կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 17:34
Հասարակություն

Երիտասարդությանը գյուղում պահելու մեխանիզմը

Երիտասարդությանը գյուղում պահելու մեխանիզմը

Սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի միջնակարգ դպրոց:

Նախարարը շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Աշակերտներին մաղթելով գիտելիքների բացահայտումներով լի տարի և բարի երթ` Ա.Աշոտյանը մասնավորապես նշել է. «Նոր ուսումնական տարվա մեկնարկը համընկնում է մեր երկրի անկախության 20-ամյա հոբելյանին: Վստահեցնում եմ, որ մեր պետականության կայացման և զարգացման գրավականը գիտակ և բարեկեցիկ քաղաքացին է: Շատ կարևոր է գիտակցել, որ հենց գիտելիքն է ապահովում բարեկեցություն և ուժ: Որքան ուժեղ, գիտակ և բարեկեցիկ է պետության քաղաքացին, նույնքան հզոր է պետությունը»:

Դպրոցի գերեզանց առաջադիմությամբ աշակերտներին Ա. Աշոտյանը հանձնել է գովասանագրեր: Ծաղկունք գյուղի դպրոցի հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզպետն ու նախարարը ծանոթացել են դպրոցի դասասենյակային պայմաններին և համակարգչային սրահի տեխնիկական հագեցվածությանը: Ծաղկունքի դպրոցն ունի 135 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցիներ:

«Դար» բարեգործական հիմնադրամի և Աղաջանյաններ ընտանիքի աջակցությամբ դպրոցի շենքը վերջին տարիներին հիմնովին նորոգվել է, ապահովվել է ջեռուցմամբ և նոր գույքով: Նոր ուսումնական տարվա առաջին օրը տոնական էր կրկնակի` դպրոցն ապահովվել է նաև ինտերնետ կապով: Միաժամանակ կրթօջախում մեկնարկել է «Բաց դպրոց» նախագիծը, որի նպատակը, ինչպես նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսումնական գործընթացին զուգահեռ համայնքի բնակչության համար մշակութային և հանրային միջոցառումներ ապահովելն է:

«Գյուղական դպրոցները պետք է դառնան համայնքային կյանքի էպիկենտրոններ, և համայնքի համար ծառայեն, որպես կրթագիտական, մշակութային և ժամանցային կենտրոններ»,-նշել է նախարարը և հավելել.«Բաց դպրոց գաղափարը գյուղական դպրոցների ապագան է: Սա երիտասարդությանը գյուղում պահելու մեխանիզմներից մեկն է: Պետք է ապացուցել, որ գյուղական դպրոցում հնարավոր է կազմակերպել ժամանակակից և որակյալ կրթություն»:

Նախարարը պատասխանել է նաև Ծաղկունքի դպրոցի լրագրողական ակումբի սաների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, կրթության տասներկուամյա համակարգին և այլ խնդիրների:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել է նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագ դպրոց: