կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 14:42
Հասարակություն

Երբ ես փոքր էի, ռեյտինգ չկար

Երբ ես փոքր էի, ռեյտինգ չկար

Հայկական հեռուստաալիքների տնօրենների ամենասիրելի զբաղմունքը, գլուխները համակարգչին հակած, իրենց սածիլած  սերիալների ռեյտինգներին մոլեռանդ հետեւելն է: Ռեյտինգը հոմանիշն է հասարակության մտավոր վարկանիշի: Ըստ հեռուստատաալիքների տնօրենների` հայ ժողովրդի մտավոր ընդունակությունների ամենացայտուն անկումը գրանցվել է հենց իրենց տնօրինության օրոք, ինչն իրենք անբացատրելի երջանկությամբ ներկայացնում են իբրեւ մեծ հաջողություն:
Եթե, իրոք, մեր համերկրացիների ամենասպասված ֆիլմերը «Աննա» «Հրեշտակների  դպրոց», «Դժվար ապրուստ» սերիալներն են, ուրեմն դիտողը, տվյալ դեպքում՝ հինավուրց հայ ժողովուրդը, ապրում է իր մտավոր ամենավտանգավոր տապալման փուլը, որն արդեն սայթաքում կոչել չի լինի, քանի որ տեւում է տարիներ:

 

Խորհրդային շրջանի հեռուստատնօրենները չէին կարող պարծենալ բազմազան ու հետաքրքիր ծրագրերով, բայց միանշանակ այդ ժամանակ հայ ժողովուրդը երեկոյան սպասում էր ոչ թե ակնհայտորեն քիչ կրթված, խոսքային ապարատի ճկունության բացակայությամբ, հիմարիկ դեմքերով աղջիկների ու հանդուգն տղաների՝ կարծես բակում կինո-կինո խաղալու փորձին, որն անսպասելիորեն հեռարձակվում է, այլ, ասենք, «Համաշխարհային կինոյի էջերից» հաղորդաշարով ցուցադրվող գուցե ոչ ամենաթարմ, բայց համաշխարհային ֆիլմերին: Նույն ժողովուրդն էր, նույն մտավոր պոտենցիալը ու հաստատ նույն ճաշակը, պարզապես ինչ պարտադրում են, այն էլ նայվում է:

 

Հեռուստատեսությունը գիտակցության ամենաուժեղ մանիպուլյացիոն ուժն է. սա նորություն չէ: Ու երբ հեռուստատեսության տերերը, գլուխները կախած համակարգչի վրա, հաշվում են, թե քանի կուբամետր մարդ տգիտացավ երկրում, քանիսի ճաշակը մեռավ անվերադարձ, ու քանիսի ինտելեկտը դարձավ դրոզոֆիլ ճանճի ինտելեկտ, նրանք հաշվում են երկրին իրենց հասցրած լուրջ վնասի չափն ու իրենց անմաքուր եկամուտը, որովհետեւ այդ նույն պահին, երբ աշակերտների 90 տոկոսը հիանում է մազերն առաջ սանրած, ուսերը հավաքած մի խրտվիլակի կերպարով ու որոշում նմանվել, որովհետեւ «ինքը լավ տղա ա», նույն պահին հեռուստաալիքների տերերի զավակները սովորում են բարձր վճարով ոչ շարքային դպրոցներում, նրանց ծնողներն արգելում են նայել մնացածի համար նախատեսված մտավոր թափոնը ու պատրաստվում են հեռանալ այս հետամնաց երկրից:

 

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դատական գործ հարուցել նրանց հանդեպ՝ իրենց երեխային սպառնացող մտավոր վտանգի համար: Դատն, անշուշտ, կշահեն հեռուստաալիքների տերերը, քանի որ նրանք մի անհերքելի հակափաստարկ ունեն` «մի նայեք»:

Բայց հեռուստացույցը նայելու համար է: Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ու շատերն արդեն լավ չեն հասկանում ռուսերեն, որ այլ բան նայեն, կամ դեռ չգիտեն անգլերեն:

 

Ամռանը` ընդունելության քննությունների ժամանակ, մամուլը գրում է մեր թատերական ինստիտուտի դիմորդների աներեւակայելի հետամնացությունն արտահայտող կուրիոզների մասին, իսկ մի քանի տարի անց այդ նույն ուսանողները դառնում են հեռուստաաստղ ու զբաղեցնում հինավուրց ժողովրդի դարավոր միտքը:

 

Հասարակության ապուշացումն ունի իր անատոմիան: Այն սկսվում է հեռուստավահանակից: Մարդը սեղմում է վահանակի կոճակները` կանգ առնելով երկու րոպե մի ապուշության վրա, երեք րոպե մյուս, մեկ րոպե՝ այլ: Այդ ընթացքում մի դերասանի պատճառով կամ մի հարազատ մարդու անուն լսելով՝ կանգառը երկարում է, նայում է մինչեւ վերջ` հաճախ կրկնելով, թե ինչ տխմարություն են ցույց տալիս: Հաջորդ օրը նա արդեն ուզում է կրկնել իր նեգատիվ վերաբերմունքի արտահայտումը, ու այդ օրվանից սկսվում է 245 սերիաներին հետեւելու արդեն բիոքիմիական պրոցեսը:

 

Հասարակության ապուշացումն ունի նաեւ իր բիոքիմիան: Իր տագնապներից, վաղվա տհաճ հանդիպումներից, հետապնդող ընկճախտից նա ազատվում է բթացնող, հեշտ ըմբռնելի, առանց լսելու հասկացվող երկխոսություններին հետեւելով: Ժամ առ ժամ նա այլեւս չի ձգտում ուղեղի նույնիսկ թեթեւ լարում պահանջող որեւէ ինֆորմացիա ընդունել, նույնիսկ նոր երաժշտության տեսքով` նախընտրելով արդեն անպարկեշտության հասնող հաճախականությամբ լսած հարս ու կեսուրի դուետը, խաչը ուսին տառապող տղայի նվվոցը, փաղաքշական վերջավորություններով արդեն զառամյալ մարդկանց  հոշոտված մուղամը: Այդ պահին գլխուղեղում արտադրված համապատասխան նյութերը չեն թողնում ուղեղ կոչված տարածաշրջանը փոքրիշատե լարվի:

 

Հեռուստատեսությունը հավասարը չունեցող ուժ է: Այն կարող է մի քանի ամսում մարդկանց պարտադրել սովորել  վալս պարել, տիրապետել օտար լեզվի, դառնալ հանցագործ կամ գովազդել ցանկացած թույն, ու մարդիկ այն կօգտագործեն: Վալսը, հասկանալի է, չի կարող մտնել հեռուստատեսության ծրագրերի մեջ, բայց ռեյտինգ ասածն, իրոք, չափանիշ չէ, որովհետեւ, եթե հեռուստատեսությամբ առավոտվանից ուղիղ հեռարձակեն որեւէ հայտնի մարդու անձնական կյանքը, հայ ժողովրդի մեծ մասը չի հեռանա հեռուստացույցից: Ուրեմն՝ դա կլինի ամենառեյտինգային հաղորդո՞ւմը: Ոչ, իհարկե, դա կվկայի ամենասահմանափակ հասարակության ամենաանկումային վիճակի մասին:

 

Վերջերս youtub-ում գտնում եմ մի քանի րոպեանոց ֆիլմ «Ղարաբաղյան հեքիաթ» վերնագրով (ֆիլմը տե'ս հոդվածի վերջում): Այն պատրաստել էր «Ինտերնյուս» կազմակերպությունը: Բացարձակ ապաքաղաքական, հումորով, մարդկային, տեքստն էլ հասկանալով ու սիրուն կարդում է Աշոտ Ադամյանը: Ինչո՞ւ այն երբեք չի հայտնվի հանրայինի կամ «Արմենիա»-ի էկրանին:

 

Նոր տարվա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 31-ին, հանրային հեռուստատեսությունը, նախքան էկրանը երկարատեւ կզբաղեցնեին  Աշոտ Ղազարյանը, զանազան «չիկերն» ու մնացած հարայ-հրոցը, երեկոյան ցուցադրեց մի կարճամետրաժ ֆիլմ, որի անունն էր, կարծեմ, «Նոր տարվա պատրաստություն Սարի թաղում»: Հեղինակը Վարդուհի Սիմոնյանն էր: Զարմանալի բնական, առանց սուտ պաթոսի, պարզ, առանց դերասանների ֆիլմ Նոր տարվա երեկոյան պատրաստությունների մասին Երեւանի թաղերից մեկում: Երբ ֆիլմն ավարտվեց, բոլոր նայողները նույն զգացողությամբ հարցրին իրար՝ «էս ինչ էր»: Ու գլխավորը` ոնց պատահեց սա հանրայինի եթերում: Այս ֆիլմը, կարծում եմ, մոսկովյան «Կուլտուրան» այլ ազգերի ամանորյա պատրաստության  մասին պատմող որպես ամենաանպաճույճ ու սիրուն ֆիլմ կցուցադրեր հաստատ:

 

Օրեր անց ես հետաքրքրվեցի ֆիլմով ու իմացա, որ պայմանագիրը Վարդուհի Սիմոնյանի հետ խզվել է, քանի որ այդ տիպի ֆիլմերը ռեյտինգային չեն: Այսինքն՝ հասարակության չկրթված հատվածը, որն անզեն աչքով մեծամասնությունն է, որոշում է՝ ինչ պիտի նայի կրթված փոքրամասնությունը: Վատ հաջողություն չէ: Դա այն է, որ ձեր երեխաների նայած ամեն սերիալ նպաստում է նրանց երեխաների՝ լավագույն դպրոցներում կրթվելուն ու լավագույն երկրներում ապրելուն: Նայեք առավոտից իրիկուն ու ապահովեք ռեյտինգը` նրանք գլուխները համակարգչին հակած ձեզ են սպասում, որ ձեր նայած ռեյտինգային տհասության արանքում տեղադրեն իրենց գովազդը, իսկ ռեյտինգային սերիալի արանքում դրված գովազդը շատ բարձր գին ունի, բավարար` այլ երկրներում ուսանելու համար,  իմ հինավուրց ժողովուրդ:

 

«Կհասկնա՞ք ինչ ասել է ռեյտինգ»:

 

Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ