Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԱԺ հայտարարությունների ժամին դիմելով գործընկերներին, կոչ արեց համարձակություն գտնել և ևս մեկ անգամ կամ գուցե առաջին անգամ ընթերցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որպեսզի անցնեն բովանդակային քննարկման:
«Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախ կդիտարկեի երկու ուղղություններով՝ իրավական և քաղաքական: Իրավական առումով, իհարկե, շեշտադրումները բազմաթիվ են, բայց այսօր ես կծանրանամ ընդամենը մեկ-երկու ուղղության վրա, այդ թվում` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդրի և մեր ընդդիմադիր քաղաքական ուժերին վերահսկողական լծակներ տալու գաղափարի: Այս ամբիոնից բազմիցս խոսվել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրների և մեր ընդդիմադիր գործընկերներին վերահսկողական լծակներ տալու մասին: Արդյո՞ք սրանք անհրաժեշտ են, արդյո՞ք կարևոր են` թե՛ ժողովրդավարության և թե՛ մեր երկրի, մեր պետության զարգացման առումով: Իհարկե, կարևոր են: Արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի դրանք սահմանադրորեն ամրագրվեն: Իհարկե, անհրաժեշտ է»,- հայտարարեց պատգամավորը:
Բայց քանի որ որոշ գործընկերներ չեն կարդացել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, Սահակյանն անցավ քաղաքական բաղադրիչին: «Քաղաքական բաղադրիչը մեր ոչ իշխանական գործընկերների դիրքորոշման մեջ ներառում է ընդամենը հետևյալ սկզբունքը` «չենք ուզում, որովհետև չենք կարդացել, չենք կարդալու, որովհետև չենք ընդունում»: Ուրիշ որևէ պատճառաբանություն չկա: Նրանց կողմից բերվող մյուս պատճառաբանությունը, թերևս, հետևյալն է` «որովհետև իշխանությունը կոռուպցիայի մեջ թաղված է»: Հիմնավորվա՞ծ է արդյոք այս թեզը: Մենք ինքներս երբևէ չենք ասել, որ կոռուպցիան հիմնահատակ վերացվել է, բայց այդ ասողներին և կուրծք ծեծողներին խորհուրդ կտայի այդ բարեփոխումները նախ սկսել իրենցից` քանզի նայելով նրանց ապրելակերպին, դրա անհրաժեշտությունն ավելի եմ տեսնում: Խոսում են մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումից: Եվ ովքե՞ր են խոսացողները` միտինգից միտինգ հիշողները, ովքեր այդ միտինգներում սպասումով լեցուն մարդկանց ընդամենը դիմում են հետևյալ արտահայտությամբ` «զսպեք դրան»: Եվ իրե՞նք են մարդու իրավունքների մասին մտածողները: Վերջում` հիշելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի ժամանակ հնչեցված հետևյալ միտքը` «ես պատրաստ եմ նույնիսկ համագործակցել սատանայի հետ…», հռետորական հարց հնչեցնեմ` այդ ո՞ւմ հետ է պատրաստվում համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանը»,- եզրափակեց պատգամավորը: