կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 17:25
Քաղաքական

Մեկ անձի ու խմբակի կողմից փորձ է արվում ձերբակալել և սահմանափակել դիմադրող երիտասարդությանը. Արծվիկ Մինասյան

Մեկ անձի ու խմբակի կողմից փորձ է արվում ձերբակալել և սահմանափակել դիմադրող երիտասարդությանը. Արծվիկ Մինասյան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է  ՀՀ գլխավոր դատախազության մոտ, ի պաշտպանություն սյունեցիների, տեղի ունեցած ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանի ձերբակալության իրավաչափության հարցը:

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցելության ժամանակ սյունեցիները նրան հայհոյանքներով և «դավաճան» վանկարկումներով էին դիմավորել, որից հետո նրա՝ Երևան վերադառնալուն պես ձերբակալվեցին Մեղրիի քաղաքապետը, Գորիսի փողքաղաքապետը և մի շարք այլ պաշտոնյաներ ու քաղաքացիներ։ Ի պաշտպանություն սյունեցիների՝ Երևանում՝ գլխավոր դատախազության շենքի մոտ, տեղի ունեցավ բողոքի ցույց։

«Դատախազության դիմաց տեղի ունեցած հրմշտոցների և քաշքշուկի ժամանակ, որի պատճառը դատախազության անպատասխանատու վարքագիծն էր, պահանջվում էր, որ դատախազությունն իջնի ներքև ու ժողովրդի երկու պահանջների վերաբերյալ տեղեկատվություն տա։ Այդ պահանջներն են՝ անհապաղ պետք է ազատ արձակել ձերբակալված անձանց, որոնց ձերբակալումը ապօրինի էր, և երկրորդ՝ անմիջապես քրգործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և խմբակի դեմ, որոնք արդարացրել էին բռնությունները սյունեցիների նկատմամբ»,- դատարանի դիմաց հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Ի պատասխան այդ պահանջների, ըստ Մինասյանի, դատախազության պատասխանատուները ոչ միայն չիջան հանդիպման ժողովրդի հետ, այլև փորձեցին «վերևում» պատվիրակություն ընդունել, ինչն արժանացավ մերժման, և քանի որ սահմանված ժամկետն ավարտվել էր, ժողովուրդն իր դժգոհությունը հայտնեց ու տեղի ունեցավ քաշքշուկ, որի արդյունքում ձերբակալվեց 14 անձ, որոնք մեղադրվեցին «խուլիգանության» հոդվածով, ինչն ակնհայտ ապօրինի է, քանի որ հանցակազմի նվազագույն  տարրեր անգամ չկան այդտեղ։

«Դրան գումարած՝ երկրորդ օրը՝ Ջահերով երթից առաջ, բերման ենթարկվեց Հայկ Հեքիմյանն այն հիմնավորմամբ, որ իբր բռնի գործողություն է իրականացրել ոստիկանի նկատմամբ։ Երբ տեսնում ենք տեսագրությունները, ակնհայտ երևում է, որ ոստիկանը մի քանի անգամ հարվածում է Հայկի դեմքին, նա էլ, ի պատասխան, երկու-երեք հարված է հասցնում ձեռքի ափով ոստիկանին, դա կրում էր ինքնապաշտպանական բնույթ։ Սա վկայում է այն մասին, որ ոչ մի հանցակազմ չկա այստեղ։ Մինչդեռ՝ դատախազությունն ու քննչական մարմինները փորձում են Հայկին ազատությունից զրկել»,– նշեց դաշնակցական գործիչը։

Մինասյանն ընդգծեց, որ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսեցին կալանավորման գործընթացը, և հիմա քննվում է նրան ձերբակալելու հարցը։

Նա նաև հավելեց, որ այս ամենն իրականացվում է մեկ խմբակի ցուցումով, և ապօրինի, հակասահմանադրական միջոցով փորձ է արվում դիմադրող երիտասարդներին սահմանափակել ու ազատությունից զրկել։