Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սիրիայից՝ Շուշի» նոր երգ՝ նվիրված սիրիահայ դաշնակցական նահատակված քաջերին։
Արցախյան վերջին պատերազմի դժնդակ օրերին հայրենիքից հեռու՝ Սիրիայում ապրող, բայց հայրենիքը միշտ իրենց սրտում պահող երեք քաջ դաշնակցական՝ Յարություն Բանոյանը, Յակոբ Ասթարճյանը ու Մոսիկ Սեքլէմյանը թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների մասին լսելով՝ շտապեցին հայրենիք՝ սուրբ հողը պաշտպանելու։
1976 թվականին ծնված Յարություն Բանոյանը, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել էր ռազմական գործում թրծվել․ նա ռազմական գործի գիտակ էր։ Յարությունը, որին ընկերները Յարութ էին կոչում, Հալէպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության հրամանատար էր եղել, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության 2-րդ աստիճանի» մեդալակիր էր։
1991 թվականին ծնված Յակոբ Ասթարճյանը և 1992 թվականին ծնված Մոսիկ Սեքլեմյանը ևս Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության մարտիկներն էին։
Ընկերները կենաց-մահու պայքար էին մղում Շուշիում՝ հուսալով, որ թշնամուն շպրտելու են։ Եւ, իրաւ, ետ էին շպրտում։ Քաջերի հրամանատարը Յարութ Բանոյանն էր։ Ռազմական փայլուն մտքի շնորհիվ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով՝ Յարութը, Յակոբն ու Մոսիկը նոյեմբերի 8-9-ին Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերում հերոսաբար ընկան։
Այս քաջերն ընկան՝ իրենց ոգում վառ պահելով ազատ, անկախ ու միացյալ հայրենիք ունենալու լուսե երազանքը։
Քաջերն ընկան՝ Շուշիի անկումը չտեսնելով, նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ եռակողմ հայտարարության մասին չիմանալով․․․
Յետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրված Յարութի, «Արիութեան» մետալով պարգեւատրված Յակոբի ու Մոսիկի մասին նոր երգ է գրվել, որը կատարում է հայրենասիրական երգերի մեկնաբան, Սիրիայում ծնված, այժմ Ֆրանսիայում հաստատված դաշնակցական Սագօ Պուտուզյանը։ «Հորիզոն»-ի հետ զրույցում նա նշեց՝ ոգու կանչով զգացել է՝ այս քաջերի մասին երգը պետք է գրվի ու այն պետք է կատարի ինքը։
«Սիրիայից՝ Շուշի» երգի խոսքերի հեղինակները Սագօ Պուտուզյանն ու Յասմիկ Բալեյանն են, երաժշտության ու գործիքավորման հեղինակը Յովիկ Ատուրյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Խաչիկ Ղազարյանը։
Յարութի, Յակոբի, Մոսիկի ու մյուս քաջերի անունները մեր սրտերում են։ Նրանց պես քաջերի սխրանքների շնորհիվ է, որ մենք հայրենիք ունենք։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…»։