կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 19:14
Առանց Կատեգորիա

Երբ կարդացողը չկա...

Երբ կարդացողը չկա...

Ի՞նչ է ողորմածությունը: Մեր հարեւան շենքի բակում շուն կա, գեղեցիկ` ինչպես բոլոր շները, թախծոտ աչքերով` ինչպես մարդը, որը հասկացել է իր անզորությունը: Այս շունն, ուրեմն, մի ոտքից կաղում է, ավելի շուտ դիտավորյալ, քան անզգույշ հարվածից: Շան հայացքը միշտ պատմողական է: Նախկինում նա մեկ այլ բակի շուն է եղել: Մեր հարեւան բակ եկավ մի քանի ամիս առաջ:

 

Գիտեք, կան մարդիկ, որոնք շանը հանգիստ են թողնում ոչ ագրեսիայի պակասից, իսկ կաղ շանը հանգիստ են թողնում նրա ժամանակավորության շատ սուր զգացումից` էսօր կա, վաղը չկա: Ուրեմն` ողորմածության առաջին արտահայտությունը հանգիստ թողնելն է: Բայց ողորմածությունը, ինչպես շունը, խնամք է ուզում: Եվ այնպես չէ, որ մարդը ծնվում է ողորմած: Ավելի շուտ նրա ծնունդն է ողորմածության արտահայտություն: Իսկ մարդն Աստծուն իրացնում է պատասխան ողորմածությամբ: Այսինքն` խնամում է նրա արտահայտված հմայքը, որ է աշխարհն իր բնությամբ եւ կենդանական աշխարհով:

 

Որովհետեւ եթե շունը հարեւան բակում է ծվարել ու նրան հանգիստ թողնելը մեր ամբողջ ողորմածությունն է, ուրեմն դա նաեւ ողորմածությունն է այն արնախումի, որը չգիտի այդ շան տեղը: Եթե մարդը շան կողքով անցնում է ոչ հարձակողական քայլերով, ինչ շունը` մարդու կողքով, ո՞րն է նրա ու մարդու տարբերությունը:

 

Հանգուցյալի մասին հայ մարդը երբեմն ասում է` օղորմածիկը: Որովհետեւ մարդ էր, որին մեր ձեռքից բաց ենք թողել: Մենք նրա մեր ձեռքից բաց թողած հնարավորությունն ենք: Հնարավորությունն ապրում է, մինչ մարդը` ոչ: Եվ այդպես` դարեր շարունակ: Մարդն իր ամեն քայլից փորձում է հաճույք ստանալ: Եվ հնարավորինս քիչ պարտավորություն վերցնել իր վրա: Ողորմածության ինքնապահպանման բնազդները ցանկացած պարտավորությունից դուրս են: Հենց դա է մարդուն դարձնում Աստծո արարած: Այսինքն` մարդը միայն Աստծո ձեռքբերովի արարած է: Մարդը կոլեկտիվ չէ, ումով էլ որ նա շրջապատված լինի, նա նախ եւ առաջ միայնակ արարած է, բայց նա միայնակ է նախ այն փաստի մեջ, որ ի վիճակի է արհամարհել իր դիմացինին:

 

Ի՞նչ է համակեցությունը: Այն ողորմածության իրացումն է: Մի քանի օր առաջ Դիլիջանում ինքնասպանության փորձ արեցին մայրը եւ նրա երկու զավակները` որդին եւ դուստրը: Մայրը մահացավ: Զավակները, փառք Աստծո, փրկվեցին: Բայց լրատվամիջոցները գրում են, որ, մասնավորապես, որդին առաջին անգամ չէ, որ նման փորձ է անում: Երբ մարդն ինքնասպանություն է գործում, գործելուց առաջ նա հավասարվում է այն կաղ շանը, ում հանգիստ են թողել: Ինքնասպանության պահին մարդն իր գիտակցության բորբոսն է այն իմաստով, որ ապրելու ոչ մի փաստարկ այլեւս չի պատճառաբանում նրան: Բայց դա ՙգործի կեսն՚ է: Մարդը մեռնում է, երբ նրա աչքերն այլեւս ոչինչ չեն պատմում: Ավելի ճիշտ` երբ կարդացողը չկա: Մարդը մեռնում է, երբ մի օր այնքան է ինտեգրվում իր նստուքի տակ գտնվող ՙԳրանդ Չերոքի Ջիփ՚-ին, որ դադարում է տեղեկանալ ոչ միայն կաղ շան, այլեւ ընդհանրապես շների գոյությանը: Մարդը մեռնում է, երբ մյուսների գոյության մասը չէ, երբ չկան աչքերը…

 

Սեյրան Հանոյան