Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 26-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին աշխատանքային այց կկատարի Ադրբեջան: Այսօր նաև հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը հունվարի սկզբներին այցելելու է նաև Հայաստան: Հարևան երկու երկրներ կատարելիք այցերով Իվանիշվիլին հուշում է, որ փորձում է փոխել տարածաշրջանում Վրաստանի ունեցած դերակատարությունը:
Թեեւ Վրաստանը հարավկովկասյան անխտիր բոլոր կոմունիկացիոն ու էներգետիկ նախագծերի ամենաառանցքային միավորն է, սակայն Սահակաշվիլիի վարչակազմը ոչ միայն չկարողացավ այս ստրատեգիական ռեսուրսի հիման վրա Վրաստանը տարածաշրջանային ուժեղ խաղացողի վերածել, այլև այն դարձրեց ադրբեջանա-թուրքական շահերի և նախաձեռնությունների գերին: Պատճառը վրացական տնտեսության մեջ թուրքական ու ադրբեջանական կապիտալի ներգրավման հույսն էր, որը վերջիններիս համար խողովակ դարձավ Վրաստանի նկատմամբ աննախադեպ տնտեսական ազդեցություն ձեռք բերելու համար: Իշխանության գալուց հետո արտաքին քաղաքականության ոլորտում Իվանիշվիլիի ձեռնարկած քայլերը հուշում են, որ նա ձգտում է փոխել հաստատված` Վրաստանի համար հիրավի նվաստացուցիչ այս ստատուս քվոն և երկիրը օբյեկտից վերածել տարածաշրջանային ուժեղ սուբյեկտի:
Այս գերխնդիրը լուծելու համար Իվանիշվիլիին անհրաժեշտ կլինի հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի ազդեցությունները տարածաշրջանում` տնտեսական և կոմունիկացիոն ոլորտում բացելով դռները Ռուսաստանի և ռուսական կապիտալի առջև: Առաջին հերթին սա նշանակում է գտնել ուղիներ վրաց-աբխազական երկաթուղին վերաշահագործելու և այն ռուս-աբխազական մասին միացնելու համար: Սակայն այս հարցը կապված է աբխազական հիմնախնդրի հետ: Ձևավորված ներհասարակական տրամադրությունների, Սահակաշվիլիի` դեռևս ունեցած քաղաքական գործոնի ֆոնին, սակայն, դա միանգամից անելու հնարավորություն այս պահին նոր իշխանությունները չունեն:
Խանգարող հանգամանք են նաև ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացները, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Վրաստանի ակնհայտ կաշկանդվածությունը և մանևրելու սահմանափակությունը: Սակայն դեռ նոյեմբերի սկզբներին Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, թե Աբխազիայի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը լինելու է Բիձինա Իվանիշվիլիի կառավարության առաջնահերթությունների թվում: Հետագայում այս մոտեցումը որոշակիորեն փոխվեց: Սակայն Վրաստանը հասկացրեց, որ առնվազն շահագրգռված է այդ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման օրակարգում ընդգրկելու հարցում:
Երկրորդ ուղղությունը կառուցելիք Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթծի քաղաքական և հատկապես` տնտեսական նշանակությունը թուլացնելն է: Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին Իվանիշվիլին հայտարարեց, թե այդ երկաթուղու գործարկումը կարող է տնտեսապես անշահավետ լինել Վրաստանի համար, քանի որ դրա արդյունքում կնվազեն ապրանքափոխադրումները թե' ազգային երկաթուղային ներքին ցանցի և թե' վրացական նավահանգիստների միջոցով: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե պատրաստվում է Բաքու կատարելիք այցի ընթացքում բարեկամ հարեւանին «թեթեւ բացատրել», որ ինչ-որ փուլում սա իրենց երկրի համար «շահավետ չի լինի եւ կարգավորման կարիք կունենա»: Իվանիշվիլին հետո հայտարարեց, թե վերանայել է այս հարցը ադրբեջանական այցի օրակարգում ընդգրկելու որոշումը: Սակայն դրանից իրերի դրությունը չի փոխվում, որովհետև նա նաև ավելացրել է, թե աշխատանքային խմբերի մակարդակով այս ուղղությամբ արդեն քննարկումներ սկսվել են:
Կարելի է փաստել, որ Իվանիշվիլին փորձում է թուրքերին և ադրբեջանցիներին դրդել նոր բանակցությունների, փորձելով հենց կոմունիկացիոն այս նախագծերում իր երկրի համար առավել շահեկան պայմաններ ստանալ ու դուրս գալ թուրք-ադրբեջանական` օրեցօր սեղմվող տնտեսական օղակից: Չի բացառվում, որ դրանց տրամաբանությունը կարող է լինել Բաքու-Կարս երկաթուղին հյուսիս-հարավ կոմունիկացիոն գծերին միացնելը, ինչը թե' երկաթուղին, թե' Վրաստանն ինքնին ավելի հետաքրքիր կդարձնի նաև Ռուսաստանի և Հայաստանի համար: Բայց սա ցավոտ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, որովհետև նրանք երկաթուղու այս երթուղին որոշել էին հենց Հայաստանին և Ռուսաստանին խաղից դուրս թողնելու նկատառումով:
Ստացվում է` Իվանիշվիլին փոխում է ենթատեքստը: Արդեն իսկ ուրվագծվում է, թե ինչ օրակարգ է ունենալու Իվանիշվիլիի հունվարյան այցը Հայաստան: Դեռ նոյեմբերի սկզբներին Վրաստանում Հայաստանի դեսպանի մակարդակով աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ կոնսուլտացիաներ էին տարվում, որոնք, կարծես, լուրջ արդյունքների չհանգեցրին: Սակայն ակնհայտ է, որ Իվանիշվիլիի այս ձեռնարկումները միանշանակ բխում են Հայաստանի շահերից, ինչից պետք է օգտվել: Նախ` Վրաստանի սուբյեկտայնության վերականգնումը հակադարձ համեմատական է Ադրբեջանի և Թուրքիայի` տարածաշրջանային կոմունիկացիոն ազդեցության թուլացմանը: Երկրորդ` հիանալի հնարավորություններ են ստեղծվում Հարավ-Հյուսիս տրանսպորտային առանցքի ստեղծման գաղափարն իրականացնելու համար: Հայաստանը կարող է փորձել միջնորդի դեր ստանձնել հատկապես վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման և դրա նկատմամբ Արևմուտքի ճնշումը թուլացնելու տեսանկյունից` փորձելով օգտագործել Երևանի համար Հայաստան-Իրան ուղղությանը այլընտրանքով ապահովելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցաբերած հետաքրքրությունները:
Քաղաքական մյուս առանցքային խնդիրը, որը կարելի է փորձել լուծել, և որում մեծ պետք է լինի հատկապես Մոսկվայի դերակատարությունը, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մատակարարման համար Վրաստանի օդային տարածքից օգտվելու հնարավորության ձեռքբերումն է, որը Երևանին առավելապես պետք է հետաքրքրի իր սպառազինության համար ավելի դյուրին ճանապարհներ ապահովելու տեսանկյունից:
Մնում է, որ Իվանիշվիլին շարունակի այս գիծը, իսկ Երևանը փորձի հասկանալ` ինչպես իր շահերին ծառայեցնի ի հայտ եկած այս նոր իրողությունները:
Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ