Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության ավտոտնտեսությունից ստացված և ավտոտեսուչների ծառայողական մեքենաների համար նախատեսված 276 տոննա բենզինից 156 տոննան յուրացնելու և դրանից 57 միլիոն դրամի շահույթ ստանալու մեղադրանքով ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը կձերբակալվի, եթե պարզվի, որ նա այդ յուրացումների հետ կապ ունի: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Օհանյանը հայտնվել է չափազանց լուրջ իրավիճակում:
Արձանագրված յուրացման մասշտաբներն այնպիսին էին, որ հազիվ թե դրա իրականացումը հնարավոր լիներ միայն Կարախանյանի ինքնագործունեության արդյունքում: Սակայն նման հանցագործությունները բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ կա՛մ բացահայտում է շահույթը «վերևներից» թաքցնելու փաստը, կա՛մ մարդիկ գործում են խաղի չգրված կանոններից դուրս:
Ինչևէ, սա ոստիկանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության արդեն երկրորդ դեպքն է. առաջինը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն էր: Երկուսն էլ, ըստ էության, ձերբակալվեցին ակնհայտ կոռուպցիոն գործունեության` պաշտոնական դիրքի չարաշահման համար: Տարօրինակ զուգադիպությամբ «հակակոռուպցիոն պայքարի» զոհերի կարգավիճակում հայտնվողների բացարձակ մեծամասնությունը հենց ոստիկանության համակարգից է, իսկ այդ ցանցում հայտնված «մեծ շնաձկներն» առայժմ բացառապես ոստիկանությունից են:
Այլ ոլորտից վերջին անգամ կոռուպցիոն մոտիվներով քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել է միայն 2009թ. ՀՀ բնապահպանության նախարարությունում: Խոսքը կաշառք վերցնելու մեղադրանքով այդ ժամանակ ձերբակալված բնապահպանական պետական տեսչության պետի և տեղակալի մասին է:
Չնայած ոստիկանությունը, նաև միջազգային կառույցների հետազոտությունների համաձայն, Հայաստանում ամենակոռումպացված համակարգերից մեկն է, սակայն ակնհայտորեն միակը չէ: Մինչդեռ քննիչների, հետաքննիչների, հիմա արդեն համակարգի փաստացի երկրորդ դեմքերի մակարդակով շարունակվող ձերբակալությունները հենց ոստիկանության` ամենակոռումպացվածը լինելու տպավորությունն են ստեղծում: Եվ դա ակնհայտ է դարձնում, որ ոստիկանությունը մի տեսակ հայտնվել է թիրախի, եթե չասենք՝ քավության նոխազի կարգավիճակում: Այս իմաստով օրեր առաջ Ալիկ Սարգսյանի արտահայտած միտքը, թե «ոստիկանաորս» է սկսվել, դառնում է ավելի առարկայական: Ոստիկանապետը սխալվում էր միայն մեկ բանում. այդ որսը սկսել են ոչ թե ընդդիմադիր ինչ-որ ուժեր, ինչպես ինքն էր ներկայացնում, այլ հենց իշխանությունները: Ընդդիմությունը պարզապես գործողության է վերածում այն բացասական վերաբերմունքը, որը ոստիկանության նկատմամբ ունի հասարակությունը, և որը ձևավորում են իշխանությունն ու համազգեստ հագնող և ուսադիրներ կրող, բայց իրենց առաքելությունն ու պատասխանատվությունը համառորեն չգիտակցող «ոստիկանները»:
Այս ամենի արդյունքում՝ ոստիկանի մասնագիտությունը, այդ համակարգն առհասարակ դարձել են ամենաանշնորհակալը և ամենաանպատվաբերը: Այսօր այն թիրախ է թե՛ իշխանության կողմից` չնայած նրան մատուցած անգնահատելի ծառայություններին, թե՛ ընդդիմության, որը, հենց վերոնշյալ արժեքներ դավանող ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելով, նրանց օրենքից դուրս գործողությունների մղելով, փորձում է նրան գործիք դարձնել իշխանության հետ իր հարաբերություններում, թե՛ հասարակության, որը գրեթե դադարել է այդ համակարգն իր անվտանգության ապահովման երաշխավորը համարել: Նման խեղճ ու անօգնական վիճակում այս համակարգը չի եղել թերևս երբեք: Ու բնական են մերթ ընդ մերթ նշմարվող ներքին դիմադրության պոռթկումները, որոնք արտահայտվում են աշխատակիցների լոկալ բունտերի, աշխատանքից ազատման մասսայական դիմումների տեսքով, և որոնք խեղդվում են հենց ոստիկանության ղեկավարության կողմից:
Սակայն չնայած այս իրողություններին, համակարգը ներսից առողջանալու որևէ նշան ցույց չի տալիս, թեև պարզ է, որ ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը դա է: Նման շահագրգռություն չունի փաստացի ոչ ոք, թերևս բացի հասարակությունից, որը, սակայն, ընդամենը դիտորդ է: Դա առաջին հերթին պայմանավորված է ոչ միայն տարրական կենցաղային ու սոցիալական հարցերը լուծելու` ոստիկանության մեծամասնության առաջնային մոտիվներով, այլև նրանով, որ անգամ համակարգի պատասխանատուներն են կարծես համակերպվել ոստիկանությանը բոլոր պարագաներում բացառապես իշխանության սպասարկուի դերում տեսնելու հետ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ