Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սովորաբար գետնանցումները նախատեսված են մայթից մայթ անվտանգ անցնելու համար, սակայն գաղտնիք չէ, որ մեր համաքաղաքացիները կես մետր ազատ տարածություն գտնելու դեպքում էլ փորձում են իրենց բիզնեսը ծաղկեցնել: Իհարկե, բոլորը չէ, որ կարողանում են բիզնես դնել, թեկուզեւ` արեւածաղկի. այ, հենց նրանք էլ նախանձությունից վատություն են անում` միզահոտություն տարածելով բոլոր մութ տեղերում:
Համալիրի դիմաց գտնվող գետնանցումը ծառայում է մի շարք փոքր բիզնեսների համար. այստեղ կա նաեւ մոթել, որի պատերի անկյունները դրսի կողմից միշտ կեղտոտ են: Առհասարակ` գետնանցումի գրեթե բոլոր մուտքերի անկյունները «ցողված» են մեր համաքաղաքացիների մեզով, որից մնացած հետքերի պայմաններում էլ գործում է նաև գիշերային ակումբը:
Գետնանցումի աստիճանների քարե սալիկները պոկված են և տեղաշարժված, ինչը անցորդների համար կարող է վտանգավոր լինել, ավելի` քան խախտում անելով փողոցն անցնելը: Նշենք, որ գետնանցումում գործում է նաև մեկ բար, իսկ մուտքի պատին արված են գրաֆիտիներ:
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում գտնվող գետնանցումը հիշեցնում է ստորերկրյա գարշահոտության թագավորություն, որից նույնիսկ ցերեկային ժամերին շատ քիչ մարդիկ են օգտվում: Գետնանցումը նախատեսված է 4 հարակից փողոցները հատելու համար, իհարկե, դրանով անցնողների շնչուղիների ժամանակավոր խցանման պայմանով, սակայն 4 ելքի փոխարեն, ունի 3 ելքը. մի ելքը փակված է պատով, և անցորդները ստիպված են հատել վտանգավոր փողոցը:
Բացի այդ` մուտքերի երկաթյա դարպասների տակ հատակը քանդված է, որոշ պատերի քարե սալիկներ պոկված են և ընկած գետնին: Զգուշացե'ք, գետնանցումը չունի լուսավորություն:
Ուշագրավ է հանգամանքը, որ վերջերս սկսել են սեփականաշնորհել գետնանցումները. հիշեցնենք ամիսներ առաջ մեր անդրադարձը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնող գետնանցումում տեղի ունեցած դեպքին, երբ իրեն գետնանցումի «տեր» կոչողը մեր թղթակցին ստիպել էր ջնջել գետնանցումի առօրյան պատկերող լուսանկարները:
Կան գետնանցումներ էլ, որոնցից անցորդները չեն դժգոհում, օրինակ` բժշկական համալսարանի մոտ գտնվող գետնանցումը, որտեղ վաճառվում է ամեն ինչ` սկսած խաչապուրուց, վերջացրած կանացի ներքնազգեստով: Սակայն ուսանողներին ամենից շատ ուրախացնում է այն, որ այնտեղ վաճառվում են նաեւ գրենական պիտույքներ: «Երբ շտապ ինչ-որ բան է պետք գալիս, վազում ենք գետնանցում, ուր ամեն ինչ կա: Գնում ենք նաեւ այնտեղ վաճառվող արագ սնունդը, քանի որ հա'մ տարածքն է մոտ, հա'մ էլ` ավելի էժան է, քան` սուպերմարկետներում, իսկ ուսանողների համար 10-20 դրամն էլ նշանակություն ունի»,- ասաց բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Հարությունյանը:
Մոռացանք նշել, որ յուրաքանչյուր գետնանցում, բացի իր տիրոջից, ունի նաեւ իր մուրացկանները, եւ եթե քեզ համարձակ եւ արկածախնդիր մարդ ես համարում, գոնե 1 ժամով փորձիր գետնանցումներից ցանկացած մեկում փող մուրալ. տեղում մյուս մուրացիկները նախ տարածքի հարկը կուզեն, հետո` թույլտվություն, որ իրավունք ունես մուրալ հենց այդ տարածքում, այնուհետեւ կփորձեն ճշտել, թե այսօր արդյոք քո հերթն է անցորդներին դիվադադար անելու. եթե նշված պայմաններից որեւիցե մեկի փաստաթուղթը չեղավ` «մեռած ես, թաղած չես»:
Իսկ թե ով է հետեւում գետնանցումներում տիրող սանիտարահիգիենիկ պայմաններին, դժվար է ասել, բայց կրկնակի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են մարդիկ միզահոտի միալար ուղեկցությամբ ախորժակով խորոված կամ քյաբաբ ուտել` պատրաստված անհայտ պատկանելության մսից:
Մարդիկ դժգոհ չեն նաեւ Բարեկամության մետրոյի հարեւանությամբ գտնվող գետնանցունից: «Ինչ վատ է որ, գիտեք` ինչ էժան մայկաներ ենք ամառվա համար առնում ու, ամենակարեւորը, ֆիրմեննի»,- ասաց Գայանե Կիրակոսյանը, ով ամենայն լրջությամբ որպես ապացույց ցույց տվեց հենց նոր գնած 3500 դրամանոց BOSS ապրանքանիշի տղամարդու վերնաշապիկը: «Չե՞ս հավատում, հա: Առ, մատերիալը նայի, զգո՞ւմ ես` բամբակ ա»,- համոզում է տիկին Գայանեն:
Ս. Սարգիս եկեղեցի տանող գետնանցումների շարքն ամենաանմխիթար վիճակում եղածներից է, ուր չկա ո'չ լուսավորություն, ո'չ կրպակ. այն հանրային զուգարանի է վերածվել: Տարածքի բնակիչները բողոքում են, որ արդեն որերորդ ավտովթարն է տեղի ունենում այն պատճառով, որ մարդիկ չեն դիմանում եւ, խախտում անելով, փողոցն են հետիոտնի համար չնախատեսված վայրում: «Ինչ անենք, շան հոտ ա գալիս, իսկ ձմռանն ընդհանրապես այնտեղ մտնել չի լինում, այնքան մութ է լինում: Ոնց որ խոզանոց լինի: Որ ուշադիր նայես` կտեսնես, որ մարդիկ գրեթե վազելով են անցնում տարածքով: 17 տարեկան տղա թոռս էլ, փառք Աստծու, դեռ չէ, բայց որ այսպես շարունակվի` մի օր գլխներիս փորձանք է բերելու. երեխեն զզվում է մտնի գետնանցում ու միշտ փողոցով է անցնում»,- ասաց տեղի բնակիչ, 69-ամյա Սոնիկ Ղեւոնդյանը:
Գետնանցումները ստեղծված են հանրությանը ծառայելու համար, եւ հենց նույն այդ հանրությունը պահանջում է. «Բալե'ս, կգնաս ու քաղաքապետին կասես, որ գոնե մաքրեն ու լույս դնեն, մնացած հարցերը երեւի կամաց-կամաց կլուծվի»:
Դե, մենք էլ փոխացում ենք. պարո'ն քաղաքապետ, լուծեք գետնանցումների լուսավորության եւ սանիտարահիգիենիկ խնդիրները:
Կարինե Հարությունյան
Լուիզա Սուքիասյան