Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ժիլինայում 23։15-ին կկայանա Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում նախատեսված Սլովակիա-Հայաստան բեկումնային հանդիպումը:
B խմբի հանդիպումներում Հայաստանի ընտրանին վաստակել է 11 միավոր և ամեն ջանք պետք է գործադրի հաղթանակի հասնելու համար. ոչ ոքին և պարտությունը բացառվում են: Սլովակների համար ևս առկա է 3 միավորի խնդիրը, այնպես որ` թեժ և անզիջում պայքար է սպասվում:
Ազգային հավաքականին է միացել նաև Ռուսաստանի «Կրասնոդարի» առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ Ռոբերտ Արզումանյանը այս հանդիպումը ևս բաց կթողնի: Խաղը սպասարկելու է լեհական բրիգադը` Մարչին Բորսկու գլխավորությամբ։ Հայկական ֆուտբոլ դատելու նրա փորձառությունը սկսվեց 2010-ին` Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Փյունիկ»-«Պարտիզան» (0։1) հանդիպման սպասարկումից։
Անդորրայի նկատմամբ տոնած փառահեղ հաղթանակից (0:3) և Իռլանդիա-Սլովակիա հանդիպման գոլազուրկ ոչ ոքիից հետո 2-րդ տեղում հայտնվելու շանսերն ավելի շոշափելի դարձան: Անդորրայում մեր ընտրանին թիմային և հետաքրքիր պայքարում վաստակեց 11 միավոր, ինչն էլ լավ ստուգատես էր սլովակների դեմ կայանալիք հանդիպումից առաջ: Անկասկած, Ժիլինայում` հյուրի կարգավիճակում, տղաներին ավելի լուրջ և անզիջում պայքար է սպասվում, և անջրպետը հաղթահարելու համար պետք է աչալուրջ լինել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին Armsport.am-ին տված հարցազրույցում ասել է. «Տղաները շատ լավ գիտակցում են, որ առաջին անգամ է շանս տրվել պայքարել ուղեգրի համար: Հոգեբանական ճնշում չկա և շատ հանգիստ պատրաստվում ենք հանդիպմանը: Ամեն ինչ կանենք, որ այս խաղից հետո մեր շանսերն ավելի մեծանան, թեև գիտենք, որ սլովակներն էլ հատուկ տրամադրվածությամբ են հանդես գալու մեր դեմ, որպեսզի ռևանշի հասնեն նախորդ տարի Երևանում կրած պարտության համար»:
Հաշվի առնելով հակառակորդի ուժեղ պաշտպանությունը և թույլ հարձակման գիծը, իսկ մեր թույլ պաշտպանությունը և ուժեղ հարձակման գիծը` կարելի է ասել, որ ուժերը հավասարակշռում են:
« Հայաստանի հավաքականն ի զորու է առաջիկա 4 հանդիպումներում հաղթանակ տանել և հանդես գալ 2012 թվականին Ուկրաինայում ու Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլում»,- այսպիսի հայտարարություն էր արել Անդորրայի խաղից առաջ Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Անդորրայի ընտրանու դեմ պայքարում Հենրիխն արդարացրեց իր խոսքերը և հանդիպման 90-րդ րոպեին չվրիպեց 11 մետրանոց նշանակակետից:
Ժիլինայում խոտածածկը միշտ լավ վիճակում է, սակայն երկրպագուներն այդքան էլ ակտիվ չեն, մարզադաշտը գրեթե միշտ կիսով չափ դատարկ է: Իհարկե, այս 2 գործոններն էլ ի նպաստ մերոնց են:
Հավատացած ենք, որ մեր տղաներն ամեն ինչ անելու են հաղթանակի համար:
Անի Մեջլումյան