կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-03 10:14
Առանց Կատեգորիա

Բռնաբարված անկախությունն ու ինքնաթիռի թռիչքին սպասող ժողովուրդը

Բռնաբարված անկախությունն ու ինքնաթիռի թռիչքին սպասող ժողովուրդը

Ի՞նչ փոփոխություն կրեց հայ ժողովուրդը երբ մեկ սերունդ ծերացավ կամ 20 տարի անցավ: Արդյո՞ք, հիմա դա նույն այն ժողովուրդն է, որ էր` 20 տարի առաջ:  Մեր սրտով է թե ոչ , ցանկանանք թե ոչ, մենք այն ենք, ինչ որ կանք և  հնձելու ենք միայն մեր  ցանածը:

Խորհրդային գաղութացման տարիների ողջ ընթացքում լավագույնս դրսեւորվելու հնարավորություն չկար: Ճիշտ կլինի ասել, որ մարդու որակական հատկանիշները ուղղորդվում էին կոմունիստական բռնապետությունը փլուզումից պաշտպանելու գործին, իսկ հասարակ ժողովուրդը գողանում էր պետությունից, գողանում էր ինչքան հնարավոր էր, ապրում էր, ինչպես ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները:

Բայց հետո եղավ անսպասելին… ընկանք Սպիտակում: Առավել քան դա, ընկանք ու դեռ ընկած ենք Կրեմլի պարիսպների փլատակների տակ, փոշոտ ու կեղտոտ, քրքրված, անզգամ, անբովանդակ ու անտեր, սպասելով տիրոջ ողորմածությանը:

70 տարի գողանալուց հետո, 71-րդ և հաջորդ տարիներին նույնն ես լինելու: Թող ոչ ոք հրաշքի չսպասի: Քո բնազդն ու վարքը կտանեն քեզ իրենց ետևից, եթե չհրաժարվես նրանցից:

Կդառնաս անտուն, անկուշտ ու անտեր, եթե չզոհաբերես քեզ և չմաքրես հոգիդ:


Ստրկամիտ մտածելակերպը մեր սրտում, և անկախության քվեաթերթիկը  ձեռքներիս  մտանք  տեղամաս, որտեղ նկարված, կեղծավոր  ժպիտներով մեզ էին սպասում արդեն թալանի համը տեսած անողնաշար ապազգային, կաշին և տիրոջը փոխած նույն կոմունիստները: Իսկ հետո եղավ այն, որը ոչ ոք ու երբեք չէր սպասում`  հարմարվող, ենթարկվող, ստորացած մասսաներ, իրավունքները ոտնահարված և կողոպտված սեփականությամբ ժողովուրդ: Սեփական ժողովրդին  թալանելու մոլուցքով տառապող իշխանավորները ասես վերակերտեցին թշվառության եզրին հասած և անտերության մատնված անցյալ դարասկզբից  ծանոթ հային:

Սրանք են մեր անկախության տարիները: Անկախություն, որին հասնելու համար  պայքար չմղվեց, արյուն չթափվեց: Թույլատրեցին և անկախացանք: Ավելի ճիշտ` չհակաճառեցին  մեր անկախության հայտարարությունը հրապարակելուց, որովհետև  գիտեին, որ  այդ տեսակի հասանելիք անկախությունը, ենթարկվող անկախություն է լինելու: Գիտեին, որ վերագաղութացնելը ժամանակի հարց է միայն և չհակաճառեցին:


Իսկ հետո սկսվեց անկախացած երկրի դիակապտությունը` «իմն ու քոնը» բարոյա-խրատական փիլիսոփայությամբ, շարունակվեց` «իմն ու մերը» թայֆայա-կլանային կարգախոսով, որից հետո բարով-խերով մտան բարոյականությունը կորցրած և այլասերված «քո մերը…»` հանուն բարգավաճող ու արդարություն արարող վարչախմբի ու ճկուն առաջնորդների ե դարաշրջանը:

Ցավոք սա է  խորհրդային իշխանությունների թողած ժառանգությունը, որից չհրաժարվեցինք: Վաղն ի՞նչ ենք ցանելու…:

Ձեռք  բերեցինք  ենթարկվող, ստորացնող անկախություն, ինչը որպես ոսկե ստրկության շղթաներ մեր վիզն են գցել մեր տերերը: Ավելի ճիշտ, հագցրել են մեր երկրի իշխանավորների վզին, իսկ սրանք էլ հանուն սեփական բարգավաճման` հագցրել են  հարազատ ժողովրդի վզին:

Շղթաներ, որոնց վրա անկախություն ու ազատություն է գրված:

Բռնաբարված անկախությանը համակերպվում ու ենթարկվում են միայն ստրկամիտ, նյութապաշտ ու այլասերված արարածները: Այս կենդանու տեսակը, հանուն իր տեսակի գոյատևման, հանուն իր իշխանության ոչ միայն վաճառում է բարոյական յուրաքանչյուր արժեք, այլ նաև փչացնում է  նոր սերնդին, որպեսզի գալիք երիտասարդությունը չկարողանա դիմադրել դրան: Փչացնում են, որպեսզի ապահովեն իրենց խաղաղ ծերությունը, փչացնում են, որ փոխարինող սերունդը պատասխանատվության չկանչի կատարած հանցագործությունների համար: Փչացնում են հետևողական ու կազմակերպված ձևով: Ինչպես ժառանգական հիվանդություն այդ ախտը փոխանցում են միմիյանց` հորից  որդի ու փեսա, աջից ձախ ու վերևից ներքև: Եթե չեք նկատում, թե ինչպես են փչացնում, ուրեմն ուշադիր հետևեք նրանց ապրելակերպին և կտեսեք թե ինչով են փչացնում երիտասարդությանը:

Անկուշտ հայերի անկուշտ ժամանակաշրջան…,: Երևի այս տեսակը կհագենա միայն այն դեպքում, երբ  աչքերը կլցվեն հողով:

Այժմ էլ նեո-բոլշևիկյան արժեքներ կրող ու ներկայացնող ՀՀ իշխանական վերնախավը շարունակում է իր նախորդներից թողած սովորություններն ու գործելաոճը:

Ռազմական շքահանդես անցկացնող վարչախումբը, ինչպես «հին ու բարի» ժամանակներում, նույն ոգեւորությամբ ու առոգանությամբ, նույն շեշտադրմամբ, նույն պաթոսով ու կոչերով …: Որքան էինք կարոտել քեզ, ինչու՞ այսքան երկար տևեց քո չհեռացած վերադարձը:


Այլայլված հրճվանքից ինչպես կարելի է մերժել այն վարակիչ ոգեւորվածությունը և չհալվել առ երկինք ու Աստված ուղղված կոչերից, թե ինչպես և ինչով ենք պատժելու ադրբեջանցուն, որը վախենում է հարձակվել մեզ վրա:Բավարարված հպարտությամբ մենք ուզում ենք պատժել մեկին, բայց և դրա հետ միասին ամեն ինչ անում ենք, որ նմանվենք այդ տեսակին: Այսօր սա է հայ իրականության երազանքների սահմանումն ու մտքի պահանջը:


Առավել սրան թերևս կարելի է ուշադրության արժանացնել նաև միանգամից երկու նախադեպ, որ տեղի ունեցավ այդ օրը:

Առաջինը տերտերների մասնակցություն էր զորահանդեսին, մի բան, որը ոչ միայն հակասում է քրիստոնեական վարդապետությանը, այլ նաև անհամատեղելի է աշխարհիկ կարգեր ամրագրած ՀՀանրապետությանը:

Երկրորդ,  արտառոց նախադեպը ռուսական զորքի մասնակցությունն էր ռազմական շքերթին:

Այստեղ, այդ դեպքի առնչությամբ, ինչպես սիրում են կլկացնելով արդարանալ ներկայիս հայ նեո-բոլշեւիկ իշխանավորները, բացառություն է արված, և արված է, որ մենք մեզ ապահով զգանք :

Պարոնայք ուղեղով շղթայվածներ, այստեղ մեծ ու փոքր, հզոր կամ թույլ պետությունների խնդիրը չէ, այստեղ արժանապատվության ու բարոյականության հարցն է: Արժանապատվությունը կամ բարոյականությունը մեծ ու փոքր կամ ուժեղ ու թույլ չեն լինում: Նրանք կամ լինում են կամ չեն լինում: Հոգևոր այդ արժեքները, այն հզոր մղիչ ուժերն են, որ ոչ միայն անհատին, այլ նաև հասարակության շերտերին են կռվի տանում հանուն ազատության ու արդարության, որովհետև չեն ընդունում կեղծիքն ու շողոքորթությունը, ստրկությունն ու նվաստացումը:

20 տարի առաջ, այսօրվա անկախությունը բռնաբարող տականքը կազմակերպեց և թաթար-ազերիի հետ իրականացրեց «Օղակ ե գործողությունը, իրենց պապենական օջախներից տարհանեցին ու սպանեցին հայերին: Ռուսը կրկին օգնեց թուրքին հայկական հողերը բռնազավթելու գործում:Հայ իրականություն, մինչ այսօր  ոչ միայն հանդուժեցինք դա, այլ նաև քայլեցինք նրա հետ միասին մեր անկախության տոնին, հաշտվելով  ազգի հանդեպ կատարած նրա հերթական հանցագործության հետ: Ինչ արժեք ունեն զրահապատ մեքենաներն ու ինքնաթիռներ,ը երբ դու լքում ես Հայկական հողի համար  զոհված ազգակիցներիդ, արհամարելով նրանց թափած արյունը:1920թ Կարսը հանձնելուց առաջ, հայերը Կարսում կրկնակի ավելի շատ զորք ու զենք (գումարած Կարսի անառիկ դիրքը) ունեին, քան հարձակվող քեմալական բանակը, սակայն պարտվեցին ու խայտառակ ձևով փախուստի դիմեցին առանց լուրջ դիմադրություն ցույց տալու: Թե հերոսական և թե ամոթալի Պատմությունը կրկնվում է, երբ այն կրկնողներ են հայտնվում: Հայ իրականություն, բարոյա-հոգեբանորեն նվաստացած հայը չի կաող իր հողը լիաժեք պաշտպանել, երբ նրան այդ հողի տիրոջ կարգավիճակից զրկում են ու թալանում: Հայ իրականություն, արդյո՞ք գիտես ով ես դու այսօր և ինչ ես լինելու վաղը: Քո այսօրվա բարոյական ու ֆիզիկական ներքնաշխարհն ուղիղ համեմատական է քո մտածելակերպին ու սկզբունքներին: Քո մտածելակերպն ու սկզբունքները ուղիղ համեմատական են քո գործողություններին ու ապրելակերպին: Իսկ քո ապրելակերպն ու գործողողությունները պատճառ են անմարդկային բնորոշումներով «իշխանական և էլիտար վերնախավ» որակված տեսակի արտադրանքին:  Հայ մարդ, ուժ գտիր քո մեջ` փոխելու աղավաղված տեսակդ, դարձիր այն, ինչը որ չես հիմա և դու հնարավորություն կունենաս փոխել Երկիրը:

 Գեւորգ Վարդանյան