կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 10:39
Առանց Կատեգորիա

Արամայիս Սահակյանը` Լեւոն Մութաֆյանի հուշերում

Արամայիս Սահակյանը` Լեւոն Մութաֆյանի հուշերում

Էս ի՜նչ գլխակեր գարուն է... Հիմա էլ՝ Արամայիս Սահակյանը, Արմոն... Իմ ավագ ու լավ ընկերները հեռանում են՝ դատարկելով իմ շուրջը: Նրանց մոտ ես ինձ միշտ պատանի էի զգում, որովհետև նրանք ինձ շրջապատել էին պատանությանս տարիներից: Հիմա արդեն հասկանում եմ, որ ծերանում եմ... Արամայիսի մահն ինձ մեծ տխրություն ու ցավ պատճառեց, գնաց 1950-60-ականների ջահելների սիրած բանաստեղծը, ում ստեղծագործությունները բոլորն արտագրում էին ծոցատետրերում ու որպես սիրո խոստովանություն՝ ուղարկում իրենց սիրած աղջիկներին ու տղաներին...

 

Մի անուշ աղջիկ,
Մի քնքուշ աղջիկ,
Աշխարհ է տվել սրտիս երազին,
Այրում է հոգիս հրով երջանիկ,
Սակայն չգիտե ինքը այդ մասին...
Նա իմ աչքերին երբեք չի նայում,
Անցնում է այնպես լուռ ու մեկուսի...
Ա՜խ, գուցե ես էլ նրան եմ գերում,
Սակայն չգիտեմ ինքս այդ մասին...

 

Է՜հ, լավ բան չարիր, Արամայիս Սահակյան..

 

facbook-ի իր էջում գրել է  թատերագետ Լեւոն Մութաֆյանը եւ գրի առել Արամայիս Սահակյանի հետ կապված իր   հուշերից պատառիկներ:

 

 

 

Հուզում եմ, հուզում ես, ուզում ե՞ս...

 

Ակադեմիկոս Սևակ Արզումանյանը խիստ քննադատության էր ենթարկել Արամայիս Սահակյանի նոր գիրքը, մանավանդ հետևյալ քառատողը.

Ես քեզ հուզում եմ,
Դու ինձ հուզում ես,
Արի հանդիպենք,
Եթե ուզում ես...
Հին մամուլի տան (Իսահակյան 28) դեմ առ դեմ հանդիպեցին գրականագետն ու բանաստեղծը:
Արամայիս Սահակյանը ժպտաց ու ասաց.
Գրածներդ չեն հուզում,
Տեսնենք՝ ի՞նչ ես դու ուզում...

 

 

 

Քեզ արդարացրեցիր, խմիր

 

Ակադեմիկոս, նշանավոր թատերագետ և քննադատ Լևոն Հախվերդյանն ու Արամայիս Սահակյանը հարևաններ էին: Բանաստեղծը գրել էր.

Հարևանս քննադատ է, իմ տան դիմաց տուն ունի,

Բայց հերիք չէ՝ քննադատ է, դեռ իր տանն էլ շուն ունի...
Լևոն Հախվերդյանը խիստ զայրացել էր, Արամայիսին չէր բարևում... Հախվերդյանի հետ մտնում էինք իր բնակարանը, հարկում հայտնվեց Արամայիսը: Նայեց Հախվերդյանին ու ասաց.
Հարևանս քննադատ է, իմ տան դիմաց տուն ունի,
Լոռեցու իր մեծ սրտում ինձ համար էլ տեղ ունի...
Անչար ու անհիշաչար Լևոն Հախվերդյանը ժպտաց, գրպանից հանեց իր մշտական «ուղեկից» կոնյակով լի տափաշիշն ու պարզեց Արամայիսին.«Քեզ արդարացրեցիր, խմիր»...

 

 

Չթարգմանվեց...ռուսերենը աղքատ լեզու է

 

Առնո Բաբաջանյանի մոսկովյան բնակարանում էի: «Արեգակին պետք է հեռվից նայել» երգի ռուսերեն տեքստն էր համադրում մեղեդուն: Լսեցի, հետո զարմացած ասացի. «Առնո Հարությունովիչ, ախր սա բոլորովին ուրիշ տեքստ է, Արամայիս Սահակյանի տեքստի հետ կապ չունի»: Իրեն հատուկ հումորով ասաց. «Արամայիսին համոզել եմ, որ ռուսերեն «չքնաղ երազ» արտահայտությունը չի թարգմանվում, դրա համար էլ ուրիշ տեքստ եմ վերցրել»: Հետո այս մասին պատմեցի Արամայիս Սահակյանին: Ասաց. «Ո՞նց թե ռուսերեն չի թարգմանվում «չքնաղ երազ» արտահայտությունը... Հետո մի քանի տարբերակ ասաց, որոնք, բնականաբար, կապ չունեին չքնաղ երազի հետ, հետո թեթևացած պատասխանեց. «Դե էդ անտեր ռուսերենը շատ աղքատ լեզու է»...

 

 

Շիրազն ու ոզնին

 

Շիրազը գրողներից շատերին բարևելիս աղվես էր ասում... Արամայիս Սահակյանի հետ իջնում էինք Մաշտոցի պողոտայով, ՄԵԾ բանաստեղծը կանգնած էր իր շենքի դիմաց: Առաջինն Արամայիս Սահակյանը բարևեց: Շիրազն անտարբեր սասց. «Բարև, աղվես»:

Հետո աչքերը կկոցեց, իրեն ուղղեց. «Չէ, բարև ոզնի»...

 

 

Սերն ու սեքսը չես տարբերում աթոռին ո՞նց ես նստում

 

Գյումրու մանկավարժական ինստիտուտում նշվում էր Արամայիս Սահակյանի ծննդյան 60-ամյակը: Բանախոսը ես էի: Երաժշտական մասն «ապահովում» էր Վարդան Պետրոսյանը: Հերթը հասավ բանաստեղծի շնորհակալական խոսքին: Կարդաց իր «Յոթ հրաշալիք,, բանաստեղծությունը: Հասավ Հինգերորդ հրաշալիքին, դարձավ դեպի ինձ. Հինգերորդ հրաշալիք՝ սերը... Չնայած Լևոն Մութաֆյանը սերը շփոթում է սեքսի հետ»... Հետո շարունակեց: Միջոցառումից հետո բարձրանում էինք ռեկտորի առանձնասենյակ՝ հյուրասիրության: Կողքովս քայլող Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանն ասաց. «Էլ կողքիցս չքայլես, անբարոյական մարդ ես... Բանաստեղծն էլ դա հաստատեց»: Արամայիս Սահակյանը լսեց, շրջվեց դեպի մարզպետը. «Սերն ու սեքսը չես տարբերում, Էդ աթոռին ո՞նց ես նստում»...