Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի ամիս առաջ հերթական անգամ փակվեց Երևան քաղաքի փոքրաթիվ գրախանութներից մեկը` հրապարակի վրա գտնվող «Նոյյան տապան» գրախանութի հարևանությամբ գործող «Անի» գրատունը: Մեզ հասած նախնական տեղեկությունների ու շշուկների համաձայն` դեռևս անհայտ էր խանութի հետագա ճակատագիրը, սակայն գրեթե պարզ էր, որ գրքերն ու գրականությունը խանութի տարածքից անվերադարձ վռնդվել են:
Որոշ ժամանակ անց «Անի» գրատան տարածքում սկսվեցին բուռն շինարարական աշխատանքները: Ներսի տարածքը քանդուքարափ անելու ու լիովին ձևափոխելու արդյունքում խանութն ավելի ու ավելի է ընդարձակվել: Իսկ այսպիսի ընդարձակություն Երևանում որևէ մեկը դժվար թե հատկացնի գրքին ու գրականությանը: Շատերի կարծիքով` գրախանութային անփողաբեր բիզնեսն այսօր ձեռնտու չէ ոչ մեկի, և չես էլ մեղադրի նրանց, ովքեր հրաժեշտ են տալիս իրենց չստացված, «տակ տված» սեփական բիզնեսին: Ինչը պահանջարկ չունի, իհարկե, ենթակա է կոռոզիայի: Մյուսներն ասում են, թե գրախանութները լավ չեն կազմակերպում իրենց գործունեությունը` համակարգված չեն աշխատում, և հենց դրա պատճառով էլ, ի վերջո, դատապարտված են փակվելու: Իսկ իրականում, եթե գիրք կարդալու խելագար ցանկությունից շատերը վառվեին (ինչը հիմա ծիծաղելի է թվում, ու ոչ ոքին չես կարող մեղադրել` լավ են անում, ինչո՞ւ կարդալ), գուցե Երևանում սնկի պես գրախանութներն աճեին, ոչ թե փակվեին:
Մինչ այսօր «Անի» գրատան տարածքում շարունակվում են կատաղի շինարարական աշխատանքները: Ցեմենտ-բետոնային միստիկ աուրայի մեջ փորձեցինք պարզել` արդյո՞ք այս ջանքերը գրքերի համար են թափվում: Բանվորները ձայն չհանեցին ու շարունակեցին աշխատել: Բրիգադիրը մոտենալով ասաց, որ ինքը ընդհանրապես տեղյակ չէ, թե նախկին գրախանութի տարածքն ապագայում ինչին է ծառայելու, իրենք ուղղակի աշխատում են, որ աշխատեն: Նա ասաց, որ տարածքը պատկանում է իր սեփականատիրոջը` Հայկ Բեգլարյանին, և և ինքը չգիտի, թե Հայկ Բեգլարյանն ինչ է պատրաստվում անել նորոգված խանութի տարածքի հետ:
Հայկ Բեգլարյանը Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի որդին է, և «Անի» գրատան տարածքն ու տարածքի հետագա ճակատագիրը պատկանում են նրա մտահղացումներին:
«Նոյյան տապան» գրախանութի բաժնի վարիչներից մեկն ասում է, որ ի սկզբանե էլ լուրեր են պտտվել, թե «Անի» գրատունն այլևս չի գործելու որպես գրախանութ:
Նորոգման աշխատանքներին նայելով` իհարկե համոզված ես, որ տարածքն ապագայում ծառայելու է կա'մ ուտել-խմելու, կա'մ հագնել-կապելուն, կա'մ օֆիս-մոֆիսներին. բոլորն էլ գրքի բիզնեսին ոչ մի առումով չեն զիջում, իսկ ավելի ստույգ, մեր տեղեկություններով, «Անի» գրատան տարածքը կոնյակ խմելու և սիգար ծխելու հերթական բրյուգերական օբյեկտն է դառնալու, որտեղ իշխաններն ու օլիգարխները օրվա մեջ հնարավորություն կունենան կում-կում անել կոնյակ ու փստացնել սիգար` խորհելով հերթական դեգեներատության, փող լվանալու եւ ամեն գնով պառլամենտ մտնելու մասին:
Արամ Պաչյան