Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ilur.am-ը զրուցել է Լ. Տեր-Պետրոսյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.
– Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը:
– Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։ – Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։
Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին եւ սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որեւէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։
– Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր եւ արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։
– Անշուշտ այդպես էր, որովհետեւ իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենեւին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, եւ անգամ ավելին։
– Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։
– Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը եւ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարեւորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։
Ամբողջ հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում: