Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Վրաստանը մեզ համար դրացի, բարեկամ պետություն է, համենայն դեպս, այդ երկրի մասին այդպես են արտահայտվում Հայաստանի բարձրագույն իշխանությունները: Սակայն երկու երկրների և հասարակությունների միջև եղած, մեղմ ասած, թյուրըմբռնումներն արդեն չափից ավելի են: Դժվար էր բարեկամական համարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքի հանդիպումը: Գուցե անհրաժեշտ պատահականությա՞մբ դրան հաջորդած` Վրաստանում գործող հինգ կրոնական այլ ուղղություններին և Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումն հակահայ հիսթերիա առաջացրեց վրաց հոգևորականների, ընդհանրապես Վրաստանի հասարակության, քաղաքական շրջանակներում: Իսկ օրերս էլ Ջավախքում տերյանական օրերի ամենամյա միջոցառման ժամանակ եղած միջադեպը, սխալված չենք լինի ասել` հարուցեց հայ հասարակության զայրույթը: Հայ-վրացական հարաբերություններում առկա այս խնդրի մասին է զրույցը ՀՅԴ Բյուրոյի` Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԻ հետ:
- Մի՞թե հարևան և բարեկամ համարվող երկիրն այսպես վարվելու իրավունք ունի:
- Վրաստան-Հայաստան հարաբերությունները, կարելի է ասել, որ իսկապես սերտանում են հատկապես Վրաստան-Ռուսաստան պատերազմից հետո: Պատերազմի օրերին եղել էր, մեղմ ասած, անհասկացողություն: Բայց դրանից հետո երկու պետությունների նախագահների մակարդակով հարաբերություններն իրոք սերտացել են: Բայց… և մեծ բայց: Դա փաստորեն արվում է ինչ-որ չափով ընդհանրապես վիրահայության, բայց հատկապես Ջավախքի հայության իրավունքների հաշվին: Սա է խնդիրը: Ինչ վերաբերում է տերյանական օրերի իրադարձություններին, ես կարծում եմ` Վրաստանի իշխանությունները մեղավոր են այնքանով, որ իրենք ընդհանրապես տարածքում ստեղծել են ահ ու սարսափի մթնոլորտ: Մեղավորը Վրաստանի իշխանությունների կամակատար` ազգությամբ հայ պաշտոնյաներն են, ովքեր այդ միջոցառումը նախաձեռնել և ղեկավարել են: Եվ իրենք են, որ ի վերջո որոշել են ռուսերեն խոսել` հայերենի փոխարեն, իրենք են, որ Հայաստանի պատգամավորներին ձայն չեն տվել և այլն: Դա ավելի շուտ, կարծում եմ վերևներին հաճելի թվալու նրանց ստրկամտության արդյունքն է և ոչ թե ուղղակիորեն Վրաստանի իշխանությունների կողմից թելադրանք:
- Դուք ինքներդ ասում եք, որ Ջավախքում ստեղծված է վախի, սարսափի մթնոլորտ: Այդ մթնոլորտը ստեղծելու հետ ի՞նչ կապ կարող են ունենալ Վրաստանի իշխանությունների հանդեպ ստրկամիտ հայերը: Չէ՞ որ այդպիսի մթնոլորտ կարող են ստեղծել միայն վարչական ռեսուրս ունեցող իշխանությունները:
- Վախի ու սարսափի մթնոլորտը Վրաստանի իշխանությունները սկսեցին ստեղծել Վրաստան-Ռուսաստան պատերազմից անմիջապես առաջ: Դրանից հետո էլ տեղի ունեցան ձերբակալություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո պաշտոններից մարդկանց ազատում և այլն: Սրանք հիմնականում Վրաստանի իշխանությունների ստեղծած մթնոլորտ են: Սակայն, օրինակ, տերյանական օրերի իրադարձությունների առումով հիմք չունեմ ասելու, որ Վրաստանի իշխանությունները որոշել են, թե Հայաստանից գնացած ո՞ր պատգամավորին ձայն տան, և ո՞ր միջոցառումն անպայման պետք է ռուսերեն անցկացվի: Փաստն այն է, որ հայազգի պաշտոնյաները եղել են այդ միջոցառման պատասխանատուները և իրենք էլ տնօրինել են:
- Միջոցառմանը ներկա գտնված մեր պատգամավորների պատմելով, ակնառու էր, որ միջոցառման ողջ ընթացքում իրավիճակը վերահսկում էին Վրաստանի ազգային անվտանգության աշխատակիցները :
- Ջավախքում ազգային անվտանգության աշխատակիցների մի կարևոր մասը հայազգի են:
- Սակայն չենք կարող անտեսել նաև, որ վերջերս մեր պատգամավորներից Շիրակ Թորոսյանին են արգելել մուտք գործել Վրաստան, իսկ տերյանական օրերին էլ նույն կերպ են վարվել Հովհաննես Այվազյանի հետ:
- Դրա պատասխանատուներն իհարկե Վրաստանի իշխանություններն են: Բայց Հայաստանի արտգործնախարարության կողմից չի եղել Վրաստանին նոտայի փոխանցում առ այն, որ Հայաստանի ԱԺ պատգամավորին չեն թողնում հարևան երկիր մտնել, իր ծննդավայր գնալ: Դրանում էլ Հայաստանի իշխանությունները մեղքի բաժին ունեն: Միայն Վրաստանի իշխանություններին մեղադրելով չէ, որ հարց պետք է լուծվի. այն կուսակցության կողմից էլ, որի ցուցակով է Շիրակ Թորոսյանը մտել Ազգային ժողով, ես դժգոհություն չեմ լսել Վրաստանի իշխանությունների հասցեին: Թե ինչո՞ւ Շիրակ Թորոսյանին չեն թողնում, ինձ համար շատ հստակ չի, որովհետև Շիրակ Թորոսյանն իր պահվածքով չի ասում այն, ինչն իսկապես կարող է դժգոհեցնել Վրաստանի իշխանություններին: Օրինակ, նա չի ասում, որ Ջավախքին պետք է ինքնավարություն տալ: Ասելը, թե պետք է, որ հայոց լեզուն տարածաշրջանային լեզու հռչակվի, տակավին այնքան էլ չի անհանգստացնում Վրաստանի իշխանություններին: Բայց թե ինչո՞ւ չէին ուզում, որ Շիրակ Թորոսյանն այցելի իր ծննդավայր, իսկապես հարց է: Շիրակ Թորոսյանն այստեղ` Հայաստանում հանդես է գալիս որպես Ջավախքի իրավունքների պաշտպան, բայց ասում է ավելի պակաս, քան իրականում ջավախքցիների պահանջածն է: Սա մտածելու տեղիք է տալիս: Ջավախքում պահանջում են ինքնավարություն, իսկ Շիրակ Թորոսյանն անկախ Հայաստանում չի խոսում Ջավախքի ինքնավարության մասին:
- Ասացիք, որ Վրաստան-Հայաստան հարաբերությունների սերտացումը կատարվում է, ցավոք, վիրահայության, հատկապես ջավախքահայության իրավունքների հաշվին: Ի՞նչ կարող է անել այս հարցում Հայաստանը: Վերջ ի վերջո, գործ ունենք հարևան երկրի հետ: Նոտա հղելու միջոցով խնդիրը լուծելն էլ կարող է դիտվել իբրև հարևան երկրի ներքին գործերին միջամտություն:
- Երբ քո երկրի պատգամավորին չեն թողնում մտնի հարևան երկիր, դրա դեմ նոտայով բողոքելը բոլորովին էլ ներքին գործերին միջամտել չէ: Իմ ասածն այն է, որ Հայաստանի իշխանությունները Շիրակ Թորոսյանի հարցով չեն բողոքել Վրաստանի իշխանություններին: Դա բացթողում չէ, կարծում եմ`մի տեղ մեկը որոշել է, որ պետք է չբողոքեն: Պատահական իրադարձություն չէ պատգամավորին հարևան երկիր մտնելը չթողնելը: Այդ մասին նոտա չհղելը սխալ եմ համարում, բայց չգիտեմ` ինչու են այդպես վարվում: Դա էլ կարող է պայմանավորվածության մաս լինել, որ մի կողմից` Շիրակին հերոսացնեն, մյուս կողմից` Վրաստանին տուրք տան:
- Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է երկու պետությունների հարաբերությունների սերտացումը կատարվում վիրահայության և ջավախքահայության իրավունք ների հաշվին:
- Վրաստանի իշխանությունները գուցե սերտացման համար գին են պահանջում: Գինն էլ ներկա իրավիճակն է. ասում են` մենք Թիֆլիսում կփակենք հայկական դպրոցները, դուք ոչինչ էլ չեք խոսի: Այսօր ընդամենը մեկ հայկական դպրոց է մնացել Թիֆլիսում: Դա արվում է բոլորիս աչքի առաջ:
- Այդ դեպքում ի՞նչ սերտացման մասին կարող է խոսք լինել:
- Ես խոսում եմ Վրաստան-Հայաստան, ոչ թե հայ-վրացական հարաբերությունների սերտացման մասին: Հայաստան-Վրաստան պետությունները նախագահների մակարդակով սերտ հարաբերություններ ունեն: Փաստ է: Սակայն դա կատարվում է իրականում հայ-վրացական հարաբերությունների հաշվին: Սխալ է, որ դա է արվում: Պետք է հասկանան բոլորը, որ հատկապես Ջավախքի իրավունքներն անտեսելը կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ:
- Վերջ ի վերջո, Ջավախքի հայաթափումը արդյոք չի՞ սպառնում Հայաստան պետության ազգային անվտանգությանը:
- Անշուշտ: Ջավախքն այսօր միակ ոչ թուրք կամ քուրդ ժողովրդով բնակված մեզ սահմանակից շրջանն է: Մեր բոլոր սահմաններում կամ քրդեր, կամ թուրքեր են բնակվում, և թուրքական ազդեցությունը բավական մեծ է: Միակ տարածքը, որ այդպես չէ, Ջավախքն է: Իսկ Ջավախքի հայաթափումը, պարզ է, որ կսպառնա նաև Հայաստանի ազգային անվտանգությանը:
Արթուր Դոխոլյան
«Ավանգարդ»