Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին մասնակցել է 4 հազար զինծառայող, ցուցադրվել է 3 հարյուր միավոր զինտեխնիկա: «Սակայն պետք չէ այս զորահանդեսը համեմատել Ադրբեջանի զորահանդեսի հետ: Նրանց զինտեխնիկան ավելի շատ էր, բայց մենք բազմիցս շեշտել ենք, որ խնդիրը քանակի մեջ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ փորձագետի` զորահանդեսը բացառիկ էր ոչ միայն ցուցադրված զինտեխնիկայի, այլեւ կազմակերպչական մակարդակով: Այսօր Հայաստանն առաջին անգամ ցուցադրեց հարձակողական պոտենցիալի զինատեսակներ, որոնք իրենց հեռահարությամբ սպառնում են հակառակորդի բոլոր թիրախներին: Իհարկե, ոչ բոլոր զինատեսակները ցուցադրվեցին:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ առաջին անգամ ցուցադրվեցին նաեւ հայրենական արտադրության յուրահատուկ եւ կատարելագործված զինատեսակներ, մասնավորապես` հրետանու կրակի կառավարման եւ հակահետախուզության համակարգեր, ականանետային համազարկային համակարգեր:
Զորահանդեսին բացառիկություն էր հաղորդում զինված ուժերում հոգեւոր սպասավորություն իրականացնող ավելի քան 40 եկեղեցականների մասնակցությունը: Իսկ զորահանդեսին մասնակցող ազատամարտիկները ցույց տվեցին, որ միշտ բանակի կողքին են եւ պետք եղած ժամանակ կարող են կրկին զենք վերցնել:
Փորձագետն ասաց, որ, ի տարբերություն Ադրբեջանի, որը տարին երկու անգամ է զորահանդես կազմակերպում, մենք հինգ տարին մեկ անգամ ենք այն անցկացնում. հաջորդը լինելու է պետության անկախության 25-ամյակին:
Ռազմական փորձագետը Պատվո պահակախմբի կողմից իրականացված շարային դեֆիլեն պարզապես ցնցող համարեց` ընդգծելով, որ դա ոչ բոլոր երկրներին է հաջողվում, ինչն էլ խոսում է զինվորների կարգապահության մասին: