կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 13:45
Տնտեսական

Պետք է ջարդել օլիգարխիկ համակարգը

Պետք է ջարդել օլիգարխիկ համակարգը

«Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ներսում, եւ գնաճը այդ խնդիրներից մեկն է: Ու մինչեւ մենք մեր մեջ երկու բան չփոխենք, այն է` վերեւը չհասկանա, որ մի շարք հարցերում պետք է դրսեւորել կոշտ քաղաքական կամք, ներքեւն էլ չհասկանա, որ հերիք է` մենք շարունակենք նման մթնոլորտ ստեղծել ամբողջ հանրապետությունում, անհնար է անգամ ամենալավ մասնագետներ հրավիրելով, ամենաշատ լիազորություններ տալով խնդիրները լուծել»,- անդրադառնալով շարունակվող գնաճի խնդրին` Yerkir.am-ի հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Ըստ նրա` քանի դեռ մեզ մոտ իշխում է օլիգարխիկ տնտեսությունը, տնտեսական ոչ մի օրենք աշխատել չի կարող: «Համար մեկ պատճառը դա է, մնացած պատճառները` մաքսային, հարկային քաղաքականություն եւ այլն, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղում են: Այսինքն, մեզ մոտ բուն պրոբլեմն օլիգարխիկ տնտեսությունն է, սա նշանակում է, որ գները որոշվում են այնպես, ինչպես հարմար է օլիգարխին: Ընդ որում, մեզ մոտ օլիգարխիկ տնտեսության վատագույն տարբերակն է, եւ ոչ այնքան արտադրության մասով է օլիգարխիա, որքան ներկրման մասով, այսինքն` ներկրողները օլիգարխ են»,- նշեց փորձագետը` հավելելով, որ եթե անգամ աշխարհի լավագույն կառավարիչներն էլ գան Հայաստան, բայց մնա օլիգարխիկ տնտեսությունը, արդյունքը կլինի միայն կոսմետիկ լավ: