Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինան և ԵՄ-ն այսօր Բրյուսելում ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արարողության ժամանակ նշել է, որ համաձայնագրի մյուս' տնտեսական բաղադրիչը, որը վերաբերում է ազատ առևտրի լիարժեք գոտու ստեղծմանը, արդյունաբերությանը, տուրիզմին, գործարարությանը, հարկահանությանը և այլն, կստորագրվի մինչև տարեվերջ:
Համաձայնագրի թեկուզ մասնակի ստորագրման արագացումը փաստացի ուղղված էր Ռուսաստանի դեմ: Չնայած ԱՄՆ-ը և ԵՄ-ն արդեն երրորդ օրն է' Ռուսաստանի նկատմամբ նորանոր պատժամիջոցներ են սահմանում, դրանք առայժմ սահմանափակվում են, այսպես կոչված, «սև ցուցակներ»-ով, որոնք Մոսկվայի համար առանձնապես ցավոտ չեն: Իրական, ցավոտ հարվածը Արևմուտքը Ռուսաստանին հասցնում է այս համաձայնագրի ստորագրմամբ, որը, պատկերավոր ասած, Ռուսաստանի կողմից Ուկրաինան կորցնելու ակտ է:
Բրյուսելը Մոսկվային պարտադրում է յուրօրինակ մի առևտրային գործարք' ռուսները ստանում են Ղրիմը, որը կորցնելու հետ արդեն համակերպվում է նաև պաշտոնական Կիևը, փոխարենը ԵՄ-ն այս համաձայնագրի հիման վրա ձեռք է բերում Ուկրաինան: Պատժամիջոցները, որոնք ներկայումս կիրառվում են Մոսկվայի նկատմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ին դիվանագիտական բլոկադայի ենթարկելը ոչ այնքան Ղրիմում իրականացված ռուսական օպերացիային ադեկվատ հակադարձում է, որքան արդեն բուն Ուկրաինան մասնատելու, նրա հարավարևելյան շրջանների նկատմամբ Ռուսաստանի ախորժակը զսպելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնք, կարծես, արդյունքներ տալիս են: Թե' ՌԴ նախագահը և թե' պաշտպանության նախարարը մի քանի անգամ հայտարարել են, որ ռուսական բանակը չի մտնի Ուկրաինա: Սակայն սա չի նշանակում, թե Մոսկվան ընդունում է իրեն պարտադրվող գործարքի պայմանները: Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Սևծովյան նավատորմի տեղակայման դիմաց Ուկրաինա մատակարարվող գազի գնի զեղչման մասին համաձայնագիրը վերանայվելու է: Ուկրաինայում արդեն հաշվարկում են, որ ռուսական գազի գինը կարող է 1000խ/մ-ի դիմաց նախկին 100 դոլարի փոխարեն կազմել 380 դոլար կամ գուցե ավելի:
Այս ամենում Հայաստանին ավելի շատ առնչվում է մեխանիզմը, որով ԵՄ-ն և Ուկրաինան գնացին Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այն է' փաստաթղթի քաղաքական մասը տնտեսականից բաղդատելը: Ըստ էության' Բրյուսելը Կիևի հետ արեց այն, ինչ այդպես էլ չցանկացավ անել Հայաստանի պարագայում: Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման կայացման մասին, Երևանը Բրյուսելին առաջարկեց մի կողմ թողնել Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը և ստորագրել քաղաքական հատվածը, որը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և պետական կառավարման համակարգի բարեփոխումներին: Բրյուսելից, սակայն, հստակ հայտարարեցին, որ այն ամբողջական փաստաթուղթ է, ուստի կա'մ պետք է ստորագրվի իր ամբողջական տեսքով, կա'մ չի կարող ստորագրվել' առհասարակ: Փաստորեն, այն ամբողջական է միայն Հայաստանի համար:
Իրականում սա Եվրոպայի' երկակի ստանդարտների քաղաքականության հերթական դրսևորում է, բայց որոշակի վերապահումով: Հայաստանի դեպքում խոսքը վերաբերում էր ոչ թե համաձայնագրի տնտեսական, այսինքն' Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանն առնչվող մասը հետաձգելուն, ինչպես Ուկրաինայի դեպքում է, այլ դրանից ընդհանրապես հրաժարվելուն' հաշվի առնելով Մաքսային միություն մտնելու որոշման հետ անհամատեղելիությունը:
Եվ չնայած այդ հանգամանքին' Կիևի պարագայում նման մոտեցում ցուցաբերելը Հայաստանի իշխանությունների համար ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարներ է բացում: Պարզ է, որ ասոցացումը փուլային եղանակով իրականացնելու այս նոր մոտեցումը ուկրաինական ճգնաժամից Բրյուսելի ստացած դասերի հետևանք է: ԵՄ-ն հրաժարվում է իմպերատիվ, պարտադրողական կուրսից' փորձելով ավելի իրատեսություն և ճկունություն հանդես բերել Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների հետ հարաբերություններում: Հայաստանի պարագայում, թերևս, ուշ է Ասոցացման համաձայնագրի վերակենդանացման մասին խոսել: Սակայն այն շրջանում, երբ Ուկրաինայում մայդանական հեղափոխությունը հաղթանակի հասավ, ՀՀ իշխանությունն անակնկալ շրջանառության մեջ դրեց «Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի 2014-2015թթ. միջոցառումների ցանկ» կոչվող մի փաստաթուղթ, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածին: Այն ներկայացվել էր ԵՄ-ի հայաստանյան խորհրդատվական խմբին: Եվ ահա նախօրեին ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը և ԵՄ-ն քննարկում են նոր քաղաքական մեծ համաձայնագրի ընդունման հարցը. «Նոր համաձայնագիրը հաշվի է առնում մեր նախորդ համաձայնությունների իրականացման շրջանակում արձանագրված արդյունքները և այն ծրագրերը, որոնցում մենք արդեն տեխնիկական և ֆինանսական գործակցության լրջագույն հիմքեր ենք ստեղծել: Այդ հիմքի վրա մշակվում է ԵՄ-ի հետ հարաբերությունները ընդլայնելու և խորացնելու նոր ռազմավարություն, որտեղ մենք լիակատար փոխըմբռնում ունենք»: Պարզ է, որ ԱլԳ ծրագրի շրջանակում ԵՄ-ի կուրսի' նման վերանայումը իշխանությանը հնարավորություն է տալիս, գործակցության նոր ծրագիր առաջակելով, շահել ԵՄ-ի լոյալությունն իր նկատմամբ: Դա անհրաժեշտ է իր համար այս շրջանում կենսական նշանակություն ունեցող քաղաքական կայունությունն ապահովելու համար: Հետևաբար' այստեղ որակական ու բովանդակային լայնածավալ բարեփոխումների խնդիր չի դրված: Դրան գնալու քաղաքական կամք և ցանկություն չկա: Սակայն աշխարհաքաղաքական լրջագույն ու վտանգավոր շրջադարձերի ներկայիս փուլում, երբ տեղի է ունենում աշխարհի հստակ քաղաքական գլոբալ բևեռացում, ավելի կարևոր է դառնում ունենալ բանակցող Եվրամիություն, որը Հայաստանը չի համարում Ռուսաստանի պոչից կախված և մեկուսացման դատապարտված:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ