Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանական պատվիրակության պատճառով Բաթումի քաղաքում անցկացվող Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը տապալվել է: Պատճառը եղել է ադրբեջանցիների բարձրացրած հիստերիան` հայկական պատվիրակության անդամների շապիկների պատճառով:
Հայկական թիմերի ներկայացուցիչները, ինչպես անցյալ տարվա նոյեմբերին, այնպես էլ այս անգամ հանդես են եկել հովանավոր «Արցախ ալկո»-ի լոգոտիպը կրող շապիկներով, ինչն ադրբեջանական կողմի համար սադրանքների պատճառ է դարձել:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գիտակների հայկական ասոցացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը պատմեց, որ ադրբեջանական պատվիրակությունը շապիկները հանելու պարտադրանքով դիմել է առաջնության հանձնաժողովին, որը, սակայն, թույլատրել է հայերին խաղալ այդ շապիկներով:
Այս ձախողումից հետո ադրբեջանցի մասնակիցները խաղի վերջին փուլի ընթացքում հագել են ադրբեջանական շապիկներ`"эриванское ханство, Азербайджан, since 1604" լոգոտիպերով, որից հետո հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից. «Մենք գնացել էինք խաղալու համար, ոչ թե ադրբեջանցիների նման ինչ-որ կոմպլեքսներ ու պրոբլեմներ ցուցադրելու»,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Մասնակիցներից Լևոն Նիկողոսյանը նշեց, որ իրենք առանց որեւէ ենթատեքստի ներկայացրել են իրենց հովանավորին, ինչը հաստատել են առաջնության կազմակերպիչները: Բացի այդ` անցյալ տարվա նոյեմբերին այդ շապիկներով հանդես են եկել Իսրայելու, սակայն դա որևէ բողոքի առիթ չի տվել. «Մենք դրանք ինքնագլուխ չենք հագել, իսկ ադրբեջանցիների քայլերը նախօրոք մտածված են եղել: Այն, ինչ արվեց մեր կողմից` ճիշտ լուծում էր»,-մեկնաբանեց Լ. Նիկողոսյանը:
Գիտակների Հայկական Ասոցիացիայի մեկ այլ անդամ` Արայիկ Ավետիսյանը նշեց, որ վրացական կողմն աշխատել է չմիջամտել. «Կազմակերպիչները չէին փորձում լուծել խնդիրը. նրանք փորձում էին հարաբերությունները չփչացնել»,-ավելացրեց Ա. Ավետիսյանը:
Չնայած վերջին փուլի չեղյալ հայտարարվելուն` Տ. Քոչարյանը հավաստիացրեց, որ իրենց լավ են խաղացել. «Ադրբեջանական հասարակությունը հիվանդ է, իսկ ինտելեկտուալներն իրենց հաղթանակներն այնպես են հնչեցնում, կարծես մտել են Շուշի կամ Ստեփանակերտ»,-ասաց Տ. Քոչարյանը:
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների առիթով հայկական պատվիրակության կողմից բողոք է ուղարկվել Մոսկվայի էթիկայի հանձնաժողովին, որից պատասխան կստացվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Լուիզա Սուքիասյան