Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԱՄՆ արևելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հայտարարություն է տարածել նույն միության կենտրոնական վարչության անդամ Արենի Մարկոսյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ։ Հայտարարությունը ստորև.
Ավելի քան 24 ժամ Երեւանի Զվարթնոց օդանավակայանում պահելուց հետո, Հայ Երիտասարդաց Դաշնակցության ԱՄՆ Արեւելյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ ընկերուհի Արենի Մարկոսյանին, առանց որեւէ հիմնավոր բացատրություն տրամադրելու, հայտնել են, որ զրկվել է Հայաստան մուտք գործելու իրավունքից եւ Հայաստանում անցանկալի անձ է հռչակվել:
Այս նենգ գործելաոճը, որ կիրառվում է ՀՀ ներկա իշխանությունների կողմից, նրա հակահայ դիրքավորման արտացոլումներից է եւ նպատակ ունի հնարավոր բոլոր միջոցներով եւ տարբեր մակարդակների վրա փորձել կասեցնել եւ խոչընդոտել Հ.Յ.Դ. Երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքները:
Հ.Յ.Դ. Երիտասարդականի անդամների կապը հայրենիքի հետ մշտական է եւ անքակտելի: Ընկերուհին անցանկալի տարր է համարվել՝ սփյուռքի մեջ իր տարած ազգանվեր գործի համար եւ Դաշնակցական Երիտասարդականի գործոն անդամ լինելու պատճառով:
Միեւնույն ժամանակ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպությամբ Երեւանում իրականացվում է «Ազգային Երիտասարդական Համաժողով», եւ այդ ֆոնին ազգային գործին լծված երիտասարդը զրկվում է հայրենիք մուտք գործելու իրավունքից: Այս հակասությունները պարզ են դարձնում ներկա իշխանավորների ազգայինի հետ աղերս չունենալու հանգամանքը եւ նրանց օրակարգի շարժիչ ուժը, որն ամբողջովին բխում է թշնամու շահերից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ արգելվել է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ ընկեր Մուրադ Փափազյանի, Հ.Յ.Դ. Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունէ Աբրահամյանի, Հ.Յ.Դ. Հոլանդիայի Հայ դատի ատենապետ ընկեր Մասիս Աբրահամյանի, Հ.Յ.Դ. Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտասարդական միության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի եւ Հ.Յ.Դ. Հոլանդիայի կառույցի անդամ ընկեր Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան՝ կրկին առանց որեւէ բացատրության։
ՀՀ իշխանությունների հալածանքները, բռնաճնշումները եւ ապօրինի գործողութիւնները նրա անճարակության եւ վախկոտության հստակ ապացույցներ են: Այս ստորին գործելաոճի պատասխանը պետք է լինի Դաշնակցական երիտասարդության արմատավորված համոզումները, առավել ամրացումն ու հայ երիտասարդության արդար ընդվզումի ալիքները եւ համախմբվածությունը ազգային օրակարգի շուրջ:
Հ.Յ.Դ. երիտասարդականը անշեղորեն կմնա հավատարիմ իր հանձնառությանը եւ սկզբունքներին՝ հակառակ այս մեղապարտ վարչակազմի բոլոր անարգ փորձերին։
Հայրենիքը մեզնից անջատելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն եւ պետք է բախվեն Դաշնակցական Երիտասարդական համահայկական ցանցի բուռն դիմադրությանը: