Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեւոն Շիրինյանի հետ զրույցում դժվար է խոսել մի թեմայից. ասելիքը շատ է, մտահոգությունները` եւս: Բայց ամենակարեւորը, լավատեսությունն ու հայրենասիրությունն է, որ հորդում է անվանի պրոֆեսորից: Պատմեց, որ ընտանեկան խնջույքներից մեկում հյուրերից մեկը ներկաներին համոզում էր, որ պետք է խուսափել բանակում ծառայելուց: «Էլ հաշվի չառա, որ աղջկաս տարեդարձն է, բռնեցի թեւից ու դուրս շպրտեցի տնից»,- ասում է Շիրինյանը:
- Թուրքիայի նոր կառավորության ձեւավորումն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
- Ես այն քաղաքականությամբ զբաղվողներից եմ, որ թուրքի գույնից, տեսակից, չալմայի չափից որեւէ հետեւություն չի անում: Թուրքական պետության վերաբերմունքն` իր ամբողջականության մեջ, Հայաստանի եւ հայության հանդեպ նույնն է: Չմոռանանք, որ նրանք իրենց պետությունն առաջացրել են Հայաստանի ոսկորների վրա, եւ այդ ժողովուրդն ինչ-որ չափով հայկական միս ու արյան վրա է նստած. նրանց համար մի խնդիր կա` Հայաստանը մեջտեղից հանել: Ինչ վերաբերում է Էրդողանի կառավարությանը, ապա դա նախկին մեծամասնության վրա է հիմնված, ուրեմն` ի՞նչն է փոխվելու: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը նրանք կփոխեն այն ժամանակ, երբ Հայաստանը կլինի Իսրայելի նման պետություն` ուժեղ, կազմակերպված եւ ազգային ջիղի վրա նստած:
- Դուք հավատո՞ւմ եք դրան:
- Մենք դատապարտված ենք այդպիսին լինելու: Մեր ժողովրդին պակասում է միայն օպտիմիզմը: Պետք է կարողանալ դա ներարկել այս մարդկանց. ցանկացած հիվանդ չի առողջանա, եթե չհավատա, որ կառողջանա: Մենք պետք է ազգովի ջանք թափենք, որ լավ երկիր դառնանք: Ի՞նչն է մեզ պակասում. 30.000 քկմ տարածք Հայաստանն է, Արցախի ազատագրված տարածքը 12 ու կես հազար է, Ջավախքը, որ մեր ազգային տարածքն է, 5000-6000. է ՞լ ինչ եք ուզում, որ պետություն ունենաք: Մենք ունենք բանակ, ունենք եկեղեցի, բայց մեզ մոտ բոլորը, չգիտես ինչու, դարձել են քահանաների ունեցվածք հաշվողներ:
- Այսինքն, դուք ճի՞շտ եք համարում, որ արքեպիսկոպոսը գիշերային ակումբ ունենա:
-Ես չգիտեմ` ինքն ունի՞, թե՞ չունի: Այդ ասողն ի՞նչ գիտի... Մենք պետք է մեր բոլոր ազգային ինստիտուտները մեզնով արդիականացնենք: Ես դասախոս եմ, ամբիոնի վարիչ, ես պետք է ոչ թե ասեմ` էս ինչ է անում Կճոյանը, այլ ես իմ ամբիոնում կաշառք չվերցնեմ: Եթե ամեն մեկն իր ոլորտում նույնն անի, կտեսնեք, թե կյանքը ոնց կփոխվի:
- Չե՞ք կարծում, որ ձեր նշած խնդիրների լուծման համար այսօր քաղաքական կամք չի դրսեւորվում:
- Անշուշտ, բայց, մյուս կողմից, ժողովուրդը չի գիտակցում իրավիճակը, չի հասկանում եղած իրականությունը: Ես արդեն ասացի` մենք ունենք 42 ու կես հազար քկմ տարածք, Իսրայելն ապրում է ընդամենը 14 հազար քկմ տարածքի վրա, ի՞նչն է պակաս մեզ: Ամեն մեկը ասում է` փոխզիջում: Ի՞նչ փոխզիջում. ազգովի կանգնեք ու հստակ ասեք` կմեռնենք, մի թիզ հող չենք տա: Դուք այս տեսակետը պաշտպանեք, տեսեք` բարդություն կլինի՞, թե՞ ոչ: Վաղը ընտրություններ են, եթե ես իմ հորեղբոր տղային, որը տգետ է, չընտրեմ, ինչքա՞ն են կեղծելու: Խաթր-մաթր պետք է դուրս գա պետականության գիտակցության մակարդակից, սա ազգի քաղաքական մշակույթի ցածր վիճակի արդյունք է, նաեւ էլիտա կոչվածի չկայանալու արդյունքը: Բայց մենք հո հավերժ ճորտ չե՞նք լինելու` աչքներս անընդհատ գցած սրա-նրա դռանը:
- Երկխոսության մասին ի՞նչ եք մտածում:
- Ինձ դուր է գալիս, որ իշխանությունն ու կոնգրեսը գնացել են երկխոսության: Բա ի՞նչ լիներ, երկիրը կործանեի՞ն: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, որ գործարք է: Ցանկացած հանդիպում էլ գործարք է, պիտի քննարկում լինի, շահերի փոխտեղում: Այնպես որ, միանշանակ պաշտպանում եմ. պիտի նստել, խոսել, եւ ամեն մեկն իր անձնական ամբիցիան պետք է կողքի դնի: Կարծում եմ` նորմալ գործընթաց է, աղետով կվերջանա, եթե այս երկուսը մնան, որովհետեւ սրանք նույն աժեքային համակարգը կրող մարդիկ են, երկրի վերակառուցման նույն ծրագիրն ունեն, մոտեցումները նույնն են տնտեսության վերաբերյալ, եւ վատթարագույնը` առաջինը, որ խոսում են, հենց փոխզիջումից են խոսում, սրանք Ղարաբաղ հանձնողներն են:
- Այսինքն` Արցախի հարցում սխա՞լ քաղաքականություն է տարվում:
- Ջախջախվածը հոխորտում է, հաղթողը չի կարողանում բերանը բացել: Ագրեսոր լինելը վատ բան չէ, մի քիչ չէ, պետք է շատ ագրեսոր լինել: Թե չէ, բանակն առաջ է գնում, ինքը պարտությունից է խոսում:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ