կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 10:14
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. 67-ամյա ադրբեջանցի "վոին"-ը

ԱԶԳ. 67-ամյա ադրբեջանցի "վոին"-ը

«Ես ասել եմ եւ այսօր կրկին կասեմ. եթե վաղը դարձյալ պատերազմ սկսվի, պատրաստ եմ իմ 67-ամյա տարիքում զենքը ձեռքիս ազատագրել «Ադրբեջանի օկուպացված տարածքները»»,- այսպիսի հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը: Իհարկե` ոչ ԵԽԽՎ ամբիոնից, այլ` Բաքվում, լրագրողների ներկայությամբ:

Թե որտե՞ղ է գտնվել սույն «քաջարի զինվորը» պատերազմի տարիներին, այդ մասին նա ոչինչ չի ասել: Մեզ էլ չհաջողվեց պարզել: Բայց, դատելով հիմար անհոգությունից, որով նա խոսում է պատերազմի մասին, հազիվ թե Էլդար Իբրահիմովը վառոդի հոտ անգամ առած լինի: Նույնիսկ` վարժական հավաքի ժամանակ: Նա ասում է, որ «դրա համար զոհվելն իր եւ հայրենիքի այլ զավակների համար պատիվ կլինի», բայց եւ ավելացնում է, որ «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիմիտը դեռ սպառված չէ»: Իսկ դրա համար, ըստ ռազմաշունչ պատգամավորի, հարկ է, որ «հայերը վերջապես քաղաքական կամք դրսեւորեն, իսկ Սերժ Սարգսյանը չփախչի բանակցություններից: Ինչքա՞ն կարելի է խույս տալ, փախչել բանակցություններից, խախտել դրանք: Նախագահների կազանյան հանդիպումն անարդյունք է ավարտվել հենց հայկական կողմի պատճառով: Թեեւ մինչ այդ բոլոր ռուսաստանյան թերթերը /՞/ եւ քաղաքագետները գտնում էին, եւ մենք էլ հույս ունեինք, որ այնտեղ բոլոր հարցերը կլուծվեն»:

Երեւի նման դեպքերի համար է ռուսն ասում. «Наглость второе счастье»,- որովհետեւ «բոլոր ռուսական թերթեր»-ում Իբրահիմովը չգիտենք ինչ եւ երբ է կարդացել, բայց ահա Կազանի հանդիպումից հետո հեղինակավոր «Իզվեստիա»-ն, հղում անելով ՌԴ ԱԳՆ իրազեկ աղբյուրին, գրել է, որ «Իլհամ Ալիեւը Կազանում հետընթաց է տվել»: Այսինքն` հրաժարվել է նախկին պայմանավորվածություններից: Ինչն, ի դեպ, չեն ժխտում նաեւ իրենք` ադրբեջանցիները: Նաեւ` Էլդար Իբրահիմովը, քանի որ, նրա կարծիքով, «էլ ի՞նչ պիտի անենք մենք, բռնազավթիչին էլ ի՞նչ զիջումների պիտի գնանք, զիջումն այն է, որ մենք այսքան տարի համբերում ենք, դրանից բացի զիջում լինել չի կարող»:

Եթե մի երկրի օրենսդիր իշխանության ներկայացուցիչը բանակցելու փաստն անգամ համարում է «միակ զիջում», ապա դա ամենից առաջ այն հասարակության ողբերգությունն է, որ նրան օժտել է իրեն ներկայացնելու լիազորությամբ: Քանի որ բանակցել` չի նշանակում ամեն ինչ պահանջել, այլ որոնել եւ գտնել կողմերին բավարարող «ոսկե միջին»: «Ամեն ինչ ունենալու» փորձ Ադրբեջանն արդեն իսկ արել է` սկսած խնդրի ծագման առաջին օրերից: Արդյունքներն աչքի առաջ են: Այնքան ակնհայտ, որ նույնիսկ Էլդար Իբրահիմովն է տեսնում: Եվ, իսկն ասած, արդեն ձանձրալի են դառնում «օկուպացված հողերն ամեն գնով ազատագրելու պատրաստակամության» մասին նրա եւ նրա նմանների ամենօրյա հոխորտանքները:

Մենք այդ «գրոհ»-ներին քաջածանոթ ենք վաղուց-շատ վաղուց, երբ Էլդար Իբրահիմովը թերեւս ինչ-որ տեղ գլուխ էր պահում, եւ փոխարենն ուրիշներն էին հայության դեմ «սուր ճոճում»: Ասված է, չէ՞, որքան արագ Բաքուն վերադառնա իրականությանը, այնքան լավ առաջին հերթին իր համար: Խոսել սպառնալիքների լեզվով, նշանակում է իր վրա «հրավիրել կրակը»: Իսկ իրական պատերազմում այդպես վարվում են միայն ծայրահեղ անհուսալի դեպքերում, երբ փրկության այլ ելք չեն տեսնում: Մի՞թե Ադրբեջանն արդեն ցած է դրել բոլոր փաստարկները եւ մնացել «67-ամյա «վոին» -պատգամավորի» հույսին: Եթե այդպես է, ուրեմն դա այդ երկրի իրոք «վերջի սկիզբն է»: Իսկ մենք հույս էինք պահում ի դեմս նրա ունենալ մի կարգին հարեւան: Ափսո՜ս: