կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-14 20:33
Հասարակություն

Եվրոպական նոր շանս` Հայաստանին

      Եվրոպական նոր շանս` Հայաստանին

 Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը երկու օր առաջ Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ բարձր ներկայացուցչին լիազորեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ` նոր, համապարփակ և իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ, որի նպատակով ընդունել է բանակցությունների համապատասխան մանդատ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մշակվելիք փաստաթուղթը փոխարինելու է ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին: Բանակցությունները, թերևս, կմեկնարկեն մինչեւ այս տարվա ավարտը: Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է ԵՄ-ի`Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու մասին որոշմանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ իր ուղերձում նշել է. «Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-ԵՄ փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ վերջին մեկուկես տարվա կանգառից հետո ԱրլԳ ծրագրի համատեքստում Հայաստանն-ԵՄ հարաբերություններում որոշակի հստակություն է մտնում: Այս տարվա մայիսին Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում կողմերն ընդամենը բավարարվել էին գործակցությունը խորացնելու հանձնառությունը շեշտող դեկլարատիվ հայտարարություն ընդունելով, ինչը, սակայն, ավելի շատ մատնում էր առաջ շարժվելու ուղղության և ձևերի հարցում պատկերացումների բացակայությունը: Երևանի և Բրյուսելի միջև բանակցությունների վերսկսումը հավասարաչափ կարևոր էր երկու կողմերի համար էլ: ԵՄ-ն այս որոշումը կայացնելով ցույց տվեց, որ ԱրԳ ծրագիրը տապալված չէ, ինչի տպավորությունն ստեղծվել էր Ռիգայի գագաթաժողովի առավել քան համեստ արդյունքներից: Ավելին, ԵՄ-ն փաստացի ցուցադրում է ծրագիրը վերակենդանացնելու նպատակով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից բխող նոր իրողությունները` հաշվի առնելով առավել ճկուն մարտավարության անցնելու կարողությունը: Մյուս կողմից` Բրյուսելը հասկանալի է դարձնում, որ չի կորցրել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ` վերջինիս կողմից ԵՏՄ-ին անդամակցելու անակնկալ և տհաճ որոշմանը բախվելուց հետո: Իսկ Հայաստանին սա անհրաժեշտ էր` ոչ միայն արտաքին քաղաքականության հավասարակշռման և իր հանդեպ արևմտյան երկրների սասանված հեղինակությունը վերականգնելու, այլև առաջնահերթորեն իր կշիռը ԵՏՄ-ում և Մոսկվայի հետ հարաբերություններում փոքրիշատե բարձրացնելու հնարավորություն ստանալու առումով: Այս տեսակետից, ԵՄ-ի որոշումը կարելի է Հայաստանին ընձեռված նոր շանս համարել: Թե այդ շանսն ինչպես կօգտագործվի, կախված է Հայաստանի իշխանություններից: Մեկնարկող նոր գործընթացի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ի սկզբանե նախանշվում է միջանկյալ արդյունքը` հասնել նոր, համապարփակ համաձայնագրի ստորագրման: Ամենակարևորն այն է, որ փաստաթուղթը ենթադրելու է Հայաստանի կողմից կատարման ենթակա և չափելի կոնկրետ գործողություններ: Սակայն միանշանակ չէ, որ պրոցեսն ունենալու է հաջողություն` երեք հիմնական պատճառով: Նախ` ակնհայտ է, որ այդ հանձնառությունների կատարման հարցում Հայաստանի տրամադրվածության լրջությունը մեծապես պայմանավորվելու է նրանով, թե դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որքանով ԵՄ-ի կողմից կճանաչվի ժողովրդավարական և մասնակցային: Այս փուլում Եվրոպան աջակցում է այդ փոփոխությունների կատարմանը, եթե չասենք ուղղակի մասնակցում է դրան` ի դեմս Վենետիկի հանձնաժողովի: Սակայն, եթե հանրաքվելի անցկացման մակարդակը չբավարարի ԵՄ-ին, մեծ է հավանականությունը, որ սկսվելիք բանակցություններն ուղղակի կարժեզրկվեն կամ կիմաստազրկվեն: Երկրորդ` իրականում չի բացառվում, որ ԵՄ-ն ինքը կարող է որոշակի պահից սկսած գործընթացը դանդաղեցնելու տրամադրվածություն ցուցաբերել: Դա կարող է կապված լինել մերձավորարևելյան երկրներից միլիոնավոր փախստականների «ներխուժման» պատճառով հենց Եվրոպայում ստեղծված աննախադեպ վիճակով, երբ արդեն իսկ զգալի է, որ ԵՄ անդամ երկրներում գնալով խորանալու են սոցիալ-տնտեսական խնդիրները, միջէթնիկական անհանդուրժողականության մակարդակը և բախումների հավանականությունը: Նման զարգացումների դեպքում հազիվ թե ԵՄ-ում տրամադրություն մնա Արևելյան գործընկերության մասին մտածելու համար: Եվ վերջապես երրորդ ու թերևս, ամենամեծ ռիսկը կապված է իհարկե Ռուսաստանի հետ: Դեռ հայտնի չէ` ինչպիսին է լինելու Մոսկվայի արձագանքը Հայաստան-ԵՄ մերձեցման այս նոր փորձին: Քանի դեռ որևէ գործընթաց չկա, և գործ ունենք զուտ հայտարարությունների հետ, Մոսկվան, իհարկե, ոչինչ չի ձեռնարկի: Առավելևս, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այնտեղ հակված են ավելի հանգիստ նայելու նման «անմեղ սիրախաղերին»: Սակայն բացարձակապես երաշխիք չկա, որ երբ բանակցությունների արդյունքում սեղանին դրվի նոր համաձայնագրի նախագիծը, կամ հասունանա այն ստորագրելու պահը, Ռուսաստանը չի փորձելու կրկին կանխել այն:

 Որքանով են Երևանն ու Բրյուսելը հաշվի առել այս հեռանկարը` դժվար է ասել: Սակայն կասկած չկա, որ եթե Հայաստանն այդ ճնշման պատճառով ԵՄ-ից երկրորդ անգամ շրջադարձ կատարի, նրան ուղղակի կարող են ուղարկել հարաբերական մոռացության գիրկը:

Գևորգ Դարբինյան