չկան նավթի համաշխարհային շուկայում, իսկ կլինեն, թե չեն լինի՝ մեծ հարց է և մեզանից անկախ։

Արտահանմանն են միտված մեր տնտեսվարողների մոտ նկատելի են շատ կոնկրետ մտահոգություններ՝ ընդգծեց Թադևոս Ավետիսյանը․ «Եթե այսպես թողնվի՝ սկզբնական փուլում կունենանք արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների շահույթի շոշափելի նվազում, որից հետո դա միանգամից արատացոլվելու է ծավալների վրա, որովհետև մարդիկ շահույթի համար են բիզնես անում»։

Նրա համար ակնհայտ է, որ պետական միջոցառումները դանդաղում են և որ այսպիսի դանդաղումները տնտեսության ոլորտի վրա անդառնալի հետևանքներ են ունենում։

«Չմոռանանք, որ անցյալ տարվա արտահանման աճը 2,5 անգամ զիջում էր մինչև իշխանափոխությունը եղած ցուցանիշին․ այնպես էլ չէ, որ մենք շատ լավ վիճակում ենք և կարող ենք չշտապել և արտահանման փոխարեն ապրանքներն իրացնել ներքին շուկայում»,-մտահոգություն հայտնեց նա։

Թադևոս Ավետիսյանը զգուշացրեց, որ այս զարգացումները միտում ունեն դառնալու սոցիալական խնդիրներ, որովհետև արտահանման կրճատումը աշխատատեղի կրճատռում է, ինչը ուղղակի ազդում է աղքատության ցուցանիշի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում․