Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների սպանության դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազությունը որոշակի տվյալներ է հրապարակում սեպտեմբերի 7-ի դրությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ: Ըստ այդմ` 2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռ. Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների՝ 6-ամյա Վարդան Ալոյանի և 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առևտուր արել, ապա վերադարձել տուն և կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով և իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաև իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա, իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերևում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց և ավագ որդուն` Վ. Ալոյանին, կախելով այդ հանգույցից, խեղդամահ է արել: Այնուհետև խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել և խեղդամահ է արել նաև կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին և փորձել, իրեն խեղդելով, կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը: Երեխաներին վերմակով ծածկել է և տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երևան:
Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին և ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք մասամբ հրապարակում ենք՝ նկատի ունենալով հասարակական մեծ հնչեղությունը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադևոսյանի կողմից: Շ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը: Ամուսնացել է Երևան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին և նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, Գ.Խ-ն երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը ստացել է նաև սոցիալական նպաստ: Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական և նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:
Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում` երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: