կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 14:11
Առանց Կատեգորիա

41-րդ սենյակի բնակիչը

41-րդ սենյակի բնակիչը

Գյումրիի ավտոկայանի մոտ գտնվող տնակային թաղամասերը մտնելիս առաջինը նկատում եմ քարուքանդ եղած շենքը, որի վերին հարկերը բնակեցված են երեւում: Ինձ ուղեկցողն ասում է, թե նախկինում առողջարան է եղել, հիմա էլ մի քանի ընտանիք է ապաստան գտել այդ շենքում:

Երկրորդ հարկի առաջին դռան մուտքի մոտ գրված է «Մոնթե Մելքոնյանի անվան շախմատի մարզադպրոց»: Դուռը մի կին է բացում, ներս կանչում: Գոհար Մուշեղյանը միայնակ է ապրում այստեղ, երկրորդ կարգի հաշմանդամ է. ինը տարի է, ինչ տառապում է հիպերտոնիայով:

Տիկին Գոհարն ասում է, թե փաստացիորեն անօթեւան է, բայց անօթեւանի կարգավիճակ չեն տալիս, որովհետեւ երկրաշարժի ժամանակ տուն չի կորցրել: Գյումրի տեղափոխվել է 1997 թվականին: Գյումրեցի է, բայց 1977 թվականին ամուսնացել է, տեղափոխվել Վանաձոր: Իսկ հիվանդանալուց հետո վաճառել է տունը, տեղափոխվել Ախուրյան գյուղ: Ստացած գումարի մի մասով տնակ-վագոն է գնել, մյուս մասը ծախսել է առողջական հարցերը լուծելու համար: Իսկ անօթեւանի կարգավիճակ ստանալու համար դատարան չի դիմում, որովհետեւ գումար չունի` դատական ծախսերը հոգալու համար:

Բայց... հիշում է, որ 25 տարի հրշեջ ծառայությունում է աշխատել, խրախուսանքներ, շնորհակալագրեր ստացել:

2005 թվականից ապրում է նախկին առողջարանի կիսաքանդ 41-րդ սենյակում: Ստվարաթղթերով պատուհաների տեղերը փակված են, սենյակում մութ է ու խոնավ. «Առանց փող տալու կապրիմ: Սա ուրիշի սեփականություն է համարվում, ես էստեղ փաստացի գրանցված եմ: Որ խիղճը կորցե, հանե (տան տերը), չգիտեմ` ինչ կլինի: Ես մենակ եմ, ամուսին չունեմ, էրեխա չունեմ»:

Սենյակում մի կին էլ կա, Գոհարը ներկայացնում է նրան` քույրն է` Անահիտը. նրա ընտանիքն էլ դռնեդուռ է ընկած. տղան ու թոռները գրանցված են Գյումրիի Լալայան 98 հասցեւում, բայց ապրում են այս նույն առողջարանի մեկ այլ սենյակում: Նոր տուն  տեղափոխվելու համար այն պետք է մի քիչ կարգի բերել. այնտեղ ոչ դուռ կա, ոչ պատուհան, մյուս կողմից էլ` պետք է սեփականաշնորհել: 

Հարցնում եմ, թե իրեն Անահիտի ընտանի՞քն է խնամում, պատասխանում է. «Քույրիկիս ընտանիքը չի կարող խնամել ինձի, երկու որբ կպահեն: Կոպեկ չունին, հնարավորություն չունին: Տղեն հիվանդ է, չի աշխատիլ, ինքն էլ 200 դրամով «Գազել» կմաքրի ավտոկայանում: Էս էրեխեքն էլ իրենց 22 հազար նպաստով կապրին, ես էլ իմ նպաստը կտամ իրենց, էդպես...»:

Սեպտեմբեր է, Անահիտի երկու թոռները դպրոց են գնում, փոքրը`առաջին դասարան, բայց փող չունեն երեխաների համար շոր-կոշիկ, գիրք-տետր առնելու համար. «Դասի պիտի երթան, մոլորել եմ: Հարեւանի աղջիկը «յուբկա» է բերել 2000 դրամով, չունեմ: Թոշակն էլ կստանանք, հազիվհազ կհասցնենք: Էնքան վատ վիճակում եմ, որ քրոջս կասեմ` հելնեմ կախվիմ...»:

Անահիտի ընտանիքը «Փարոսից» սոցնպաստ ստանալու համար դիմել է, բայց մերժել են: Պատճառն այն է, որ Լալայան 98 հասցեում, բացի իրենցից, գրանցված են նաեւ տան նախկին բնակիչները, որոնց մասին տեղեկություններ էլ չկան:

Հետաքրքրվում եմ, թե ինչու՞ են Անահիտի թոռները «որբ», պատմում են, թե մայրը թողել, հեռացել է, «անբարոյական» աղջիկ է եղել: Անահիտի որդին` Արտուշը, տարիներ առաջ կապվել է իրենց տանը վարձով բնակվող աղջկա հետ: 2002 թվականին նրանք տղա են ունեցել, ում խնամակալությունը 2004 թվականին մայրն ինքնակամ հանձնել է Անահիտին եւ հեռացել է` պատճառաբանելով, թե երեխային պահելու համար բավարար միջոցներ չունի: Սակայն սրանից հետո` 2005 թվականին ունեցել է երկրորդ երեխային` աղջկան: Գոհարը պատմում է, որ ծննդաբերության հենց հաջորդ օրը մայրը երեխային թողել է ծննդատանն ու գնացել: Դրանից հետո ինքն է ութ ամիս երեխային պահել: Այնուհետեւ մայրը հայտնվել է, երեխային վերցրել ու նորից անհետացել: 2009-ին Անահիտն ու Գոհարը իմացել են, որ երեխային մի կին է պահում, ում էլ մայրը պատրաստվելիս է եղել վաճառել երեխային:

Գոհարն ու Անահիտը առողջական, սոցիալական ծանր վիճակից դուրս գալու համար բազմիցս աջակցություն են խնդրել քաղաքապետարանից, նամակ են ուղարկել նաեւ նախագահին, բայց միայն մերժումներ են ստացել, պատճառաբանությունն էլ` բյուջեում ազատ դրամական միջոցների բացակայությունն է:

«Ես Սերժ Սարգսյանին նամակ էի գրել, որ հիվանդ եմ, տուն-տեղ չունիմ, ինձի օգնեք, բուժվիմ, որ տանս հարցերն էլ լուծեմ: Ղրկել էր Ղուկասյանի վրա, նա էլ մերժել է: Հինգ հատ թուղթ ունիմ, որ մերժել է: Գոնե խոսեն, որ գնամ, բուժվիմ. ճնշումս 280/250 է, պոչկեքս էլ քար կա, տրոմբ ունիմ,  շատ հիվանդություններ ունիմ: Խնդրել եմ, որ գումար հատակցնեն, գոնե վառելիք առնեմ: Ահավոր պարտքերի մեջ եմ, հնարավոր չէ էսպես ապրելը: Արդեն ճիշտ կսեմ` ուրիշ մտքեր ունեմ ... պիտի ես ինձի վնաս տամ»:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ