Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումների մասին: Դերասանի բնորոշմամբ՝ ինքը դեռ այսպիսի «ապրիլքսանչորսյան դիմավորում» չէր տեսել, որ նման մշակութային խանդավառությամբ ուղեկցվի:
«Այս խանդավառությունը վատ չէ, բայց երբ հիշում ես՝ ինչին ընդառաջ է այն արվում, մի քիչ վատ ես զգում, հետո հասկանում ես՝ սա նման է այն իրավիճակին, երբ, ասենք, տարիքով մարդ է մահանում, մի երկու բաժակ խմելուց հետո քեֆ է սկսվում քելեխի սեղանի շուրջ: Բայց երբ ազգովի են այդքան ուրախ, դա մի քիչ մտահոգիչ է»,- նշեց դերասանը:
Ըստ նրա` Ցեղասպանության միջոցառումների կազմակերպմանն ուղղված բոլոր մղումները շատ անկեղծ են, բայց մոտեցումն այդքան էլ լուրջ չէ, քանի որ դրա համար ձևավորված մշակույթ չկա: Որպես օրինակ` դերասանը նշեց Սերժ Սարգսյանի՝ Ցեղասպանություն տեսած կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհած մրցանակները: «Մրցանակը տրվում է, երբ ինչ-որ մրցույթ է, և այդտեղ հաղթում են, բայց ախր ի՞նչ մրցույթում պետք է հաղթեին կոտորած տեսած կանայք: Երևի թե մեկն ավելի շատ էր բռնաբարված, քան մյո՞ւսը, թե՞ մեկը մահացել էր՝ տանջանքների ենթարկվելով, իսկ մյուսը՝ ոչ: Սա նաև զավեշտալի է, բայց մղումներն անկեղծ են»,- ասաց Դանիելյանը: