կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 16:16
Քաղաքական

Անօդաչու թռչող սարքի կործանումը շշմեցրել է ադրբեջանցիներին

Անօդաչու թռչող սարքի կործանումը շշմեցրել է ադրբեջանցիներին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որպես ձեւ, թեեւ կշարունակվեն, սակայն առաջիկայում նախագահների մակարդակով հանդիպում, ըստ նրա, այնքան էլ հավանական չէ: Հետեւաբար` հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց ակնկալելու հիմք չկա:

 

Մանոյանի խոսքով` ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ոչնչացումը ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից մի քիչ շշմեցրել է ադրբեջանցիներին, եւ նրանք փորձում են այդ հարցի լույսի տակ քաղաքականորեն մի քիչ զուսպ մնալ: Ըստ նրա` զուսպ մնալու մյուս հանգամանքն էլ ՄԱԿ-ում Ադրբեջանի թեկնածության հարցն է:

 

«Վերջին շրջանում նրանք փորձում են մի քիչ նվազ հավակնոտ ու ռազմատենչ երեւալ, որպեսզի փորձեն կողմնակիցներ ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց թեկնածությունն արդյունավետ առաջ տանելու համար»,- նշեց Մանոյանը:

 

Անդրադառնալով Թուրքիայի կառավարության առաջարկով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգ վերադարձնելու հարցին` դաշնակցության ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիայի համար արձանագրությունների ներկա վիճակը` ստորագրված, բայց չվավերացված, ամենացանկալի վիճակն է, որովհետեւ Թուրքիան արդեն ստացել է իր ստանալիքի մեծ մասը` ԱՄՆ-ն ու Եվրոպան սկսել են մտածել ու արտահայտվել նույն կերպ, ինչ Թուրքիան. «Այսինքն` Թուրքիային ձեռնտու է, որ արձանագրությունները անպայման գոյատեւեն որպես ստորագրված փաստաթղթեր եւ ինքը, ոչինչ չտալով, ստանա իր ուզածը: Էլ չեմ խոսում այն մասին, որ ով փորձում է Թուրքիային հիշեցնել, որ պետք է արձանագրությունները վավերացնի, ասում է` խնդրեմ, Ղարաբաղի հարցը կարգավորվի, ես կվավերացնեմ: Ստացվում է, որ երեք նախապայմաններում էլ ինքը ունի առավելություն, իսկ մենք բավարարել ենք այդ նախապայմանները` փոխարենը ոչինչ չստանալով` ո'չ դիվանագիտական հարաբերություններ, ո'չ էլ շրջափակման վերացում»: