կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 15:45
Հասարակություն

Սև ու սպիտակի բաժանելով` լրատվամիջոցների միասնականությունը վերանում է. Ենոքյան

Սև ու սպիտակի բաժանելով` լրատվամիջոցների միասնականությունը վերանում է. Ենոքյան

Եթե դու ունես իրավունք, բայց տեսնում ես, որ դա փոքրիկ զանցանք է, ու չես կիրառում քո իրավունքը, ուրեմն կողմ ես, որ այդ հեռուստաընկերություններն ապրեն իրենց նորմալ, բնականոն կյանքով: Բայց երբ  իրավունք  ունես, սակայն կիրառում ես կոշտ ձևով, նշանակում է` պատժելու քաղաքականություն ես դրել քո առջև. լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը` անդրադառնալով վերջին շրջանում հեռուստաընկերությունների նկատմամբ տարվող «պատժողական քաղաքականությանը»:

Նա ասաց, որ անցած 15-20 տարիների ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսքան ակտիվ չի սկսել զբաղվել հեռուստաընկերություններով, այսքան ակտիվ պատժամիջոցներ չի կիրառել, որքան հիմա: Բանախոսը որոշ հեռուստաընկերություններ փակելու միտում է տեսնում:

 «Շատերն են ինձ մեղադրում, թե լրատվամիջոցների հետ կապված իրավիճակի գույները խտացված եմ ներկայացնում, բայց լրատվադաշտում այսօր ստեղծված իրավիճակը նորմալ չէ: Լրատվամիջոցներին սևերի ու սպիտակների բաժանելը խնդիր է առաջացնում, քանի որ լրատվամիջոցների և խոսքի ազատության կարևորագույն երաշխիքը լրատվամիջոցների միասնականությունն է։ Երբ սև ու սպիտակի են բաժանվում, լրատվամիջոցների միասնականությունը վերանում է: Արամ Ա կաթողիկոսի հրավերով Բեյրութում կայացած համաժողովի ժամանակ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, խոսելով լրատվական դաշտի հիմնական խնդրի մասին, անդրադարձել էր լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության խնդրին: Բայց ասեմ, որ լրատվամիջոցներն իրենց հաշվետվությունների մեջ ներկայացնում են ֆինանսական աղբյուրները։ Չգիտեմ՝ ինչ է ցանկանում անել իշխանությունը, բայց վախենամ, որ կա լրատվամիջոցներին լռեցնելու վտանգ»,- մտահոգություն հայտնեց բանախոսը:

Մեդիափորձագետի կարծիքով` ԶԼՄ-ների համար սպառնալիք  կարող է լինել նաև անցումային արդարադատությունը, քանի որ այն առաջին հերթին վերաբերում է սեփականության վերաբաշխմանը: «Իսկ իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ լրատվամիջոցներ չունեն»,- նշեց նա` մտավախություն հայտնելով, որ սեփականության վերաբաշխումն առաջին հերթին կանդրադառնա լրատվամիջոցներին։

 «Մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ 91 հայց է ներկայացվել` այն դեպքում, երբ նախորդ 5 տարիներին, միասին վերցրած, այդքան հայտ չի եղել: Լրատվամիջոցները բավականաչափ նուրբ ու ոչ շատ հարուստ կազմակերպություններ են, իսկ լրատվամիջոցի դեմ հայցերը  լրացուցիչ ժամանակի ու ֆինանսի կորուստ է: Դրանց նկատմամբ ԶԼՄ-ները զգայուն են, ու սրանք լրատվամիջոցներին ճնշելու փորձեր են,- շեշտեց Ենոքյանը:- Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությունների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել, տուգանել նրանց: Տուգանքների մեծ մասը մտացածին է, որոնց պատճառով հեռուստաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից»։