կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 13:35
Առանց Կատեգորիա

Հին ու նոր Շուշի

Հին ու նոր Շուշի

Ամեն անգամ Ստեփանակերտից Շուշի բարձրանալիս ինչ-որ նոր բան եմ հայտնաբերում ինձ համարՙ ե՛ւ լավ, ե՛ւ վատ, ե՛ւ հին, ե՛ւ նոր... Ու ամեն անգամ հնի ու նորի հակադրությունն ինձ ստիպում է հիշել նախկինում, ավելի կոնկրետՙ 80-ականներին, իմ տեսած Շուշին։

 

Այդ տարիներից ի վեր Շուշին շատ է փոխվել. պատերազմի ամենածանր հարվածներն է տարել։ Այստեղ շատ բան ավերվել էր, վառվել, սակայն հին Շուշիից, բարեբախտաբար, դեռ որոշ բաներ մնացել են, որոնք խոսում են նրա բազմադարյա ճարտարապետության մասին։ Այսօր հնի ու նորի հակադրությունն առավել քան նկատելի է, քանի որ այս փոքրիկ քաղաքում, երկար տարիների ընդմիջումից հետո, շինարարությունը լայն թափ է ստացել։ Քաղաքում շինարարական աշխատանքներ են ընթանում ինչպես պետական, այնպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու այլ բարերարների միջոցների հաշվին։

 

«Այստեղ օրեցօր կյանքն աշխուժանում է, ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս, նոր հիմնարկներ են բացվում։ Ճիշտ է, դեռեւս շատ անելիքներ կան, բայց վերջին երկու տարում արդեն նկատելի է, որ վերաբերմունքը Շուշիի նկատմամբ փոխվել է։ Սկզբից այսպես չէր. չորս կողմը ավերակներ էին, որոնք ամեն մի վայրկյան պատերազմն էին հիշեցնում, շատ քիչ բան էր կառուցվում։ Այսօր արդեն որոշ բաներ այլ են. օրինակ, մեր երեխաներն արդեն վերակառուցված դպրոցում են ուսում ստանում, տրանսպորտը նորմալ աշխատում է։ Մնում էՙ ավելի շատ ներդրումներ անեն եւ աշխատատեղեր բացեն, որ շուշեցիներն աշխատանք ունենան»,- ասում է Շուշիի 42-ամյա բնակչուհի Սվետլանան, ով փաստում է, որ քաղաքում գործող հիմնարկների որոշ մասի աշխատողները շուշեցիներ չեն, այլ ստեփանակերտցիներ կամ հանրապետության մյուս բնակավայրերի բնակիչներ։

 

Շուշեցի Արմենն էլ, չնայած ապրում է այնտեղ, աշխատում է Ստեփանակերտում։ Ասում է, որ ամեն օր գնում է աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնում տուն։ Այն հարցին, թե ինչու չի Շուշիում աշխատում, պատասխանում է, որ նախկինում աշխատանք ուներ, սակայն ինչ-ինչ պատճառներով հանեցին աշխատանքից, եւ ստիպված եղավ Ստեփանակերտում աշխատել։ «Այսպես էլ վատ չէ։ Ճիշտ է, լավ կլիներ, որ այստեղ ունենայի աշխատանք, տրանսպորտի փող չծախսեի, բայց, ինչ արած, յոլա ենք գնում։ Հիմա կնոջս համար եմ աշխատանք փնտրում, բայց դեռ չեմ գտնում։ Շուշիում այդքան էլ հեշտ չէ աշխատանք գտնելը»,- ասում է 40-ամյա Արմենը։

 

Շուշիում ամեն մեկը յուրովի է հայթայթում իր օրվա հացի փողը. ոմանք պարզապես վարձու աշխատողներ են, ոմանք իրենք են իրենց ուժերով ինչ-որ գործ ստեղծում, ոմանք հույսները դրել են դրսում աշխատող բարեկամների վրա, իսկ ոմանք էլՙ բարերարների։ Տարիներ շարունակ բարերարներն այնքան են օգնել շուշեցիներին տարբեր բաներովՙ փող, հագուստ եւ այլն, որ որոշ մարդկանց համար արդեն կենսակերպ է դարձել ուրիշների հաշվին ապրելը։ Դա այնքան է խորացել մարդկանց հոգեբանության մեջ, որ քաղաք այցելող զբոսաշրջիկներից իրենց երեխաներին նկարելու համար գումար են խնդրում։

 

Նման մի երեւույթի ականատես էլ ես դարձա, երբ քաղաքում քայլելիս ու նկարահանումներ անելիս հանկարծ լսեցի կողքովս անցնող երկու կանանցից մեկի արտահայտությունը. «Էդ երեխեքին, որ նկարում են, է, փող պետք է տալ, ոչ թե հենց այնպես նկարել ու գնալ»։ Զարմացած հայացքիցս նրանք անխոս հեռացան, իսկ երեխաները շարունակում էին ժպտալով նկարվելՙ առանց որեւէ բան պահանջելու։ Երեւի նրանց ծնողները չէին հասցրել սովորեցնել, որ նկարվելու համար պետք է փող պահանջել։

 

Նկարելու համար գումար ինձնից չպահանջեց նաեւ 10-ամյա Զարինեն, ով, իր պատմելով, Շուշիում է ծնվել։ Երաժշտական թեքումով դպրոցում է սովորում։ Արդեն հասցրել է նաեւ Շուշիում կազմակերպված համերգային ծրագրերից մեկին մասնակցել։ Փոքրիկ Զարինեն ասում է, որ Շուշին շատ է սիրում ու երբեք չի ցանկանա տեղափոխվել այլ բնակավայր։ «Այստեղ սիրում եմ, շատ ընկերներ ունեմ, մեր տունն այստեղ է։ Չեմ ուզում ոչ մի տեղ գնալ։ Ուզում եմ, որ մեր քաղաքը կառուցեն, որ ավելի գեղեցիկ ու մարդաշատ դառնա»,- ինձ հետ զրույցում նշեց 10-ամյա շուշեցին։ Այսպես էլ ապրում են Շուշիումՙ հնի ու նորի, լավի ու վատի հակադրության մեջ։ Եվ ինչպես անզեն աչքով կարելի է նկատելՙ հակադրությունը ոչ միայն շինությունների միջեւ է, այլ նաեւ մարդկանց հոգեբանության։

 

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ